Արդեն Երեւանում Հայաստանի հեռուստատեսությունը իրազեկեց, որ Իսպանիայում ձերբակալվել են տասից ավելի հայ հանցագործներ, որոնք այդ արեւաշատ երկրում զբաղվել են մեքենաների ապօրինի վաճառքով: Իսկ մինչ այդ Ռուսաստանի ԶԼՄ-ները լայնորեն տարփողել էին, որ այդ նույն Իսպանիայում ձերբակալվել են Մագադանի նահանգապետ Վասիլի Ցվետկովի սպանության մասնակիցներից երկուսը, որոնցից մեկը նույնպես հայ է: Պարարտ հող կովկասցիների քրեականության թեզի զարգացման համար:
Հատկապես այս երկրորդ պարագայում հայազգի մարդասպանների անունների հիշատակումները ծանր տպավորություն են գործել ռուսահայության վրա: Եթե մենք ընդվզում ենք, եւ միանգամայն իրավացիորեն, Մոսկվայում երկու հայ պատանիների դաժան ու անմիտ սպանությունների կապակցությամբ, ապա ի՜նչ զգացում կարող է մեր մեջ առաջացնել մեր վայ-հայրենակիցների մասնակցությունը պետական բարձրաստիճան ռուս պաշտոնյայի դեմ մահափորձին օրը ցերեկով, Մոսկվայի հանրահայտ Նոր Արբատ փողոցում (նախկին Կալինինի պողոտա), որտեղ գտնվում է նահանգական ներկայացուցչությունը:
Ասես որպես ռեւանշ էին հնչում Ռուսաստանի հեռուստաէկրաններից ազդարարվող հիշատակումները հատկապես «Հայաստանի ծնունդ» հանցագործների մասին (երեքըՙ մահափորձի յոթ մասնակիցներից): Եվ ոչինչ, եթե նույնիսկ նրանցից մեկի ազգանունը (Արթուր Անիսիմով) հայկական չէ, իսկ մեկն էլ, ըստ որոշ տվյալների, Ադրբեջանի «ծնունդ» է: «Հանցագործների մի մասը վերադարձել էր Հայաստան եւ այնտեղից մեկնել Արաբական Էմիրություններ», հեգնորեն հավատում են թերթերը:
Միամտություն կլիներ պահանջել, որ Մասիս Ախունցի կամ Մարտին Բաբակասյանի նման տականքները «մտածեն» մի ամբողջ ժողովրդի խայտառակելու մասին: Ապշեցնում է սրանց բթամտությունը. մի՞թե պարզ չէր, որ նահանգապետի մակարդակի անձնավորության սպանությունը, այն էլ իր աննախադեպ լկտիությամբ որպես իրավապահ մարմիններին ուղղված բացահայտ մարտահրավեր, չի կարող անհետեւանք մնալ, անպայման կբացահայտվի ու մասնակիցները խստագույնս կպատժվեն:
Ըստ մոսկովյան մամուլի, Հայաստանի իրավապահ մարմիններն օգնություն են ցույց տվել գործի հետաքննության ժամանակ (մասնավորապես Երեւանում է ձերբակալվել Անիսիմովը): Գուցե պետք է առհասարակ ավելի ակտիվացնել աշխատանքների կոորդինացումը երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջեւ: Գուցե պետք է ուժեղացնել ՀՀ ՆԳՆ-ի պաշտոնական ներկայացուցչությունը Մոսկվայում: Չպետք է հաշտվել կովկասցիների, այդ թվում նաեւ հայերիս քրեականության մասին ստեղծված մտայնության հետ:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա-Երեւան