«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#127, 2006-07-08 | #128, 2006-07-11 | #129, 2006-07-12


ԴԱՐՊԱՍՆԵՐԸ ՄՆԱՑԻՆ ԱՆԱՌԻԿ

Երեկ տրվեց Եվրոգավաթների նոր խաղարկության մեկնարկը: Հայաստանից առաջինը մրցասպարեզ դուրս եկավ Երեւանի «Փյունիկը», որը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի անդրանիկ խաղում սեփական հարկի տակ հյուրընկալել էր Մոլդովայի չեմպիոն «Շերիֆին»: «Փյունիկը» շատ բուռն սկսեց հանդիպումը եւ առաջին 10 րոպեներին անընդհատ գրոհում էր մրցակցի դարպասը: Իրենց հերթին հյուրերն էլ ընդունեցին մարտահրավերը, որի արդյունքում մարզադաշտում ծավալվեց համառ ու անզիջում մրցապայքար: Ցավոք, շատ շուտ սպառվեց «Փյունիկի» ոգեւորությունը եւ պարզ դարձավ, որ նրանց չի հաջողվում ճեղքել մրցակցի հմտորեն կազմակերպած ամուր պաշտպանությունը: Հյուրերը հսկողության տակ էին վերցրել դաշտի կենտրոնը, հաճախակի դիմում էին մամլիչ գործողություններիՙ ազատ գործելու հնարավորությունից զրկելով փյունիկցիներին: Նման պայմաններում առաջին խաղակեսում «Փյունիկն» այդպես էլ չկարողացավ լրջորեն սպառնալ մրցակցի դարպասին: Բավական է նշել, որ խաղի առաջին կեսում միակ քիչ թե շատ վտանգավոր գրոհը փյունիկցիները կազմակերպեցին 40-րդ րոպեին: Նազարյան-Մկրտչյան-Ավետիսյան եռաքայլ կոմբինացիան ավարտվեց վերջինիս թույլ հարվածով, ինչը դարպասապահի համար բնավ էլ վտանգ չէր ներկայացնում:

Իսկ ահա «Շերիֆի» ֆուտբոլիստները հմտորեն պաշտպանվելով, նաեւ դիմում էին չափազանց սուր եւ վտանգավոր հակագրոհների: Նրանք առնվազն երեք անգամ մոտ էին հաջողությանը: Գոլային առաջին լուրջ պահը ստեղծվեց 25-րդ րոպեին փյունիկցիների անփույթ խաղի հետեւանքով: Անկյունայինի խաղարկումից հետո գնդակին տիրեցին հյուրերը, որոնք անմիջապես արագ հակագրոհ կազմակերպեցին, որի արդյունքում Պիրսան հարվածեց դարպասին: Կասպարովը գնդակը հանեց անկյունային, որի խաղարկումից հետո Էպուրիանուն գլխով փորձեց խոցել դարպասը, սակայն այս անգամ էլ Կասպարովը հրաշալի խաղաց: Քիչ անց, օգտվելով դաշտի տերերի պաշտպանների նոր սխալից, Կոռնեենկովը մեն-մենակ հայտնվեց դարպասի դիմաց, բայց բարձր հարվածեց: Երկու րոպե անց պատկերը կրկնվեց, սակայն այս անգամ էլ նպաստավոր դիրքից վրիպեց Ֆլորեսկուն: Փաստորեն այդ դրվագներում մարզական բախտը ժպտաց «Փյունիկին»:

Ցավոք, առաջին խաղակեսի ավարտին «Փյունիկի» ավագ Սարգիս Հովսեփյանը բախվելով խաղընկերոջը, քթի լուրջ վնասվածք ստացավ եւ նրան անմիջապես տեղափոխեցին հիվանդանոց: Ընդմիջումից հետո նրա դիրքում խաղում էր Ռոմիկ Խաչատրյանը, որին վերջին պահին հայտավորել էին «Փյունիկում»: Հարկ է նշել, որ երկրորդ խաղակեսում փյունիկցիները զգալիորեն ակտիվացրին հարձակողական գործողությունները եւ խաղային ու տարածքային զգալի առավելություն ունեին: Դրան նաաստեց նաեւ այն, որ մրցակիցը բավական հոգնել էր եւ նվազեցրել ակտիվությունը: Հաշիվը կարող էր բացվել 55-րդ րոպեին, երբ հարվածային դիրքում հայտնվեց Լեւոն Փաչաջյանը, սակայն նրան չհաջողվեց դիպուկ հարվածել: Հիշարժան է նաեւ 79-րդ րոպեին Արսեն Ավետիսյանի հեռահար հարվածը, որը դարպասապահը դժվարությամբ հանեց անկյունային: Իսկ գոլային ամենառեալ պահը «Փյունիկը» ստեղծեց ավելացված ժամանակի 2-րդ րոպեին, երբ պատ խաղարկելով Արսեն Ավետիսյանի հետ, Ռաֆայել Նազարյանը հայտնվեց չափազանց նպաստավոր դիրքում, սակայն փոխանակ գրավելու դարպասը, փոխանցում կատարեց խաղընկերոջը: Հյուրերն էլ մեկ-երկու վտանգավոր պահ ստեղծեցին դարպասին, բայց կրկին հաջող խաղաց Կասպարովը: Այսպիսով, թիմերի առաջին խաղում դարպասները մնացին անառիկ: Այնպես որ հաջորդ փուլի ուղեգրի հարցը կվճռվի հուլիսի 18-ին Տիրասպոլում կայանալիք պատասխան խաղում:

Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում երկու մարզիչների տեսակետները համընկան:

Լեոնիդ Կուչուկ («Շերիֆ»)-Առաջին խաղակեսում մեր թիմին հաջողվեց գոլային մի քանի պահեր ստեղծել, սակայն, ցավոք, դրանք չկարողացանք իրացնել: Երկրորդ խաղակեսում զգալ տվեց ֆուտբոլիստների հոգնածությունը, որի հետեւանքով մի փոքր հետ քաշվեցինքՙ մրցակցին հնարավորություն ընձեռելով գրոհներ կազմակերպել: Նման պայմաններում կարող էինք նույնիսկ պարտվել: Ընդհանրապես Չեմպիոնների լիգայի անդրանիկ հանդիպումը շատ ծանր ստացվեց, որի ելքը կարող էր վճռել միակ գոլը: Շնորհակալություն եմ հայտնում մրցակցինՙ ջերմ ընդունելության եւ կոռեկտ խաղի համար:

Սամվել Պետրոսյան («Փյունիկ»)-Համամիտ եմ գործընկերոջս հետ: Մամուլի ասուլիսի ներկայանալիս ճանապարհին նույն կարծիքը հայտնեցի: Առաջին խաղակեսում մեր խաղն այնքան էլ չստացվեց, մրցակիցը կարողացավ գոլային մի քանի պահեր ստեղծել: Երկրորդ խաղակեսում ուժերի որոշակի վերադասավորումից հետո «Փյունիկի» խաղը կարգավորվեց եւ կարողացանք մրցակցին դժվարին խնդիրներ առաջադրել: Ցավոք, առավելությունը չկարողացանք վերածել գոլի: Կձգտենք պատվով խաղալ Տիրասպոլում: Ցավոք, Սարգիս Հովսեփյանի վնասվածքը լուրջ է, նա կոտրել է քիթը եւ առայժմ դժվար է ասելՙ հանդես կգա՞ պատասխան խաղում, թե՞ ոչ: Ռոբերտ Արզումանյանի մասնակցության հարցն էլ դեռեւս պարզ չէ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4