Ֆրանսիացիները մեկնարկում են
«Վեոլիա-Ժեներալ դեզ Օ» ֆրանսիական կազմակերպության ներկայացուցիչ, «Երեւան-ջուր» ընկերության տնօրեն Սերժ Պոպոֆֆը երեկ հրապարակավ ներկայացավ իր լրագրող սպառողներին, բնականաբար, նույնպես շահագրգիռ այն բոլոր խնդիրների հանդեպ, որ ֆրանսիացիները խոստանում են իրականացնել Հայաստանում: Իտալացիների առաքելությունը, Արաբկիրի ջրի թունավորման դեպքը չհաշված, Երեւանում անցավ առանց արկածների: Էստաֆետը ֆրանսիացիներինն է, որոնց նորամուտը նշանավորվեց սակագնի թանկացումով: Բայց ֆրանսիացիները թանկացնում են` հետո էժանացնելու խոստումով: Հիմնական սակագինը սահմանված է տասը տարվա համար 144 դրամ 1 մ/խ-ի համար` առաջին տարում, մինչեւ 75 դրամ` 10-րդ տարում (առանց ավելացված արժեքի հարկի): Հետո տարեկան սակագինը կփոփոխվի` ելնելով գնաճի եւ տարադրամի փոխարժեքի ցուցանիշից, նաեւ էլեկտրաէներգիայի ծախսից եւ օրենսդրության փոփոխությունից:
Համաշխարհային բանկի վարկը` 18,75 դոլար, ներառված չէ «Երեւան ջուր» ՓԲԸ սակագնում: Բայց պայմանագրային պարտավորությամբ «Երեւան ջուրը» սակագնից 8,9 մլրդ կհատկացնի ջրահեռացման ու ջրամատակարարման ծառայությունների ենթակառուցվածքների վերանորոգման համար, 3,7 մլրդ` սարքավորումների ձեռք բերման համար: Ողջ ընթացքում Հայաստանի կազմակերպությունը պետությանը կվճարի 4 մլրդ դրամ վարձավճար:
Տարբեր տեսակետների համաձայն Երեւանում ջրի հոսակորուստները կազմում են 80 տոկոս: Մեր ջրահեռացման ու ջրամատակարարման համակարգի աքիլլեսյան գարշապարը հնամաշ խողովակներն են, որոնց մեկ կիլոմետրում առկա են 30 տոկոսից ավելի կորուստներ: Այս ողջ համակարգը նորացնելու համար հարյուր միլիոնավոր դոլարներ են պետք, որ բնականաբար, մեր նոր կառավարողները չեն պատրաստվում իրականացնել: Հոսակորուստների կրճատման մյուս ճանապարհը ապօրինի ջրօգտագործումներն են հատկապես ամռանը: Սերժ Պոպոֆֆը, «Ազգի» հարցադրմանն ի պատասխան, թե ինչ մեթոդներով են պատրաստվում պայքարել այս երեւույթի դեմ, միայն ասաց, որ իրենք խիստ հետեւողական են լինելու ապօրինի ջրօգտագործողների դեմ. «Ուժեղ կամք է անհրաժեշտ խնդիրը լուծելու համար եւ մարդկային ու տեխնիկական մեծ ռեսուրսներ»: Պայմանագիրը վճռական լինելու իրավունք տալիս է իրենց: Եվրոպական նրբավարությամբ նա դիվանագիտորեն խուսափեց կոնկրետ պատասխաններից, բավարարվելով միայն ընդհանուր ճշմարտություններով: Համենայն դեպս, Պոպոֆֆը հիացած է հայկական ջրի որակով, եւ խոստացավ, որ ամեն ինչ անելու են այդ որակը վերահսկելու եւ պահպանելու համար:
Օգոստոսի 1-ին ծրագրի իրականացման գրասենյակին կներկայացվի նախագիծ այսպես ասած լոգերների (ջրի ճնշման կարգավորիչներ) տեղադրման վերաբերյալ: Երեւանում նվազագույնը 60 լոգերներ կտեղադրվեն, չափումներ կկատարվեն ողջ տարվա ընթացքում, եւ այսպիսով իրենք կբացահայտեն ընդհանուր իրավիճակը մայրաքաղաքի տարբեր հատվածներում: Ինքը` Սերժ Պոպոֆֆն ապրում է մի թաղամասում, ուր օրվա մեջ ընդամենը 5 ժամ է ջուր ստանում: Ջրի անխափան մատակարարման շարունակականությունն ապահովելու համար ֆրանսիացիները նախատեսում են փոխել նաեւ բակային պոմպերի 80 տոկոսը, որոնք չեն համապատասխանում ժամանակակից պահանջներին: Այսօր սրանք ժամում 2-5 խ/մ ջրի փոխարեն ժամում ապահովում են 10 խ/մ ջուր 1 ժամում:
Նրա տեղեկատվությամբ Երեւանի բնակչության 60 տոկոսն է շուրջօրյա ջրամատակարարում ստանում: Մինչեւ ֆրանսիացիների հայտնվելը այդ նույն ցուցանիշը մեր կառավարությունը ներկայացրել էր 75 տոկոսի սահմաններում, 6 ամիսների ընթացքում ջրամատակարարման վիճակը փոխվե՞ց: Լրագրողի տարակուսանքին ի պատասխան նա ասաց, որ 60 տոկոսը վերաբերում է ամառային ամիսներին, երբ ջրի մատակարարումը տարբեր փորձությունների է ենթարկվում: Իրենք 95 տոկոսանոց շուրջօրյա ջրամատակարարում կապահովեն իրենց գործունեության վերջին` տասներորդ տարում:
Հայտնի է, որ «Երեւան ջուր» կազմակերպությունում աշխատողների մի մեծ զանգված նոր օպերատորի հայտնության հետ կորցրել է ոտքի տակի հողը: Կադրային ինչպիսի՞ քաղաքականություն է պատրաստվում իրականացնել նոր տնօրենը: Մեր այս հաջորդ հարցադրմանն ի պատասխան Սերժ Պոպոֆֆը խոստովանեց, որ իրոք, իրենք շատ գործ ունեն անելու հատկապես այս բնագավառում: Բայց կադրային ջարդեր հավանաբար այնքան էլ չեն լինի, քանի որ տնօրենը նախատեսում է նաեւ ոչ պրոֆեսիոնալ հայ գործընկերների մասնագիտական վերապատրաստումներ:
Ֆրանսիացիները մեկնարկում են. եւս տասը տարվա եվրոպական փորձություն ջրային համակարգի համար:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ