«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#133, 2006-07-18 | #134, 2006-07-19 | #135, 2006-07-20


ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

Կողքի սյունակներում ամբողջությամբ հրատարակելով Վ. Իշխանյանի այս նամակը, ցանկանում ենք, առաջինՙ հավատարիմ մնալ թերթիս սկզբունքինՙ յուրաքանչյուր կարծիք ու տեսակետ, անգամ եթե հակասում է խմբագրությանս կեցվածքին, արժանի է հրապարակվելու, եթե վերաբերում է կարեւոր խնդրի, առնչվում է հասարակության կամ պետության շահերին, մանավանդ եթե այդ հարցին, ինչպես այս պարագայում, անդրադարձել ենք նախապես:

Երկրորդՙ Վ. Իշխանյանի այս նամակը հաստատում է մեր թերթում նախապես գրվածն իր մասին: Նա ոչ միայն եւ ոչ այնքան արձանագրում է փաստերը, այլ փաստորեն ջատագովում է միասեռականներին, փորձելով մարդկանց մեջ խղճահարություն առաջացնել նրանց նկատմամբ, չխորշելով նրանց սրբապղծությունը նկարագրել իրեն հատուկ «պրոֆեսիոնալիզմով»: Նա իր «Սեր եւ հավատարմություն», գաղտնի ամուսնություն վախի մթնոլորտում» վերնագրով հոդվածում, փոխանակ խուսափելու մեր ժողովրդի սրբություն-սրբոց Էջմիածնի անունը նշելուց, եւ ի սկզբանե գիտենալով, թե հասարակության մեջ ինչ արձագանք կգտնի այն, իր պաշտպանյալ միասեռականների մասին արձանագրում է. «Հարութն ու Միշան անցյալ երկուշաբթի Էջմիածնում ամուսնացան»: Ճիշտ է, հաջորդ տողերում գրում է, թե «իհարկե, դա խորհրդանշական արարողություն էր, քանի որ Հայ առաքելական եկեղեցին չի ընդունում միասեռականների ամուսնությունը», սակայն ինքն էլ հասկանում է, որ նախորդ տողը շփոթեցնող եւ այլասերող ինչպիսի ազդեցություն է արդեն գործել ընթերցողի վրա:

Երրորդՙ Վ. Իշխանյանը մեզ մեղադրում է ռամկավար-ազատական գաղափարախոսությանը չհետեւելու, իր բառերովՙ սուտ խոսելու եւ այլատյացության մեջ: Ի գիտություն իրեն ասենք, որ մեզ համար չկան փակ թեմաներ եւ նախատրամադրվածություններ: Ապացույցՙ դեռեւս 2000 թ.-ին, երբ Վ. Իշխանյանը դեռ չէր հայտնաբերել իր «նորապսակ» միասեռականներին, «Ազգը» տպում էր հայ միասեռականների փարիզյան AGLA կազմակերպության նամակը եւ խորհրդածություններ կատարում այդ առթիվ: Ինչ վերաբերում է կրոնական փոքրամասնություններին (եհովականներ, հոգեգալստականներ եւ այլն), մեր թերթը քննադատել ու քննադատելու է նրանց ագրեսիվության եւ մոլորեցնող քարոզչության համար: Մեզ համար ռամկավար-ազատական գաղափարախոսությունն ազգային ուղղություն է: Հետեւաբար ազգային առաջնահերթությունները գերակայում են բոլոր պարագաներում: Այլ խոսքով, եթե որեւէ երեւույթ, շարժում կամ կազմակերպություն վնասում է ազգային մեր միասնությանը եւ շահերին, պետք է քննադատվի, այդ թվում նաեւ սեռական շեղվածություն քարոզողները: Ինչ վերաբերում է ազգային եւ մշակութային փոքրամասնություններին, մեր թերթի 15 տարվա պատմության մեջ անհանդուրժողական ոչ մի դրսեւորում չի արձանագրվել նրանց նկատմամբ: Թեեւ, խոստովանենք, պատրաստվում ենք անցյալ դարի 60-ական թթ.-ին Արեւմուտքում ծագած սեքսուալ հեղափոխությունն այսօր միայն հայտնաբերած վիոլետգրիգորյանական տիպի «մշակութային» այլանդակություններին անդրադառնալ մոտ ապագայում:

Վերջումՙ մի քանի ճշգրտումներ ի գիտություն Վ. Իշխանյանի:

- Հետաքննող լրագրողների «Հետք», ինչպես նաեւ «Ռեգիոն» կենտրոնի տրամադրած նյութերն «Ազգը» տպագրում է ոչ գրանտային սկզբունքով, պարզապես տպագրության եւ թղթի ծախսը գանձելով հիշյալ կազմակերպություններից, քանզի կարծում է, որ նրանք օգտակար գործ են կատարում Հայաստանի խուլ շրջաններում բնակչության դժխեմ կյանքը ներկայացնելով ու կամ հայ եւ ադրբեջանցի փորձագետների տեսակետներն իրար հակադրելով:

- Armenianow-ի հովանավոր Հայկական (եւ ոչ թե Հայ) բարեգործական ընդհանուր միությունը չի հիմնադրվել ՌԱԿ-ի կողմից: Հիմնադրվել է 1906 թ.-ին Կահիրեում, իսկ ՌԱԿ-ըՙ 1921 թ.-ին Պոլսում: Պարզապես այս երկու կազմակերպությունները պատմականորեն սերտ համագործակցության մեջ են գտնվում: Չէր խանգարի հովանավորի պատմության մասին տարրական գիտելիքներ ունենալը:

Ամենավերջում ցանկանում ենք կրկին շնորհակալություն հայտնել Վ. Իշխանյանին «Ազգի» դժվարին օրերին` 10 տարի առաջ, նեցուկ կանգնելու համար: Չենք մոռանա:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4