Հայերի տեղահանության մասին նրա հուշերի հրատարակումը լուրջ հարված է թուրքական ժխտողականությանը
Որքան ծավալվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, Թուրքիայի պաշտոնական շրջանակներն այնքան ամուր են կառչում ժխտողականությունից եւ հարցը վիճարկման ոլորտ ներքաշելու համար անընդմեջ կրկնում են համատեղ հանձնաժողով ստեղծելու, արխիվները փոխադարձաբար բացելու պետական առաջարկները: Նրանց խնդիրը, ինչ խոսք, արխիվները չեն, ոչ էլ հարցի ուսումնասիրության անհրաժեշտությունը, այլ Ցեղասպանության ճանաչման գործընթացի կասեցումն է ու հարցի նկատմամբ թուրքական հասարակությունում առաջացած հետաքրքրությունների սահմանափակումը:
Ակնհայտ է, որ մշտապես վերարծարծման պայմաններում Ցեղասպանության հարցը մնում է երկրի օրակարգում, իսկ դա նախադրյալներ է ստեղծում, որ վերաիմաստավորվեն դեպքերի ժամանակակից թուրք պետական գործիչների այն աշխատությունները, որոնցում հեղինակները հպարտությամբ են արձանագրում իրենց մասնակցությունը հայերի բնաջնջմանը կամ դատապարտելու համար «Իթթիհադ վե Թերաքքիին», վկայում են բնաջնջման փաստերի մասին:
Այս գործիչների մեջ թերեւս առանձնակի տեղ ունի Հասան Վասֆին, որը կովկասյան ծագման պատճառով հասարակությանը հայտնի է եղել «Չերքեզ Հասան» մականունով: Իթթիհադական ընդդիմադիր ճամբարում հայտնված այս գործչին Ջեմալ փաշան 1914 թ., որպես քարտուղար նախ աշխատանքի է տեղավորել իր գլխավորած ծովային նախարարությունում, ապա կանչել է Սիրիա եւ նշանակել «հայ տեղահանվածների տեսուչ»: Առաջին Համաշխարհային պատերազմի ավարտին Հասան Վասֆին վերադարձել է Ստամբուլ: 1919 թ. նա, հրապարակելով հայերի տեղահանության մասին իր հուշերն ու նամակները «Ալեմդար» օրաթերթում, որից ֆրանսերեն թարգմանությամբ արտատպել է «Ռենեսանս» թերթը, սկսել է մերկացնել իթթիհադականների հայաջինջ քաղաքականությունը:
Չնայած «Իթթիհադ վե Թերաքքիի» հետ սուր հակասություններին, քեմալականները «Ալեմդարի» էջերում «թուրքերի դեմ հայերի օգտին» հոդվածների շարք գրելու համար սպառնացել են ոչնչացնել Հասան Վասֆիին: Թեեւ վերջինս հրաժարվել է հուշերի հետագա շարադրությունից, սակայն խուսափելու համար քեմալականների հաշվեհարդարից նախ փախել է Հունաստան, որտեղից էլ ստիպված անցել Բուլղարիա:
20-ական թթ. վերջին վերադառնալով Ստամբուլ, Հասան Վասֆին հրատարակել է մի շարք աշխատություններ իթթիհադականների հանցավոր գործունեության մասին: Դրանց մեջ Հայոց ցեղասպանության լուսաբանման տեսակետից կարեւորագույնը նրա «Տեղահանություն եւ ոչնչացում. հայերի տեղահանության իրականությունը» վերնագրով 1915 թ. «Ալեմդարում» լույս տեսած նամակն ու անավարտ հուշերն են:
Նամակում հեղինակը պահանջում է հայերի «տեղահանության» պետական որոշումը հայտարարել «հայ ժողովրդի ոչնչացման» որոշում, ընդգծում է, որ դա «ընդունել է Իթթիհադ վե Թերաքքիի հրոսակախումբը», երեւան է հանում տեղահանությունը «ռազմական անհրաժեշտությամբ» պայմանավորելու սնանկությունը եւ հարցնում, թե «ի՞նչ իրավունքով է կառավարությունը բռնատիրանում իր հպատակության տակ գտնվող որեւէ անձի տանը, ընտանիքին, ունեցվածքին եւ դրամին», ավելացնելով. «Եթե կան մարդիկ, որոնք պաշտպանել են հայերին տեղահանությունից, ոչնչացումից եւ կոտորածից, նրանց գործելակերպն ու գործողությունները, ելնում էին անձնական խիզախությունից, մարդասիրությունից եւ խղճից»:
Ինչ վերաբերում է Հասան Վասֆիի ցեղասպանության վկայության բնույթ կրող հուշերին, ապա Ջեմալ փաշայի հետ նրա անձնական մտերմությունն ու Սիրիայում վարած «հայ տեղահանվածների տեսուչի» պաշտոնը ոչ միայն հիմնավորում են դրանք, այլեւ պաշտոնական բնույթ են հաղորդում հիմնավորումներին: Այս ամենին մենք ծանոթանում ենք շնորհիվ ՀՀ արտգործնախարարության խորհրդական, պատմական գիտությունների դոկտոր Արսեն Ավագյանի «Հասան Ամջա. Շատ լավ, հարյուր հազարավոր հայերին ո՞վ սպանեց: Տեղահանություն եւ ոչնչացում» աշխատության, որը 2006 թ. Երեւանում հրատարակել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, խմբագրությամբ Լ. Ա. Բարսեղյանի:
60 էջանոց այս գրքում բացի հայերի տեղահանության մասին Հասան Վասֆիի նամակից ու հուշերից, զետեղված են նաեւ Ահմեդ Քադրիի «Դահիճների մասին», «Տիրան Քելեկյան Էֆենդիի դրությունը», «Զոհրապ եւ Վարդգես էֆենդիները Դիարբեքիրի ճանապարհին» վերնագրերով 1918-1919 թթ. նույնպես Ալեմդարում հրապարակված վկայությունները: Բնագրից թարգմանված այս նյութերը աշխատության հեղինակ Ա. Ավագյանը հագեցրել է բովանդակալից ներածականով եւ արժեքավոր ծանոթագրերով, որոնք հայ մասնագետներին հստակ պատկերացում են տալիս, որ Հայոց ցեղասպանության փաստը պաշտոնապես հաստատող դեպքերի ժամանակակից թուրք պետական գործիչների խոստովանությունները չեն սահմանափակվում Հասան Վասֆիի վերոհիշյալ հուշերով:
Հետեւաբար, Հասան Վասֆիի նամակի եւ հուշերի հայերեն հրատարակումը կարեւոր է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առումով, որովհետեւ թուրքական ժխտողականությանը Ցեղասպանության մասնակից թուրք պետական գործիչների խոստովանություններով հակադրվելու հնարավորություն է տալիս մեր մասնագետներին: Այդ դեպքում արդեն վիճարկման ոլորտ կներքաշվի ոչ թե Հայոց ցեղասպանությունը, այլ ցեղասպանության ժխտողականությունը: Քանի որ ժխտողականության վիճարկումը չի կարող ընդունելի լինել Թուրքիայի համար, ուստի նա ստիպված կվերանայի Հայաստանին հասցեագրած համատեղ հանձնաժողով ստեղծելու իր առաջարկը, իսկ դրանով անիմաստ կդառնա առաջարկի շահարկումը միջազգային ասպարեզում:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ