Փելեշյանի ժապավենին բացակա իրականության արխիվն է
«Ոչ մի ֆենոմեն էլ չկա: Դրանք բոլորը հորինված բաներ են», ասում է վարպետն իր մասին: Փելեշյանի ներկան մյուսների բացական է, Փելեշյանի կինոն` բացակա ներկայությունը: «Արվեստը ոչ թե իրականության հայելին է, այլ բացակայի ներկայությունը: Իմ ֆիլմերում բացակա պատկերների մոնտաժ է: Այդ պատկերներն իրականում գոյություն չունեն, սակայն դրանք հայտնվում են ժապավենի վրա մոնտաժի շնորհիվ: Ինձ համար` իբրեւ արվեստագետի, հիմնական խնդիրը մնում է նույնը` խորհելը բացակա պատկերների, բացակա իրականության մասին: Այդ բացակա իրականությունն ավելի իրական է, քան իրականը: Սրա մասին կարող եմ երկար խոսել, երկար մտածել»:
Արտավազդ Փելեշյանի խոսքը, վարպետության դասընթացը, մամուլի ասուլիսն իր ֆիլմերի նման են: Ասված մտքից ու ձեւակերպումից կամ պատկերից փշաքաղվում ես, իրերին նորովի նայելու հնարավորություն ստանում: «Չեմ կարծում, թե տեխնոլոգիաների զարգացումից կինոն կտուժի: Ընդհակառակը, կգա ժամանակ, երբ համակարգիչները իրականություն կբերեն բացակա իրականությունը: Եթե մարդկությունը ստեղծել է կինոարխիվներ, ուրեմն բնությունում էլ կա մի կետ, որտեղ բնության արխիվն է, եւ համակարգիչները մի օր այդ ողջ բացական (բնության արխիվը - Թ. Մ.) ներկա կդարձնեն»: Հարցին, թե արդյոք վարպետն արդեն չի՞ սկսել օգտվել այդ արխիվից, ռեժիսորը ժպիտով պատասխանում է. «Այո, սկսել եմ»:
Կինոն Արտավազդ Փելեշյանի համար փիլիսոփայության, գիտության եւ արվեստի լեզվով է խոսում: Կինոն ու կինոարվեստը տարբեր հասկացություններ են: Կինոն իր սեփական լեզուն ունի եւ չի պատկանում որեւէ արվեստի, այն արվեստների սինթեզ չէ: Մեծ ռեժիսորը, ում համար ամենահզոր զենքը մոնտաժն է, իրականի ու անիրականի հարաբերությունները ֆիլմերը ստեղծելուց հետո է պարզել: «Բացակա իրականությունն իրականության մի տարբերակ է, նույնիսկ` ավելի իրական: Ֆիլմերս անելուց հետո եմ տեսել` մոնտաժի արդյունքում էկրանին հայտնվում են պատկերներ, որոնք իրականում գոյություն չունեն»: Ռեժիսորի համար կինոյում ամենից կարեւորը ժամանակ հասկացությունն է: Նրա ֆիլմերում երաժշտությունը չի ուղեկցում պատկերներին, դրանք պարբերաբար փոխում են իրենց տարածքները:
«Ո՞ւմ հետ սկսեմ երկխոսությունը, ամեն ինչ վաճառված է»
Արդեն 14 տարի հայ կինոյին հռչակ բերած Արտավազդ Փելեշյանը ոչ մի ֆիլմ չի նկարում: «Ինչո՞ւ» հարցին պատասխանում է. «ֆինանսական պատճառներով»: «Հոմո սապիենս» ֆիլմի սցենարը տարիներ առաջ է գրել, ֆրանսիացի պրոդյուսերների հետ 3 տարի շարունակ քննարկել են ֆիլմը, բյուջե հաշվել, վերջում պարզվել է` 41 մլն ֆրանկ է անհրաժեշտ, պրոդյուսերը անհրաժեշտ գումարը չի կարողացել հայթայթել: Դեռ այն ժամանակ ռեժիսորը ցանկացել է, որ Հայֆիլմն անպայման լինի ֆիլմի հեղինակներից, նույնիսկ եթե 5 ռուբլի կարողանա տրամադրել: «Այժմ ժամանակները փոխվել են, ո՞ւմ հետ սկսեմ երկխոսությունը, ամեն ինչ վաճառված է»: Լրագրողներից մեկի հարցին` արդյոք ռեժիսորը չի՞ ցանկանում փորձել համագործակցել հեռուստատեսության հետ, պրն Փելեշյանը պատասխանեց. «Հեռուստատեսությունում 3 ֆիլմ նկարահանել եմ, հեռուստատեսությանը լավ եմ վերաբերվում, սակայն ի՞նչ է նշանակում` փորձել: Ե՞ս պետք է փորձեմ նրանց հետ խոսել, թե՞ նրանք»: Մարտ ամսին, երբ ռեժիսորը Հայաստանում էր, մշակույթի նախկին նախարար, «Հայֆիլմի» նախկին տնօրեն Գեւորգ Գեւորգյանը Ա. Փելեշյանին խոստացել է 3 տարվա ընթացքում հայթայթել «Հոմո սապիենսը» նկարահանելու համար անհրաժեշտ գումարը, սակայն կարճ ժամանակ անց նախարարի պաշտոնանկության պատճառով ծրագիրը խափանվել է: Վարպետը ոչ մեկից չի նեղանում, «նեղանալ չեմ կարող, ումի՞ց նեղանամ, գումար չկա»:
Ֆիլմ չնկարահանելու 14 տարիների սկզբում ռեժիսորն անհանգստանում էր, սակայն հետո «մեծացա, արդեն հանգիստ եմ վերաբերվում դրան, երեւի այդպես է հարկավոր»: Այժմ սցենարներ է գրում, մտքի մեջ նկարում է` հույս ունենալով, որ այն, ինչ ինքն է տեսնում, մի օր մյուսներս էլ կտեսնենք: «Հույսս չեմ կտրել», ասում է ռեժիսորը:
Կայծ ու կայծակ, ովքեր պատկերին են վստահում
«Լյումեր եղբայրներից սկսած կինոն օգտագործել էր արվեստի բոլոր հնարավորությունները` թատրոն, երաժշտություն, սակայն Փարաջանովն առաջինն էր, որ կերպարվեստը բերեց կինո: Կինոյում նա ամենամեծ անունն է ինձ համար»: Փարաջանովի ֆենոմենը Փելեշյանն այստեղ է տեսնում:
Մեկ այլ վավերագրողի` Գոդֆրի Ռեջոյի համար էլ ֆենոմեն է Արտավազդ Փելեշյանը: Երկու կինոգործիչներ, որ տարիներ շարունակ հմայվել են միմյանց ստեղծագործություննեորվ, «Ոսկե ծիրանի» շրջանակներում հանդիպեցին: Գ. Ռեջոյի գնահատմամբ, եթե ինքը կայծ է, ուրեմն Փելեշյանը կայծակ է կինոյում: Հարցին, թե որն է վարպետների տարբերությունը, Փելեշյանը պատասխանեց. «Մենք նման ենք որպես կինոռեժիսորներ` բառի բուն իմաստով, եւ տարբերվում ենք որպես կինոռեժիսորներ` բառի բուն իմաստով»: Գոդֆրի Ռեջոն էլ ավելացրեց. «Որքան ձանձրալի կլիներ աշխարհը, եթե մեկ ծաղիկ, մեկ լեզու, մեկ սեռ, մեկ եղանակ լիներ: Աշխարհի գեղեցկությունն իր բազմազանության մեջ է: Երկուսս էլ չենք վստահում լեզվի հնարավորություններին, մենք պատկերներին ենք վստահում»:
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ