«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#134, 2006-07-19 | #135, 2006-07-20 | #136, 2006-07-21


«ԱԶԳԻ» ՀԱՏՈՒԿ ԹՂԹԱԿԻՑԸ ԲԵՅՐՈՒԹԻՑ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է

Լիբանանը կանգնած է ահավոր աղետի առաջ...

Արդեն 9-րդ օրն իսրայելյան ուժերն անխնա ռմբահարում են Լիբանանի տնտեսական, ազգային, մարդասիրական կառույցները, չխնայելով անզեն բնակչությանը, մանուկներին եւ անկարներին: Միջազգային բողոքի ալիքըՙ գլխավորությամբ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի, ուռճանում է, մանավանդ որ, ըստ ՄԱԿ-ի տվյալների, արդեն 150 000 լիբանանցիներ լքել են երկիրը, 350 000 քաղաքացիներ զրկվել են բնակարաններից ու փախել դեպի հյուսիսՙ 10 000 քառ. կմ տարածք ունեցող Լիբանանում: Մինչ Բեյրութի նավահանգստից մարտանավերի հսկողության տակ դուրս են բերվում օտարերկրյա հազարավոր քաղաքացիներ, պաշարված երկիրն այսպիսի պայմաններում գնում է դեպի լիակատար կործանում: Ազգաբնակչությունը կանգնում է սովամահության, բժշկական անհրաժեշտ սարքերի ու դեղերի անբավարարության, վառելանյութի չգոյության եւ այլ տառապանքների մարդկային ահավոր աղետի առաջ:

Ռազմական գործողությունները մինչեւ այժմ ոչ մի բեկումնային հարված չեն հասցրել «Հզբոլլահին»: Հրթիռային հարվածները հասնում են մինչեւ Հայֆա եւ Նասերաՙ Իսրայելի խորքը: ԱՄՆ-ի ղեկավարությունը «կանաչ լույս» է տվել Իսրայելինՙ մի շաբաթ եւս շարունակել պատերազմըՙ մինչեւ այժմ մերժելով «մարդկային հրադադար» հաստատելՙ ժամանակավորապես թույլ տալ կործանված Լիբանանին «շունչ քաշելու» իր արդի պատմության մեջ չտեսնված այսպիսի ողբերգությունից:

Եթե պատերազմը շարունակվի առանց հրադադարի, ապա եւ ոչ ոք չի կարող կանխատեսել, թե պատերազմի մեջ կարող են ներքաշվել տարածաշրջանային շատ պետություններ, անկանխատեսելի հետեւանքներով եւ բյուրավոր զոհերով:

Հ. ՄՈՍԿՈՖՅԱՆ, Բեյրութ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4