«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#130, 2006-07-13 | #131, 2006-07-14 | #132, 2006-07-15


ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՐԱԿԱԿԱՆ ՆՈՐ ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՓՈՒԼՈՒՄ Է

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասնակի հրապարակումը հայկական կողմի համար անականկալ չէր եւ անգամ հիմք է հասարակական առողջ քննարկում ծավալելու համար, մինչդեռ ամբողջական բացահայտումը կարող է փաստաթղթի քննարկման ավարտ բերել, քանի որ կողմերից մեկը կարող է հրաժարվել քննարկումները շարունակելուց: Այսպես է գտնում ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա կարծիքով հրապարակված սկզբունքներն ընդունելու անհրաժեշտությունում հայ հասարակությանը համոզելու ժամանակը չէ, քանի որ Ադրբեջանը համաձայն չէ այս փաստաթղթի որոշ դրույթնորի հետ: «Սա կոմպրոմիսային փաստաթուղթ էՙ համապարփակ, հավասարակշռված դրույթներով: Փոխադարձ զիջումների բանաձեւ են գտել այնտեղ: Մեզ համար կարող է սա բանակցությունների հիմք լինել, բայց այն իդեալական չէ», երեկ կայացած ասուլիսում եւս մեկ անգամ հայտարարեց Վարդան Օսկանյանըՙ ընդգծելով, որ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի տարածաշրջան կատարելիք այցի ժամանակ հայկական կողմը վերահաստատելու է այս դիրքորոշումը: Վերջինիս այցը տարածաշրջան ամենայն հավանականությամբ կլինի հունիսի վերջին եւ ճանաչողական բնույթ կկրի.«Չեմ կարծում, թե Բրայզայի այցով որոշվի նախագահների այցի օրը: Հեռանկարում նախագահների հանդիպում դեռեւս չենք տեսնում: Բայց չպետք է բացառենք: Չգիտեմ Մեթյու Բռայզան ինչ առաջարկներով է գալու: Խիստ կասկածում եմ, թե այդպիսի պայմանավորվածություններ ձեռք բերվեն»: Այս ասելով Վարդան Օսկանյանն ընդգծեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է մնալ ամենաարդյունավետ միջնորդական ձեւաչափը:

Ադրբեջանի ձեռամբ շրջանառության մեջ դրված հակամարտության կողմերի ռազմական ուժերի շփման կետերի ողջ երկայնքով իբրեւ հայերի կողմից իրականացվող հրկիզումների տեսության առնչությամբ ՀՀ արտգործնախարարը կարճ ու դիպուկ ասաց. «Մենք մտադիր չենք մասնակցել Ադրբեջանի խաղերին: Նույնիսկ չեմ ցանկանում ժամանակս վատնել նման հայտարարությունները քննարկելու համար»: Ադրբեջանցիների այս ծրագիրը Վարդան Օսկանյանը գնահատեց որպես Նախիջեւանում մշակույթի մի ողջ շերտ ջնջելուն հակակշիռ հորինելու փորձ:

Նախարարի կանխատեսմամբ սեպտեմբերին բուռն դիվանագիտական աշխատանք է սպասվում նաեւ ԼՂ կարգավորման առումով: Իսկ մեծ զբաղվածությունըՙ պայմանավորված տնտեսական բաղադրիչ պարունակող Հայաստան-սփյուռք երրորդ համաժողովով, Օսկանյանի հավաստմամբ շոշափելի արդյունքներ կտա 50 գյուղերի եւ ողջ երկրի համար: Սփյուռքում պատրաստակամություն կա Հայաստանի գյուղերի զարգացման ծրագիրը իրականացնելու եւ ցանկություն դրանում նաեւ հայաստանյան գործարարների ներդրումները տեսնելու: Վերջինի ապահովման հարցում նախարարը լավատես էՙ հիմք ընդունելով տեղի գործարարների հետ խորհրդակցությունները: Ծրագրի իրականացման համար 50 գյուղերից յուրաքանչյուրի շենացման պատասխանատվությունը ստանձնելու է սփյուռքի մի կառույց կամ անհատ եւ իրականացնելու է ինֆրաստրուկտուրայի 12 ուղղությունների զարգացմամբ: Սակայն նախարարի հավաստմամբՙ այսօր օգտագործվում է սփյուռքի ռեսուրսների 1-2 տոկոսը, եւ Հայաստան-սփյուռք հարաբերությունների նոր որակ ապահովելու դեպքում դրանք կավելանան: Սկիզբը պետք է լինի ներքին ռեսուրսների ճիշտ օգտագործումը, ինչին կհաջորդի Սփյուռքի եւ միջազգային միջոցների բազմապատիկ ներդրում: Ասվածի իրականացման պարագայում, Վարդան Օսկանյանը համոզված է, որ Հայաստանը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի առկայությամբ էլ կլինի հուսալի եւ մրցունակ գործընկեր: Ընդ որում, նշված երեք ռեսուրսից (ներքին, սփյուռք, միջազգային) զատ համադրելիք չունենք ԲԹՋ-ին. « Իհարկե, մեծ բան արվել է անցնող տարիներին, բայց եթե հարցը կապում ենք Բաքու-Ջեյհանի, Ադրբեջանի մեծ հնարավորությունների հետ, մենք այլ ռեսուրսներ չունենք, քան իմ նշած երեք ռեսուրսները: Մենք այսօր առաջատար ենք այս տարածաշրջանում, եւ դա եղել է մեծ զոհողությունների գնով», համոզմունք հայտնեց ՀՀ արտգործնախարարը: Այսօր երկիրը նոր փուլ անցնելու խնդրի առջեւ է. «Մենք նոր փուլ ենք մտնում, հանրապետության նախագահը երկու հինգ տարին ավարտում է, չունի երրորդի հնարավորությունը, նախագահը պետք է փոխվի: Մենք պետք է կարողանանք մեր առջեւ խնդիրներ դնել: Նախագահի առաջինից երկրորդ ժամկետը հստակորեն շարունակականության խնդիր կար, որովհետեւ ծրագրեր կային, որ սկսել էր, պետք է ավարտին հասցներ: Շարունակականության խնդիրը դեռեւս մնում է, բայց մեր առջեւ կա ավելի մեծ խնդիր. երկիրը դնել որակական նոր հարթակի վրա: Իրականացվել են լուրջ տնտեսական եւ քաղաքական բարեփոխումներ, եւ այսօր մենք դրա պտուղները քաղում ենք: Բայց այդ բոլորը միասին վերցրած առաջին սերնդի բարեփոխումներ են»: Երկրորդ սերնդի բարեփոխումների ռեսուրս է, ըստ նախարարի, նաեւ մեր ժողովրդավարական գործընթացները: Երկրորդը սփյուռքի ռեսուրսն է: Այսօր մենք օգտագործում ենք դրա մեկ¬երկու տոկոսը: «Ինչո՞ւ, որովհետեւ կան երկրի նկատմամբ վստահության, չարաշահումների եւ այլ խնդիրներ», ասաց Վարդան Օսկանյանըՙ համոզմունք հայտնելով, որ երկիրը որակական նոր հարթություն բերելու միջոց կարող են լինել ընտրությունները:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4