«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#130, 2006-07-13 | #131, 2006-07-14 | #132, 2006-07-15


ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԴԻՄՈՒՄ Է ՏՎԵԼ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ

Երեկ զորավարժությունների բացման արարողությունից հետո լրագրողների հարցերին պատասխանեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: «Ազգի» ընթերցողները հիշում են երկու շաբաթ առաջ նախարարին ուղղված հարցի պատասխանը, որ «7-10 օր սպասեք իրավիճակը կփոխվի» եւ այսօր կրկին նախարարին դիմեցինք, թե այդ ժամանակն անցել է, ի՞նչ է փոխվել: Պրն Սարգսյանը տեղեկացրեց, որ արդեն երկու օր է «Հանրապետական» կուսակցության խորհրդին դիմում է տվել իրենց կուսակցությանն անդամ ընդունելու համար: Իսկ այն հարցին, թե ՀԿ-ի համագումարից հետո վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հրաժարական կտա եւ վարչապետը կդառնա Սերժ Սարգսյանը, հնչեց պատասխան. «Դրանք մտացածին լուրեր են, բնական է ենթատեքստով եւ նպատակներով, որովհետեւ մեկ շաբաթն էլ է անցնելու ու հենց այդ մարդիկ, ովքեր չունեն քաղաքական հոտառություն, կարող են ընդամենը 2 շաբաթվա կտրվածքով կանխորոշել, գուշակել հանրապետությունում տեղի ունեցող քաղաքական իրողությունները»: «Իսկ վերջին շրջանում լրագրողների հանդեպ կատարված ոտնձգություններին ինչպե՞ս եք վերաբերվում» հարցին պրն Սարգսյանն ասաց. «Ճիշտն ասած ես այդպիսի ոտնձգությունների բուռն ընթացք չեմ տեսնում, այդպիսի դեպքեր կարող են լինել: Ես մշտապես հակված եմ ճշմարտությունն ասել եւ կեղծավորություն չանել նույնիսկ լրագրողներին: Դուք ինչո՞ւ եք ուզում ձեզ հասարակությունից տարանջատել, դուք էլ էս հասարակության մի մասն եք, չէ՞: Էս հասարակությունում հանցագործություննե՞ր են, չէ՞, լինում: Խուլիգանի թիրախ մի անգամ էլ կարող է լրագրողը լինել եւ պիտի բոլորս հասկանանք, որ մենք էս հասարակության մեջ ենք ապրում: Ասենք չի կարող պատահի, որ ես հիմա մեքենայով գնում եմ ու իմ մեքենան խախտում կատարի, ու ինձ տհաճություն պատճառի: Բայց ես դա չեմ համարի, որ էս երկիրը էդպես տրամադրվել է իմ դեմ եւ անպայման ուզում է ինձ ինչ-որ մի բան անի: Հանգիստ վերաբերվեք այդպիսի բաների: Բայց դրանք, իհարկե, նորից եմ ասում, վատ երեւույթներ են եւ դրանք միշտ պիտի հասարակության կողմից դատապարտվեն»: «Պրն Սարգսյան, 2008 թ.-ին նախագահի ամենառեալ ու մեծ շանսեր ունեցող թեկնածուն դուք եք, տրամադրվա՞ծ եք առաջադրվելու որպես թեկնածու եւ եթե այո, «Հանրապետակա՞ն» կուսակցության կողմից, թե՞ այլ ուժերի, եւ որո՞նք են լինելու այդ ուժերը» հարցին, հնչեց պատասխան. «Բոլոր դեպքերում այդ հարցին մենք կանդրադառնանք ԱԺ ընտրություններից հետ: Որովհետեւ, եթե «Հանրապետականը» եւ նրան սատարող ուժերն ԱԺ-ում չունենան լուրջ ներկայություն, այսինքնՙ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով մենք լավ ձեռքբերումներ չունենք, հետագա քայլերի մասին խոսելն անիմաստ է: Չի կարող այդպիսի բան լինել: Իսկ երբ տեսնենք, այո, ունենք հենարան, ոչ թե քաղաքական, այլ հենարան եւ եթե տեսնենք, որ մեր ընտրողները, մեր ժողովուրդը, մեր գաղափարներին, մեր ծրագրերին հավանություն են տալիսՙ իսկ ինչո՞ւ չէ, ի՞նչ մի վատ երեւույթ է դա»: Իսկ այն հարցին, որ «շատ հայտնի գործարարներ հայտարարում են, որ իրենք «Հանրապետական» են դառնալու միայն այն պատճառով, որ դուք եք նաեւ այնտեղ, ինչպե՞ս եք վերաբերվում այդպիսի հայտարարություններին», պրն Սարգսյանն ասաց. «Շատ նորմալ, բայց սա պարծենկոտություն կամ ինքնագովազդ չհամարեք, որ միայն գործարարներ են գալու ու գալիս «Հանրապետական», սա էլ էսպես ընտրովի մոտեցում է եւ փորձում է ինչ-որ երանգներ տալ: Բայց ինչպես ասել եմ, որ մարդիկ, ովքեր նպատակ են դրել ինձ մրոտելու, սեւացնելու կամ քննադատելու, միշտ չի, որ բավականաչափ խելացի են գտնվում եւ առաջին հայացքից իրենց համար էսպես դատապարտելի կամ թերություն համարվող երեւույթները հասարակությունն ընդունում է որպես այդպիսին: Ի՞նչ վատ է, որ ասենք գործարարների մի մասն ինձ հետ հույսեր է կապում: Եթե գործարարներ չլինեին այս երկրում, էս երկիրը չէր զար-գա-նա: Երկրի շարժիչ ուժը գործարարներն են, պիտի անպայման նրանց սատարել»: «Առավոտի» թղթակցի այն հարցինՙ եթե 2008 թ.-ին Ս. Սարգսյանն ընտրվի նախագահ, ապա Ռ. Քոչարյանին ի՞նչ պաշտոն կառաջարկի, պրն Սարգսյանն ասաց, որ չի սիրում եթեներով խոսել եւ դեռ 2 տարի կա ու վաղ է... Իսկ «Ազգի» հաջորդ հարցին, թե ԱԺ արտահերթ ընտրություններ, կարծում եք կլինե՞ն, պրն Սարգսյանը քմծիծաղեց ու ասաց. «Գիտեք, այդ հեքիաթներին մի հավատացեք: Որեւէ նպատակ կամ իմաստ չեմ տեսնում արտահերթ ընտրությունների: Հերթական ընտրություններին մի քանի ամիս է մնացել եւ ի՞նչ է նշանակում արտահերթ ընտրություններ: Չի կարող այդպիսի բան լինել: Իսկ ԼՂՀ-ում նոր հանրաքվե անցկացնելու որոշման մասին պրն Սարգսյանը հստակեցրեց, որ Ղարաբաղում արդեն հանրաքվե եղել է վաղուց, եւ Ղարաբաղն արդեն ինքնորոշվել է եւ այստեղ ինքը խնդիրներ չի տեսնում:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ակտիվացումը մի տեսակ դադարեցված է եւ ասում են, որ «Հանրապետական» կուսակցությունն է պատճառը հարցին, նախարարը նշեց, որ տեղյակ չէ որեւէ նման պրոցեսների. «Կարծում եմ, որ «Հանրապետականը» խանդոտ մոտեցումներ ընդհանրապես որեւէ երեւույթի նկատմամբ չպիտի ունենա»: Եվ օրինակ բերեց շախմատի օլիմպիադայից, որտեղ պայմանավորվել են, որ ուրիշի արդյունքների վրա ուշադրություն չդարձնեն... «Այսինքն, մենքՙ «Հանրապետականներս» խնդիր պիտի դնենք ավելի մեծ բազա ունենալու, ստեղծելու, առանց նայելու, թե ով ինչպես է աշխատում»: Վերջում Սերժ Սարգսյանն ասաց. «Բոլորին, ովքեր աշխատող են, ես մաղթում եմ հաջողություն»: Նախարարը չբացառեց, որ Լիբանանում ներկա իրավիճակը վտանգավոր է եւ նշեց, որ «ցանկալի չի, որ Մերձավոր Արեւելքում դեպքերն այդպես զարգանան, եւ այստեղ մեր դերակատարությունը համարյա թե զրոյական է այդ իրադարձությունների զարգացման մեջ»:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4