«Ազգ»-ի հարցազրույցը Հայաստանում Լիբանանի դեսպան Ժեբրայիլ Ժեարայի հետ
- Ինչպե՞ս եք գնահատում Մեծ ութնյակի վերջին հայտարարությունը Լիբանանի վերաբերյալ: Միակողմանի չէ՞ր արդյոք: Կա՞ այնտեղ որեւէ հատիկ, որից կարելի է կառչել հրադադարի հասնելու համար:
- Մեծ ութնյակի հայտարարությունը ընդհանուր էր եւ չանդրադարձավ խնդրի էությանը, որը պատճառ դարձավ պատերազմի սաստկացմանը Լիբանանում: Իսրայելցիները ցանկանում են ազատ արձակել 2 զինվորներին, «Հզբոլլահը» ցանկանում է նախ զինադադար կնքել, իսկ հետո` բանակցել:
- Որոնք են պատերազմի բռնկման պատճառները:
- Պատերազմի բռնկման ուղղակի պատճառն էր իսրայելցի զինվորների առեւանգումը «Հզբոլլահի» կողմից: Սակայն կան բազմաթիվ այլ պատճառներ: Դրանցից ամենակարեւորն է Իսրայելի բանտերում բանտարկված լիբանանցիների, այդ թվում Սամիր Կանտառի հարցը, որը բանտարկվել է 27 տարի առաջ: Իսրայելը գրավման տակ է պահում նաեւ լիբանանյան հողեր, այդ թվում` Շբայի ագարակները եւ Քֆր Շուբայի սարերը: Հարկ է նշել, որ լարված իրավիճակը տարածաշրջանում, այդ թվում Հորդանան գետի արեւմտյան ափում, Գազայում, Իրաքում, ինչպես նաեւ` Իրանի միջուկային զենքի հարցը, ընդհանուր լարվածություն է ստեղծել այս տարածաշրջանում:
- Ի՞նչ նոր զարգացումներ են արձանագրվել ռազմական գործողություններում եւ դրանց հետեւանքները:
- Իսրայելի շղթայազերծած պատերազմը հենց սկզբից վերածվեց ոչնչացման ծրագրված պատերազմի: Ոչնչացվեցին բոլոր ենթակառույցները` կամուրջներ, ճանապարհներ, օբյեկտներ, օդանավակայաններ, որոշ բնակելի շենքեր եւ գործարաններ: Պատերազմի առաջին օրերին Լիբանանը տվել է ավելի քան 350 զոհ եւ հազարավոր վիրավորներ, ավելի քան 500 000 լիբանանցի գաղթականներ: Տնտեսագետների գնահատմամբ վնասները հասել են 2,5 միլիարդ դոլարի, որը հավասար է Հայաստանի 2,5 տարվա բյուջեին: Սննդամթերքը սպառվել է, գյուղերը շրջափակվել են, նախագահ Շիրակը առաջարկել է ապահով միջանցք բացել, որպեսզի հնարավոր լինի սննդամթերքի եւ դեղորայքի տեղափոխումը Լիբանան: Մինչ օրս նրա առաջարկը պատասխան չի գտել:
- Մինչեւ օրս կատարված միջազգային ջանքերը ինչպե՞ս եք գնահատում:
- Տարածաշրջան այցելեց Եվրոմիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով քարտուղար Խավիեր Սոլանան, բանակցություններ վարեց Բեյրութում եւ Թել Ավիվում, սակայն շոշափելի արդյունքների չհասավ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը պատվիրակություն ուղարկեց Լիբանան: Երկու օր մնալուց հետո պատվիրակությունն այցելեց Իսրայել: Մինչ օրս գործնական ոչ մի նախագիծ չի առաջադրվել: Լիբանան այցելեց նաեւ Ֆրանսիայի վարչապետը, արտգործնախարարի ուղեկցությամբ, նա առաջարկեց մարդասիրական զինադադար կնքել, սակայն նրա կոչն անպատասխան մնաց: Երեք օր առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հատուկ նիստ գումարեց Լիբանանում իրավիճակը քննարկելու համար: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրները չկարողացան ընդունել մի բանաձեւ Լիբանանում զինադադարի վերաբերյալ: Այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ է հրավիրելու Լիբանանում իրավիճակը քննարկելու համար: Մենք անհամբեր սպասում ենք նիստի որոշումներին:
- Կարո՞ղ են բռնություններն ու վայրագությունները վերածվել քաղաքացիական բախումների ու հակամարտությունների:
- Ոչ, ընդհակառակը: Իսրայելական գործողությունները համախմբեցին Լիբանանի ժողովրդին: Բոլորը սկսեցին օգնել գաղթականներին, բացելով իրենց դռները նրանց առջեւ: Եկեղեցիները բացեցին իրենց դռները: Բոլոր բարեգործական կազմակերպությունները, այդ թվում քրիստոնեականները, մասնավորապես Քարիտասը, բժշկական եւ այլ օգնություն ցուցաբերեցին սիրելի Լիբանանի տեղահանվածներին:
- Ինչպիսի՞ լուծում է տեսնում Լիբանանի կառավարությունը:
- Լիբանանի կառավարությունն իր վերջին նիստից հետո հայտարարեց հետեւյալ քայլերի մասին. ընդհանուր եւ անհապաղ զինադադար ՄԱԿ-ի հովանու ներքո, Լիբանանի պետության իշխանության տարածումը լիբանանյան ողջ տարածքներում ՄԱԿ-ի հետ համագործակցությամբ, վերադարձնել բոլոր գրավյալ տարածքները, պետական կատարյալ քաղաքականություն վարել դրանց նկատմամբ, կիրառել 1949թ. զինադադարի համաձայնագիրը, Լիբանանի եղբայրական եւ բարեկամական պետություններին կոչ անել օգնելու իրեն, դադարեցնել ագրեսիան եւ ցուցաբերել մարդասիրական օգնություն:
- Ինչպիսի՞ն է լիբանանահայ համայնքի վիճակն այսօր:
- Հայերին մինչ օրս վտանգ չի սպառնում: Կարող եմ հավաստել, որ իմ տեղեկություններով ոչ մի հայ եւ հայկական հիմնարկ վնաս չի կրել: Հայերը Լիբանանի անքակտելի մասն են, նրանք մնացած լիբանանցիների հետ պահպանում են Լիբանանը դժվարին օրերին, մասնակցում են նրա վերակառուցմանը, նպաստում են կայունությանը:
- Ի՞նչ ունեք ավելացնելու:
- Շնորհակալություն եմ հայտնում հայկական հասարակական եւ պաշտոնական շրջանակներին, որոնք զորավիգ եղան Լիբանանին այս դժվարին օրերին: Հայ ժողովուրդը հավատարիմ ժողովուրդ է: Միայն մեծ ժողովուրդներին է հատուկ հավատարմությունը: Կարող եմ վստահեցնել Լիբանանի բոլոր բարեկամներին, որ այս փոքր երկիրը փյունիկի նման կհառնի մոխրից: Միշտ վերացել են Լիբանանի թշնամիները, իսկ նա հարատեւել է: Ինչպես ասել է Հովհաննես Պողոս Երկրորդ Պապը` Լիբանանը ավելի քան երկիր է, այն պատգամ է: