«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#130, 2006-07-13 | #131, 2006-07-14 | #132, 2006-07-15


ՎԵՐԱՔՆՆԻՉԸ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԸ ՀԻՄՆԱՎՈՐ Է ՀԱՄԱՐԵԼ, ԻՍԿ ԱՅՆ ԳՐԱՎՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒՆ ԱՆԳԱՄ ՉԻ ԷԼ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ

Քաղաքացիական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագրի կալանքը փոխելու վերաբերյալ նրա փաստաբանի բողոքարկման պատասխանը որոշման ձեւով հանձնել է երեկ: Հիշեցնենք, որ «Ժամանակ»-ի գլխավոր խմբագրին ձերբակալել էին հունիսի 26-ին` փաստաթղթերի կեղծմամբ ժամկետային զինծառայությունից խուսափելու մեղադրանքով: Իսկ կեղծվել են ամուսնության եւ երկու երեխաների ծննդյան վկայականները, որոնք էլ, Բաբաջանյանի փաստաբան Ռոբերտ Գրիգորյանի խոսքերով, այժմ հիմնականում շահարկվում են:

Արման Բաբաջանյանի փաստաբան Ռոբերտ Գրիգորյանի հետ երեկվա հեռախոսազրույցում «Ազգը» տեղեկացավ Քաղաքացիական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանի` բողոքի մերժման մանրամասներին: Մեղադրյալն ու պաշտպանը վերաքննիչ դատարանում բողոքարկել են երկու հարց. նախ, որքանով է հիմնավոր հիշյալ մեղադրանքի համար կալանավորումը` հատկապես, երբ մեղադրյալը խոստովանել է իր մեղքը, եւ երկրորդ, եթե ամեն դեպքում կալանքի որոշումն ուժի մեջ է` գոնե որպես այլընտրանք ընդունվի գրավադրումը: Հիշեցնենք, որ վերաքննիչ ուղղված բողոքի դիմումին կցված են եղել նաեւ մի խումբ պատգամավորների ստորագրությամբ երաշխավորագիր, ըստ որի Բաբաջանյանն ազատվելուց հետո լավ վարք կցուցաբերի: Նկատենք, որ այս օրերին կալանքը գրավով փոխարինելու պահանջով հանդես էին եկել նաեւ մի քանի թերթերի խմբագիրներ, լրագրողական տարբեր կազմակերպություններ:

«Ազգ»-ի հետ զրույցում փաստաբան Գրիգորյանը նշեց, որ հուլիսի 12-ին վերաքննիչից ստացված որոշման մեջ դատարանը, քննության առնելով բողոքը, ուժի մեջ է թողել առաջին ատյանի որոշումը, այն է` կալանքի տակ թողնել մեղադրյալին: Փաստաբանի խոսքերով, դատարանն անգամ չի անդրադարձել բողոքարկման երկրորդ մասին, որով պահանջվում էր խափանման միջոց ընտրված կալանքը փոխել գրավով:

Ռոբերտ Գրիգորյանն ասաց, որ դատարանը հաշվի չի առել, որ Բաբաջանյանը խոստովանել է իր արարքը, զղջացել: Իսկ ինչ վերաբերում է Բաբաջանյանի մշտական վայր չունենալուն, ապա, փաստաբանի խոսքերով, Արման Բաբաջանյանը բնակարան ունի Նոյեմբերյան փողոցում, վարձակալած տուն ունի Աբովյան փողոցի 21 շենքում, իսկ խմբագրության տարածքն էլ գրանցված է իր անունով: Փաստաբանն ասաց, որ դատարանի դիրքորոշումն այս առնչությամբ այն է, որ եթե մեղադրյալը մի քանի բնակության վայր ունի, ուրեմն չունի մշտական բնակության վայր: Ինչեւէ բողոքարկումը մերժված է, եւ փաստաբանն ասաց, որ իրենք պատրաստվում են առաջիկա օրերին դիմել վճռաբեկ դատարան:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4