Արդեն երրորդ տարին անընդմեջ «Մաստեր» միջազգային ինտեգրացման աջակցության կենտրոնը արտասահմանյան 200-ից ավելի կազմակերպությունների է ներկայացնում «National export register- Armenia» ամենամյա կատալոգը: Անգլիալեզու ամսագիրը բաժանորդներ ունի 50 երկրներում եւ հիմնականում տարածվում է արտասահմանում: «Կատալոգի, ինչպես նաեւ մեր կենտրոնի ողջ գործունեության նպատակն է աջակցել հայրենական արտադրությանը` ներկայանալու արտասահմանյան շուկաներում եւ այսպիսով նպաստել արտահանման շուկայի զարգացմանը: Մենք ներկայացնում ենք Հայաստանում արտադրվող ապրանքատեսականին, մատուցվող ծառայությունները», ասում է կենտրոնի տնօրեն Նորայր Նազինյանը: Կատալոգին եւ այն հրատարակող «Մաստեր» կենտրոնին աջակցում են արտգործնախարարությունն ու արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունները, Արդյունաբերողների եւ գործարարների միությունը, որոնք տարատեսակ ֆորումների ընթացքում տարածում են կատալոգի օրինակներ: Երկու համարի լույսընծայման արդյունքում «National export register- Armenia»-ի էջերում հայաստանյան մոտ 400 կազմակերպություններից հայտնվել են շատերը: Նրանց թիվը 34-ից հասել է 150-ի: Ընդ որում, պատվիրատուների մոտ 20 տոկոսը կրկնել է իր պատվերը անցյալ տարի, իսկ այս տարի` 50 տոկոսը:
Առաջիկա «National export register- Armenia-2006-2007»-ը լույս կտեսնի ընթացիկ տարվա սեպտեմբերին` ավելի շուտ, քան նախորդ համարները: Սա հանդեսին հնարավորություն կտա հայտնվելու «Հայաստան-սփյուռք» համաժողովի մասնակիցների փաթեթներում եւ ուշադրության կենտրոնում:
Այնուամենայնիվ, Հայաստանի արտահանման շուկան նախանձելի վիճակում չէ: Նույնն են ապացուցում պետական վիճակագրության տվյալները, ըստ որոնց, ընթացիկ տարվա առաջին 4 ամիսների վիճակագրությամբ 8,60 տոկոսով ընկել են արտահանման ծավալները: «Ինչո՞ւ» հարցը շատ տարողունակ է, ինչպես ինքնին արտահանման խնդիրները:
Հայաստանի ներքին սպառման շուկան լուրջ արտադրողի համար շատ փոքր է, այն կարելի է գրավել մեկ-երկու տարում եւ ժամանակակից արտադրողի աճն ու զարգացումը պահպանելու համար անցնել արտասահմանյան շուկաներ: Սակայն. «Տեղական արտադրողների հետ մեր աշխատանքներում մենք բախվում ենք տարօրինակ մոտեցումների, ասում է «Մաստեր» կենտրոնի տնօրեն Նորայր Նազինյանը: Մասնավորապես արտադրողների 80 տոկոսը մերժում է իր արտադրության միջազգային գովազդի հնարավորությունը հետեւյալ մեկնաբանությամբ` իմ արտադրության ներկա ծավալն ինձ բավարարում է: Իմ կարծիքով, հոգեբանորեն անպատրաստ մարդու մենթալիտետային վիճակ է սա: Ցավալի է, բայց փաստ, որ գործարարը կարող է արտադրել ուղղակի հիանալի, մրցունակ արտադրանք, ընդ որում, ոչ միայն ավանդական մեր կոնյակն ու քարը, այլեւ տրիկոտաժ, նույնիսկ կաթսայատների արտադրություն, սննդամթերք եւ այլն, սակայն դեմ է իր իսկ բիզնեսի զարգացմանն ու նոր շուկաներ նվաճելուն», ասում է Ն. Նազինյանը: Հետաքրքրական է, որ արտադրողների նման պասսիվ մոտեցումը եւ արտասահմանյան շուկայում իր տեղը զբաղեցնելու հնարավորության մերժումը ոչ հեռու անցյալի շրջափակման թեմաներով հիշողությունների արդյունք է: «Նման մոտեցում ունեցողները առավել հոգեբանական, այլ ոչ կոնկրետ ճանապարհատրանսպորտային շրջափակման մեջ են, որն այլեւս լուրջ խոչընդոտ չէ», ասում է Ն. Նազինյանը:
«Մեզ մոտ մի խնդիր էլ կա, որ խոչընդոտում է արտահանման ծավալների մեծացմանը: Դա երկար փողերի չկայացած համակարգն է, որի բացակայությունը տնտեսության մեջ կարելի է համեմատել օրգանիզմում արյան անբավարարության հետ», ասում է զրուցակիցս:
Այսպես թե այնպես, հայրենական արտադրության արտահանումը պետք է Հայաստանին, որպես ժամանակին համընթաց քայլող երկրի զարգացման կարեւոր հանգամանք: Մինչդեռ մեր գործարարների մեծ մասը սովոր չէ գումարներ տրամադրել մարկետինգի համար: «Մեր գովազդային գործակալները հաճախ ներկայացնելով իրենց բիզնես առաջարկները արտադրական կազմակերպություններում, հաճախ են լսում 21-րդ դարի համար խիստ տարօրինակ հարց` մարկետինգն ի՞նչ է, որ բաժին էլ ունենանք»:
Ն. Նազինյանը խոսում է նաեւ «գրանտային հաշիշամոլության» մասին: «Ցավոք, հայաստանյան տնտեսությունը նստած է դոնորային ասեղի վրա: Գրանտակերությունը մոլի սովորություն է, որ ցանեցին մեր երկրում` սովորեցնելով չվճարել, բայց ստանալ այս կամ այն ծառայությունը, ասում է Ն. Նազինյանը: Սա խանգարում է մարկետինգային համակարգի ձեւավորմանը, քանի որ գործարարների մեծ մասը տեղեկատվության տարածմանը` գովազդին երբեք եկամուտից բաժին չի հանում, դրա համար տրամադրելով «կպցրած» գրանտների գումարը: Մինչդեռ ողջ աշխարհում է ընդունված` վճարիր եւ ստացիր ծառայությունը, այդ թվում եւ գովազդը, որ մի քայլ առաջ է մղելու քեզ գործարար աշխարհում:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ