«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#129, 2006-07-12 | #130, 2006-07-13 | #131, 2006-07-14


«ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿԻՆՈՆ ԿՈՍՄԻԿԱԿԱՆ ԱՂԲ Է»

Ասում է իտալացի հանրաճանաչ սցենարիստը

«Շատ ուրախ եմ, որ արդեն երկրորդ անգամ Հայաստան եմ այցելում: Այստեղ եղել եմ Փարաջանովի հետ: Տաք եւ ջերմ քաղաք է Երեւանը: Հայերն իտալացիներին շատ նման են: Ցանկանում եմ այս երկրի մասին գրել, Էջմիածնում ստացած հոգեւոր լիցքը կընդգրկեմ գործումս», իտալացի լեգենդար սցենարիտ Տոնինո Գուերան երեկ լրագրողների հետ հանդիպումն այս խոսքերով սկսեց:

Բնական էր` կինոաշխարհի այս մեծ ներկայացուցչի հետ հանդիպելու համար մամուլի սրահում բազմաթիվ լրագրողներ էին հավաքվել, սակայն պարզվեց, որ 20 տարի առաջ գլխի վիրահատություն տարած Տոնինո Գուերայի առողջության համար վնասակար են տեսախցիկների նկարահանումները, ինչի պատճառով պրն Գուերան խնդրեց դադարեցնել նկարահանումները, հետո ժպիտով ավելացրեց. «Ես դեռ մնում եմ»:

Մնաց ու հետաքրքրական բազմաթիվ դեպքեր հիշեց կինոաշխարհի այլ հսկաների` Միքելանջելո Անտոնիոնիի, Ֆեդերիկո Ֆելինիի, Անդրեյ Տարկովսկու, Սերգեյ Փարաջանովի հետ իր հանդիպումներից, ընկերական ջերմ տարիներից, խենթ պատանեկությունից, իր մասին գրեթե չխոսեց: Միայն կինը համեստորեն ավելացրեց (ընդ որում` ռուսերեն, որպեսզի ամուսինը չհասկանա), որ Տոնի Գուերան ժամանակի իտալացի ամենաընթերցվող պոետներից է:

«Կյանքում ունեցած լավագույն հանդիպումներիցս մեկը Ս. Փարաջանովի հետ հանդիպումն է: Երբ առաջին անգամ տեսա Փարաջանովին, ասաց. «Արի, պետք է շտապենք»: Զարմացա, բայց հետեւեցի նրան: Թիֆլիսի իր տանն էր, բակում ասֆալտ էին անում: Կռացավ, գետնից վերցրեց կապույտ քարերն ու սկսեց շոյել դրանք: Սա նրա պոետիկ դրսեւորումներից առաջինն էր, որին ականատես եղա: Փարաջանովն այնպիսի գյուտարար էր, որի նմանը դժվար է գտնել»:

Հիշեց Ֆելինիի «մեծ թերության»` ճաղատության մասին եւ այն հետաքրքրական դեպքերի, որոնք կապված էին Ֆելինիի ունեցած «այդ եզակի խնդրի հետ»: Խենթություններ եւս հանճարներն իրենց թույլ են տվել` փողկապների խանութում մազաթափության դեմ քսուք գնելու, գյուղացի ներկայանալով` ֆիրմային խանութում ապրանքի գինն էժանացնելու, գերմաներեն չիմանալով` գերմանուհուն հաճոյախոսելու փորձեր եւ այլն:

Տոնինո Գուերան այսօրվա ամերիկյան կինոարտադրությունը կոսմիկական աղբ է համարում: «Ֆելինին մեռավ, որովհետեւ հիվանդ էր, իսկ հիվանդացավ, որովհետեւ 4 տարի ֆիլմ չնկարեց», ասում է Գուերան ու շարունակում, որ ճիշտ է, խորհրդային տարիներին գրաքննությունը խանգարում էր ստեղծագործողներին, բայց պակաս խոչընդոտ չէր նաեւ իրենց առջեւ կանգնած` պրոդյուսերների բացակայության խնդիրը: Վերջին հանդիպումներից մեկի ժամանակ Ֆելինին ընկերոջն ասել է. «Տոնի, չե՞ս տեսնում, մենք շարունակում ենք աէրոպլաններ պատրաստել, որոնց համար արդեն չկան կայաններ»:

Ֆելինին կյանքը շատ էր սիրում: Մահից 2 օր առաջ ընկերոջն անկեղծորեն ասել է. «Ա՜խ, եթե հնարավոր լինել սիրահարվել եւս մեկ անգամ...»:

Գուցե սիրո հանդեպ այդ խենթ սե՞րն է սովորական մարդկանց եւ հանճարների բաժանման գիծը:

ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ. Գ. Աններելի է նման միջոցառումների ու հյուրերի ներկայության ժամանակ լրագրողներիՙ նյութին անտեղյակությունն ու տարրական քաղաքավարության պակասը: Ավելի լավ կլինի, որ Տոնինո Գուերայի հետ հանդիպումը չկարեւորող «Նոր ալիքի» լրագրողը չգա հանդիպմանը, քան ասուլիսից 15 րոպե անց միկրոֆոնը վերցնի սեղանից եւ ընդհատի հանրաճանաչ կինովարպետի խոսքը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4