«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#128, 2006-07-11 | #129, 2006-07-12 | #130, 2006-07-13


Ո՞ՐՆ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵՂՔԸ, ՄԵՆՔ ԵՎ ՌՈՒՍՆԵՐԸ ԿԻՍԵԼՈՒ ԲԱՆ ՉՈՒՆԵՆՔ ՀԱՄՈԶՎԱԾ Է ՄԻԽԱՅԻԼ ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ

Ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի հսկիչ անցագրային կետը փակելը հաճախակի երեւույթ է, որը որոշակի խնդիրներ է առաջացնում Հայաստանի համար: Լարսի փակման հերթական ու դեռեւս ընթացիկ փաստը արժանացավ ՀՀ իշխանավորների արձագանքին, բնականաբար դժգոհության շեշտով եւ այս անգամ հստակ ձեւակերպումներով: ՀՀ վարչապետը հենց Վրաստանում անդրադարձավ խնդրին:

«Ռուսական կողմը պետք է հասկանա, որ Վրաստանի դեմ ուղղված քայլերը վնասում են Հայաստանին եւ անհրաժեշտ է, որ դրսեւորի հնարավոր ճկունություն», կարճ ձեւակերպեց ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը:

Արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ վրացական կողմը թույլատրել է սահմանում կուտակված հայկական բեռնատարների անցումը Ռոքի թունելով, բայց դա չի կրկնվի եւ ընդամենը իրավիճակային լուծում է, իսկ լուծումներ գտնելու ուղղությամբ հայկական կողմը ակտիվորեն աշխատում է:

Լուծումներ փնտրելու զարգացումները ընդգրկեցին վրացական եւ ռուսական կողմերը: Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին սահմանի փակման առնչությամբ երեկ ուղղակի հայտարարեց. «Դա հատկապես վատ է Հայաստանի համար: Չեմ հասկանում ո՞րն է Հայաստանի մեղքը: Չէ՞ որ հիմնականում հայկական բեռներն են տարվում եւ ՀՀ քաղաքացիներն են օգտվում, իսկ Վրաստանի բեռներն առանց այդ էլ այնտեղ չէին թողնում»: Հավելումն էլ այն է, որ Լարսի փակ լինելն ամենեւին չի վնասում Վրաստանի տնտեսությանը, քանի որ արտահանումն այդ ուղղությունից չի իրականացվում. «Ինձ ամենեւին հաճելի չէ սահմանի փակումը, ամենեւին հաճելի չէ, որ թույլ չեն տալիս գինի արտահանել, պետք է որ ռուսների համար էլ ամենեւին հաճելի չլինի, որ չեն կարող «Բորժոմի» խմել: Դժվար չէ խոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Դա միշտ իրավահավասար, անմիջական եւ թեթեւ զրույց է լինում ինձ համար: Կարծում եմ նա իր երկրի շահերը պաշտպանելու մեծապես ընդունակ մարդ է: Կխոսեմ նրա հետ»:

Վրաստանի նախագահը նաեւ ընդգծել է, որ հակավրացական տրամադրությունը ռուսական հասարակությունում ժամանակավոր է. «Մենք եւ ռուսները կիսելու ոչինչ չունենք»: Եղած անհարթություններն էլ, ըստ Սաակաշվիլու, իրենից ու Պուտինից առաջ են ստեղծվել եւ եթե երկիրը միջազգային աջակցության ներկայիս չափն ունենար, ապա կխուսափեր Աբխազիայի իրողություններից եւ այժմ էլ խնդիր ունի համանման երկրորդ ողբերգությունը թույլ չտալու:

Ն.Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4