«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#133, 2006-07-18 | #134, 2006-07-19 | #135, 2006-07-20


ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐԸ ՉԵՆ ՆՎԱԶՈՒՄ ՈՉ ՄԻ ՈԼՈՐՏՈՒՄ

Վերահսկել ինքն իրեն

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ոչ թե դրսի, այլ հայրենական դրամաշնորհով «Ազատականացման գործընթացների մոնիտորինգի ազգային կենտրոնը» իրականացրել է Երեւանի քաղաքապետարանի գործունեության մոնիտորինգը: Երեկ կենտրոնի նախագահ Լուսինե Մարգարյանը ներկայացրեց ուսումնասիրությունների արդյունքները կրթության ու առողջապահության, հողատարածքների աճուրդների, «մեկ պատուհանի» սկզբունքի կիրառման ոլորտներում: Ընդհանրապես, այս մինի հետազոտության նպատակը վերահսկողության միջոցով քաղաքապետարանին ավելի զգուշավոր եւ բնակիչների համար նրա գործունեությունն ավելի մատչելի դարձնելն է: Կրթության, առողջապահության համակարգերում ուսումնասիրությունն ամրագրում է այն, ինչ վաղուց տեսանելի է անզեն աչքով, ինչը սակայն որոշակի կերպափոխությունների է ենթարկվել կառավարման համակարգերում իրականացված վերջին սրբագրումներից հետո: Դպրոցներում դպրոցական խորհուրդների գործունեությունը ձեւական բնույթ է կրում: Խորհրդի անդամների մեծամասնությունն անտեղյակ է իր լիազորություններին ու պարտականություններին եւ փաստացի իրականացնում է ընդամենը դպրոցի տնօրենի ընտրություն` ըստ վերից թելադրված կողմնորոշման: Անվերահսկելի կոռուպցիայի եւ դրամահավաքության փաստը հաստատվել է բոլոր դպրոցներում: Տնօրենները, սակայն, համոզված են, որ դպրոցներում առկա կոռուպցիոն երեւույթները չեն հասել վտանգավորության աստիճանի:

Հարցված աշակերտների 69,6 տոկոսի կարծիքով բարձր դասարաններում աշակերտների հաճախելիությունը ցածր է, որովհետեւ դպրոցը չի բավարարում բուհ ընդունվելու չափանիշներին: Իսկ որոշ տնօրենների համոզմամբ, բարձր դասարանների աշակերտները ճիշտ են անում, որ չեն հաճախում դպրոց, որովհետեւ առարկաների մի մասը նրանց պետք չի գալու այնտեղ: Արձանագրվել է նաեւ կարծիքների խումբ, ըստ որի աշակերտները բացակայում են տնօրենների գիտությամբ ու փոխհամաձայնությամբ:

Ի՞նչ իրավիճակ է պոլիկլինիկաներում սպասարկումն անվճար դարձնելուց հետո: Այս ծառայությանը պետությունը 1 բնակչի հաշվով տարեկան հատկացվում է 20-25 դոլար գումար: Սակայն բուժաշխատողների համոզմամբ, այս գումարը խիստ փոքր է անվճար սպասարկում իրականացնելու համար: Փաստորեն, ավելացնելով պոլիկլինիկաներին տրվող գումարը, պետությունը մյուս ձեռքով նրանցից վերցրել է անվճար ծառայություններից ստացվելիք գումարները:

Առաջներում վճարովի ծառայություններից եկած գումարների հաշվին փորձ էր արվում ինչ-ինչ խնդիրներ լուծել, հիմա, երբ դրանք չկան, իրավիճակը բարդացել է: Այսօր մայրաքաղաքի բոլոր պոլիկլինիկաներում տարիներ այս հաստատություններ չհաճախած մարդկանց մեծ հոսք է: Այնուամենայնիվ, բնակիչների 70,7 տոկոսը նշել է անվճար սպասարկման հետ կապված նոր արատավոր իրողություններ` անբարեխիղճ, կոպիտ վերաբերմունք ու անորակ սպասարկում:

«Ազատականացման գործընթացների մոնիտորինգի կենտրոնը» ուսումնասիրել է անցած տարվա եւ այս տարվա առաջին եռամսյակում քաղաքապետարանին հղված դիմում բողոքներն ու հողատարածքների վաճառքի եւ վարձակալության 40 որոշում: Շատ դեպքերում հողատարածքների աճուրդային գները շուկայականից ցածր են եղել 25 տոկոսով, այսինքն համապատասխանաբար պետբյուջե չեն մտել պատկառելի գումարներ:

Ինչ վերաբերում է «մեկ պատուհանի» սկզբունքի կիրառմանը, հարցվածների 56,1 տոկոսը քաղաքապետարանի հետ կապված խնդիրները լուծելու համար շարունակում է ապավինել միջնորդներին: «Մեկ պատուհանը» չի նպաստել քաղաքապետարանի աշխատանքի հանդեպ վստահության առաջացմանը: Հարցումների համաձայն, քաղաքացիների 41,8 տոկոսը գտնում է, որ այս մեթոդը լուրջ դերակատարում չի ունենա քաղաքապետարանում առկա կոռուպցիոն ռիսկերի նվազեցման գործում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4