«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#129, 2006-07-12 | #130, 2006-07-13 | #131, 2006-07-14


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԿԱՆ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Երեկ «Ի պաշտպանություն ԼՂՀ-ի» կազմկոմիտեն հրապարակել է մի հայտարարություն, ուր մասնավորապես նշվում է. «Ինչպես Մինսկի խմբի հուլիսի 3-ի հայտարարությունը, այնպես էլ ներկայացված առաջարկները բացահայտում են հիմնահարցի քաղաքականացման միտումը եւ պատմության, միջազգային իրավունքի ու տարածաշրջանային իրողությունների անթաքույց արհամարհումը: Անտեսվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմավորման օրինականությունը եւ Բաքվի տարածքային զավթողական հավակնությունները: «Ի պաշտպանություն ԼՂՀ-ի» կազմկոմիտեն իր անհամաձայնությունն է հայտնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Մինսկի խմբի որդեգրած մեթոդաբանությանը.

- դատապարտում է ՀՀ դիվանագիտական ծառայությունների գործունեությունը, որոնց անկարողության պատճառով նենգափոխվեց հակամարտության բուն էությունը,

- պահանջում է վերականգնել Բուդապեշտյան գագաթաժողովի ֆորմատը, որով ԼՂՀ-ն հանդես կգա որպես բանակցությունների լիիրավ կողմ.

- ի տեղեկություն Ռ. Քոչարյանի, եւս մեկ անգամ հայտարարում է, որ նա իրավասու չէ Հայաստանի կողմից դեռեւս չճանաչված կամ դե յուրե նրան չմիավորված ԼՂՀ-ի անունից որեւէ համաձայնություն կամ պայմանագիր ստորագրելու, առավել եւս, որ ՀՀ Գերագույն խորհրդի 1992 թ. որոշմամբ Հայաստանի որեւէ պաշտոնատար անձ իրավունք չունի ստորագրելու փաստաթուղթ, ուր Լեռնային Ղարաբաղը նշված է Ադրբեջանի կազմում,

- զգուշացնում է համանախագահներին, որ նրանք կարող են նմանվել հայտնի Կավբյուրոյին, որն առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պաշտոնական ներկայացուցիչների եւ նրա կամքին հակառակ, որոշեց նրա կարգավիճակի հարցը:

Մենք վճռական ենք պաշտպանելու այն սկզբունքը, որ հակամարտության հանգուցալուծումը պետք է հիմնված լինի ազգերի ինքնորոշման իրավունքի գերակայության հիմքի վրա, որի օրինակները այսօր իրողություն են», ասված է հայտարարության մեջ:

Ս. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4