Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղը ՀՀ կառավարությունը 1997 թ.-ին ճանաչել է աղետի գոտի: Սողանքներից փլված տների դիմաց գյուղի բնակիչներին փոխհատուցում է տրվել երկու փուլով, պայմանով, որ նրանք հեռանային վթարային տներից: 1998 թ. կառավարությունը գումար է հատկացրել 90 տնտեսության, 2004 թ.-ին` 27 տնտեսության: Այսպիսով, Ողջաբերդ գյուղի 404 ընտանիքներից առայժմ փոխհատուցում են ստացել 117-ը:
Տրված փոխահատուցումով նրանք բնակարաններ են գնել, ուր տեղափոխվել են երեխաները, իսկ գյուղում հիմնականում ապրում են տարեցները, որոնք չեն լքում իրենց հողն ու տնակը: Մեր հարցին, թե ինչո՞ւ չեն հեռանում գյուղից, պատասխանում են. «Գյուղում բերքատու ծառեր ունենք, հող, անասուն, որոնցով ապրում ենք, ի՞նչ պետք է անենք մենք քաղաքում»: Մեկ տարի առաջ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը որոշում է ընդունել փոխհատուցում ստացած բնակիչներին տարհանել գյուղից, սակայն որոշումը իրագործել չի հաջողվել:
Ինչո՞ւ մյուսներին փոխհատուցում չի տրվելՙ մեր հարցին Ողջաբերդի համայնքապետարանում պատասխանեցին, որ սեյսմիկ կայանը ստուգում է մարդկանց տների վթարայնության աստիճանը եւ ըստ այդմ են գումարը հատկացնում:
Գյուղը ժամանակին ունեցել է ակումբ, մանկապարտեզ, բուժկայան, որոնք հիմնովին ավերվել են: Դպրոցն ու բուժկայանը տեղափոխել են շարժական տնակների մեջ, Ողջաբերդի միջնակարգ դպրոցում նախկինում սովորել է 270 աշակերտ, այժմ մնացել է 170-ը: Համայնքապետարանը կիսավեր մի փոքր շինություն է, որտեղ աշխատում են գյուղի համայնքապետը եւ 4 աշխատակիցներ, այստեղ մի փոքր սենյակ էլ հատկացվել է գրադարանին:
Մինչեւ ե՞րբ պետք է ապրեն գյուղումՙ մեր հարցին 60-ամյա Ազատուհի Միքայելյանը պատասխանում է. «Մինչեւ մահ ու գերեզման. ապրել ենք ու կապրենք այստեղ»: Ահա այս պայմաններում են ապրում մարդիկ այս փոքրիկ, ավերված գյուղում, վախը սրտում, որ մի օր կմնան փլատակների տակ:
ԱՆԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, Հյուսիսային համալսարանի 4-րդ կուրսի ուսանող