«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#129, 2006-07-12 | #130, 2006-07-13 | #131, 2006-07-14


PKK-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿ ԲԱՂԴԱԴՈՒՄ

Հուլիսի 10-ին Անկարա էր ուղեւորվել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, պետքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզան: Երեկ նա մասնակցել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի բացմանը: Բրայզայի ուղեւորությանը նախորդել էր Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլի այցը Վաշինգտոն, որտեղ վերջինս ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հետ քննարկելով PKK-ի հարցը, այնուամենայնիվ, հայտարարել էր. «Որքան էլ այդ հարցում համագործակցենք, Իրաքը շարունակում է ապաստան հանդիսանալ PKK-ի համար»:

Այլ կերպ, PKK-ի նկատմամբ Վաշինգտոնի դիրքորոշումը լուրջ հարցականներ է առաջացրել Թուրքիայի համար: Թերեւս դա է պատճառը, որ Անկարայում Բրայզայի հանդիպումների օրակարգի առանցքային խնդիրը եղել է Հյուսիսային Իրաքում տեղակայված PKK-ի հենակետերի հարցը:

Հատկանշական է, որ մինչ Բրայզան Անկարայում շարունակում է քննարկել PKK-ի հարցը, հուլիսի 11-ին Հյուսիսային Իրաք է մեկնում երկրի վարչապետ Նուրի ալ Մալիքին, որին այնտեղ դիմավորում են Քրդստանի օրհներգով, ընդ որումՙ առանց Իրաքի դրոշը բարձրացնելու: Սակայն դա չի խանգարում, որ Մալիքին հարգի Քիրքուքում 2007 թ. նախատեսվող հանրաքվեի արդյունքները, կառուցել Քրդստանի տեղական կառավարության հետ կենտրոնական իշխանության հարաբերությունները դաշնության հիմունքներով եւ դժվարություն չհարուցել նավթի հարցում:

Այս ամենի հիմքում ԱՄՆ-ի քրդական ծրագրերն են: Ըստ երեւույթին դրանցում Վաշինգտոնը որոշակի տեղ է հատկացրել նաեւ PKK-ին, որ չնայած Իրաքում քրդական այս կազմակերպության ներկայությանը հակազդելու Թուրքիայի փորձերին եւ անցյալ շաբաթ Իրաքի արտգործնախարար Խոշյար Զեբարիի Անկարայում արած հայտարարությանը, թե կազմակերպությունը գործունեություն է ծավալում երկրի կառավարության համար անվերահսկելի շրջաններում, հուլիսի 12-ին Բաղդադում բացվում է PKK-ի գրասենյակը:

Իր գործունեությունը «Օջալանի մշակութային կենտրոնի» անվան տակ ծավալող այս գրասենյակը, թուրքական կենտրոնական թերթերի տվյալներով, գտնվում է Իրաքում Թուրքիայի դեսպանատնից 500 մ հեռու: Բաղդադում PKK-ի վերոհիշյալ գրասենյակն իր հովանու տակ է վերցրել «Ալ Անն» եւ «Դիջլեր» թերթերի խմբագրություններին, որոնցից առաջինը նպատակամղված քարոզչություն է ծավալում արաբների, իսկ երկրորդըՙ Մոսուլի քրդերի եւ եզդիների շրջանում:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4