Թեեւ Հայաստանի կիոկուշին-կուն կարատե դոյի ֆեդերացիան ընդամենը մեկ տարվա կենսագրություն ունի, սակայն այդ կարճ ժամանակահատվածում որոշակի հաջողություններ են արձանագրվել: Այդ մասին երեկ կազմակերպված մամուլի ասուլիսում տեղեկացրին ֆեդերացիայի պատվավոր նախագահ, ծանրամարտից միջազգային կարգի վարպետ Աշոտ Կոշկակարյանն ու ֆեդերացիայի նախագահ, սեւ գոտի 2-րդ դան Անդրանիկ Հակոբյանը:
Մարտարվեստի այս ոճը հիմնադրվել է 1950-ական թվականներին: Այսօր դրանով զբաղվում է 15 մլն մարդ աշխարհի 140 երկրներում: 1975 թ. անց են կացվում աշխարհի առաջնություններ:
Վրաստանում ծնված Անդրանիկ Հակոբյանն արդեն 4 տարի Հայաստանում է, մարտարվեստի գաղտնիքները յուրացրել ու կատարելագործել է ճապոնացի վարպետների մոտ: Հունիսի 22-27-ը Սիմֆերոպոլում անցկացված համաշխարհային հավաք-սեմինարում Անդրանիկ Հակոբյանը հիանալի քննություն բռնեցՙ անընդմեջ մենամարտելով 20 անվանի վարպետների հետ (յուրաքանչյուրըՙ 1 րոպե): Նրան շնորհվեց սեւ գոտի 2-րդ դան: Աշոտ Կոշկակարյանն իր երախտագիտությունը հայտնեց Հայաստանի երիտասարդական կուսակցությանը, Հարություն Փամբուկյանին ֆեդերացիային ֆինանսապես օգնելու եւ մեր հանրապետության չորս հոգանոց պատվիրակության մեկնումը Սիմֆերոպոլ ապահովելու համար:
Այսօր Հայաստանում այս մարտաոճով պարապողների թիվն անցնում է 1000-ից: Վերջերս մասնակցելով միջազգային խոշոր մրցաշարի, մեր կարատեիստները խոշոր հաջողության հասան. բոլոր 10 մարզիկներն էլ արժանացան մեդալների: Այս տարվա ամենալուրջ քննությունը սպասում է հոկտեմբերի 28-29-ին Կիեւում կայանալիք Եվրոպայի առաջնությունում: Ֆեդերացիայի նախագահը նշեց, որ այդ մրցումներում մեդալների ակնկալիքներ ունեն: Եվ մինչ Եվրոպայի առաջնությունը, սեպտեմբերի վերջին Երեւանում անցկացվելու է Հայաստանի բաց առաջնությունը, որին մասնակցելու ցանկություն են հայտնել Իրանի, Ուկրաինայի, Ռուսաստանի եւ մի քանի այլ երկրների մարզիկներ: Առաջնությանը ներկա է գտնվելու մարզաձեւի եվրոպական ֆեդերացիայի նախագահը: Աշոտ Կոշկակարյանը նշեց, որ պետք է ամեն ինչ արվի այդ մրցաշարը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար: Դրա համար որոշել են դիմել ինչպես գործարարների, այնպես էլ առանձին կազմակերպությունների: Նաեւ տեղեկացվեց, որ պատրաստվում են դիմել ՀՀ նախագահինՙ օժանդակելու, որ ֆեդերացիան պետական հոգածության մարզաձեւ դառնա: Որպես օրինակ նշվեց, որ մի շարք երկրներում պետական բարձրաստիճան այրերն այդ մարզաձեւի պատվավոր նախագահներն են, ինչպես Ռուսաստանում երկրի նախագահ Վլադիմիր Պուտինն է, որին վերջերս սեւ գոտի 5-րդ դան են հանձնել:
Ֆեդերացիայի ղեկավարներն իրենց մտահոգությունը հայտնեցին Հայաստանում սնկի պես աճող կարատեի տարբեր ֆեդերացիաների, նրանց ղեկավարներից ոմանց մասնագիտական գիտելիքների եւ գործելաոճի առնչությամբ: Նրանք խորհուրդ տվեցին ծնողներին մինչ երեխային խմբակ ընդունելը հետաքրքրվել մարզչի որակավորման, նման աշխատանքով զբաղվելու իրավունք ունենալու մասին, որպեսզի հետագայում բարդություններ չծագեն: Ըստ նրանց, Հայաստանում մի քանի ֆեդերացիաներում է, որ իրոք բանիմաց ու պրոֆեսիոնալ գործունեություն է իրականացվում: