«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#129, 2006-07-12 | #130, 2006-07-13 | #131, 2006-07-14


ՍԵՎԱՆԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՄԱՔՈՒՐ ՋՐՈՎ

2001 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով Սեւանի ջրի մակարդակի ամենացածր նիշն է արձանագրվել` 1896,32 սմ: Այսօր լճի մակարդակը կազմում է 1898, 58 սմ: Սեւանի համալիր ծրագրի շրջանակներում լճի մակարդակի բարձրացումը ակնկալվում էր տարեկան ոչ ավելի 20 սմ-ից: Այսինքն, 5 տարվա կտրվածքով դա պիտի կազմեր 1 մ, այսօր մենք ունենք 2 մ, այսինքն կրկնակի ավելի: Սա լրջագույն խնդիրներ է առաջացրել, քանի որ ափամերձ անտառներն աստիճանաբար ջրի տակ են անցնում: Անցած տարի մաքրման աշխատանքներ են կատարվել 92 հա տարածության վրա: Այս տարի նախատեսվում է մաքրել եւս 123 հա, սակայն աշխատանքների ծավալը բավարար չէ: Ջրածածկված է 250-300 հա տարածք: Շրջակա համայնքների բնակչությանը թույլատրվել է սրտներն ուզածին չափ հատել ու տուն տանել ջրի տակ անցնող ծառերը: Այս ողջ տարածքների մաքրման անհրաժեշտություն կա, քանի որ փտած ծառերն ու բույսերը, անկախ այն բանից, որ Սեւանը բարձրանում է, էկոլոգիական աննպաստ պայմաններ են ստեղծում լճի կենդանական ու բուսական աշխարհի համար: Սեւանը մաքուր ջրով բարձրացնելու համար նախարարությունը եւ մյուսները նաեւ ձեռնամուխ են եղել նոր տեխնիկայի ձեռքբերմանը: Այս պահին մանրամասն իրականացվում են գոտեւորման ու քարտեզագրման աշխատանքները: Ամենայն հավանականությամբ սեպտեմբերին նախարարությունը կներկայացնի նաեւ տվյալ տարածքի ռազմավարական զարգացման ծրագիրը` կառավարման ողջ պլաններով, ինչպես նաեւ ենթակառուցվածքներով:

Իրականում Սեւանը մաքուր ջրով բարձրացնելու խնդիրը շատ ավելի բազմաբաղադրիչ է: Սեւանը դարձել է նաեւ յուրօրինակ կոյուղատար, քանի որ մաքրման կայանների բացակայության պատճառով շրջակա բնակավայրերի կոյուղաջրերը լցվում են լիճը: Գավառ, Մարտունի, Վարդենիս քաղաքների, Վարդենիկ գյուղի կոյուղիները խիստ անբավարար են աշխատում, եւ կեղտաջրերն ուղղակի թափվում են Սեւան: Ընդհանրապես, հանրապետության 32 մաքրման կայաններից ոչ մեկն այսօր չի աշխատում:

Տարեկան 4 հազար տոննա գոմաղբ, 80 տոննա ֆոսֆատներ, 290 տոննա նիտրատներ եւ ավելի քան 115 տոննա նավթամթերք լցվում է Սեւանա լիճ: Ինչպես եւ 5 տարի առաջ, մաքրման կայանների կառուցման խնդիրն առայժմ ծրագրերի ու նախագծերի մեջ է միայն: Կոյուղիների շարունակական գրոհից լիճը փրկելու համար մոտավոր հաշվարկներով 20 մլն դոլար է պետք: Այնպես որ Սեւանի բարձրացումը նրա էկոհավասարակշռության վերականգնման անհրաժեշտ, բայց թերի բաղադրամաս է:

Եվ ի լրումն ամենայնի, ափամերձ առանձնատների կոյուղաջրերը եւս թափվում են Սեւան: Կառավարությունը վերջերս որոշում է ընդունել, որի համաձայն Սեւանի ափին սպասարկման կետեր, հյուրանոցներ կամ որեւէ շինություն նախաձեռնողները պարտավոր են լոկալ կոյուղամբարներ ստեղծել, այնպես որ լիճը ապահովագրված լինի նոր աղտոտումից: Եվ հետո այլընտրանքային տարբերակներով տեղափոխեն դրանք: Այս որոշումը ուշացած է այնքանով, որ Սեւանի ողջ երկայնքով գրեթե ազատ թիզ տարածք չկա, բոլորն արդեն զբաղված են: Նույնիսկ եթե նոր շինություններ լինեն էլ, կեղտաջրերի հավաքման ինքնաշեն հարմարանքների ստեղծումը գլխացավանքի ու անհարմարությունների հետ է կապվում, որի ռիսկին դժվար գնան դրանց տերերը:

Ժամանակին բնապահպաններից մեկը լիճը մաքուր ջրով բարձրացնելու խնդիրն առաջարկեց լուծել հատուկ Սեւանի համար հիմնադրամ ստեղծելու կամ հեռուստամարաթոն կազմակերպելու ճանապարհով: Այս առաջարկը խելամիտ է այնքանով, որ միեւնույնն է, կարճ ընթացքում այս բոլոր խնդիրները չեն լուծվելու եւ չեն լուծվի: Մեր ցանկությունները խոսակցություններից ու քննարկումներից այն կողմ չեն անցնում, քանի որ այդ ծրագրերի գլխավոր խթան ֆինանսները չկան: Իսկ այս ընթացքում Սեւանը շարունակվում է աղտոտվել:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4