Գեւորգյան Թագուհին 59 տարեկան է, սակայն տառաճանաչ չէ, քանի որ փոքր հասակում ծնողները նրա մոտ մտավոր ինչ-որ խնդիրներ հայտնաբերելով, գերադասել են պահել տանը, որ իրենից փոքրերին հետեւի: Մեծանալով Թագուհին ամուսնացել, որդի է ունեցել: Դավիթն էլ ունի մտավոր թերզարգացածության նշաններ: Նա էլ դպրոց չի գնում: Ճիշտ է, մի ժամանակ մայրը փորձել է նրան տեղափոխել գիշերօթիկ մի դպրոց, սակայն Թագուհուն ասել են, որ Դավիթը վտանգավոր է մյուս երեխաների համար, իբր փորձել է խեղդել նրանցից մեկին: «Դիմում գրի, երեխայիդ տար», խորհուրդ են տվել դպրոցում
Ժամանակը այս երկու սերնդի համար կարծես կանգ է առել, իսկ բարի մարդիկ տվել են մի փոքրագույն հնարավորություն` գրանցվել Չարբախում գտնվող թիվ 7 շուկայի տարածքում: Թագուհին ու Դավիթը ապրում են մի խոնավ հյուղակում, որի վրա գրված է` ոսկերիչ: Քնում են մի մահճակալի վրա, քանի որ հյուղակի մյուս մասը լցված է տոպրակների մեջ խցկած շորերով: Պատերից անկանոն կերպով փակցված են սրբերի ու գեղեցիկ աղջիկների նկարներ:
Թագուհին ձեւակերպված է որպես շուկայի հավաքարար, սակայն անգրագիտության պատճառով չգիտի էլ իր աշխատավարձի չափը, իսկ նրանց այցի եկած քույրը` Օֆիկը ասում է, որ դա 5000 դրամ է: Դրան գումարած Դավթի հաշմանդամության (4000 դրամ) եւ միակողմանի ծնողազրկության թոշակը: Թագուհին մեկնում է բժշկի ստորագրությամբ մի փաստաթուղթ, ուր անընթեռնելի ձեռագրով գրված է, թե ինչո՞վ է տառապում Դավիթը: Այդպես էլ անհայտ մնացին Դավթի հաշմանդամության կարգը եւ մտավոր ունակությունների գնահատականը: Այսպես թե այնպես, Դավիթը զրկված է դպրոց հաճախելու հնարավորությունից: Այնուամենայնիվ, նա ակտիվ ու շարժուն տղա է: Ամեն օր նա իր ընկերոջը` Աշոտին հանդիպում է հաշմանդամ երեխաների համար նախատեսված «Փրկություն» ցերեկային կենտրոնում, ուր մնում են մինչեւ ժամը 16-ը: Ապա ընկերները գալիս են Ամոյի մոտ: Դավիթն Ամոյին շատ է սիրում, քանի որ նա է իրեն տեղավորել ցերեկային կենտրոնում եւ երբեք չի թողնի, որ նեղացնեն կամ սոված մնա: Ամոն կամ Արմենը 25-ամյա բարեսիրտ մի անձնավորություն է եւ կարծում է, որ բարեգործությունը պետք է ծածուկ անել: Նա տաքսու ծառայություն ունի եւ եկամտի որոշ աղբյուրներ եւս: Արմենն ասում է, որ ֆիզիկական կամ մտավոր խնդիրներ ունեցող երեխաներին պետք է բարի մարդիկ պահեն, քանի որ պետության հույսին թողնել նշանակում է անտեսել նրանց: «Անգամ հարազատ ծնողներն են այս երեխաներին շահագործում` կամ լրիվ անտեսում են, կամ կապում խոհանոցի թախտից»: Նա պատմում է, որ առաջ Դավիթը հայտնվում էր խաչմերուկի վտանգավոր հատվածներում առանց վախի պարում կամ երեւակայում, թե ինքն էլ է վարորդ: «Հիմա նա խելոք է եւ իմ ուշադրության տակ է», ասում է Արմենը:
Հրաժեշտ տալով Դավիթին, Աշոտին ու Արմենին, ես մտածում եմ, որ Դավթի բախտը բերել է (Աշոտինն` առավել, որովհետեւ նա քիչ թե շատ ապահով ծնողներ ունի, միայն պարզ արտահայտվելու խնդիր), քանի որ Ամոն նրա պահապանն է դաժան ու ցուրտ այս աշխարհում, իսկ որքա՞ն են լքված ու միայնակ թագուհիներն ու դավիթները, որոնք արժանացել են ոչ միայն ճակատագրի, այլեւ շրջապատի ծաղրին կամ անտարբերությանը, դժվար է գուշակել: «Ինչքան էլ պաշտոնապես հայտարարում են, թե մոտավորապես 6000 երեխա դպրոց չի գնում, միեւնույնն է, դա իրական թիվը չէ: Մեկ այլ վիճակագրություն ցույց է տալիս, որ հաշմանդամ երեխա կամ անդամ ունեցող ընտանիքները որպես կանոն սոցիալապես անապահով են: Նման խնդիրներով երեխաների կրթական իրավունքները ոտնահարվում են միշտ եւ բազմաթիվ պատճառներով: Առաջինը մեր ազգի թերզարգացած մենթալիտետն է, որ հատկապես զգացնել է տալիս սոցիալապես անապահով խավի մոտ եւ մարզերում: Միայն թեքահարթակների բացակայությունը դպրոցներում եւ այլուր բավարար է, որ հաշմանդամ երեխան դուրս մնա հանրակրթությունից», համոզված է Նաիրա Ավետիսյանըՙ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աշխատակցուհին: Ամեն ցրտելիս ես հիշում եմ մարզերի այն երեխաներին, որոնք չեն կարող նշել Նոր տարին այնպես, ինչպես շատերը: Նրանց տներում ցուրտ է եւ նեղվածք, հուզվում է տիկինը: Իսկ համայնքային պատկան մարմինները ոչինչ չեն անում այդ երեխաների համար: Ավելի, հակված են «արհեստական թվեր» պիտակը տալու, քան իրավիճակը տեսնելու: Մինչդեռ նրանք են պատասխանատու այս երեխաների համար, ասում է միջազգային կառույցի աշխատակցուհին, որ նաեւ ընդգծում է մի շատ կարեւոր փաստ, այն է` տարատեսակ օգնությունները խնդիրներ ունեցող երեխաներին անօգուտ են եւ նույնիսկ վնասակար, եթե դրանք վերաբերում են միայն երեխաներին, ոչ թե նրանց ընտանիքներին: «Սոցիալապես անապահով ընտանիքին օգնելով կարող ենք կանխել համատարած մանկալքության դեպքերը, որոնք գնալով աճում են Հայաստանում նաեւ այս պատճառով», վստահ է Նաիրա Ավետիսյանը:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ