«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#134, 2006-07-19 | #135, 2006-07-20 | #136, 2006-07-21


ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿԱՍԿԱԾՈՒՄ ԵՆ ԵԱՀԿ ԱՆԱՉԱՌՈՒԹՅԱՆԸ

Ադրբեջանի արտգործնախարարությունը ներկայումս ուսումնասիրում է ԵԱՀԿ գործող նախագահ Կառլ դե Գուխտի յոթ էջանոց զեկույցը, որը տեղում ուսումնասիրությունից հետո պատրաստել է վերջինիս անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Իսկ տեղը ղարաբաղյան հակամարտության կողմերի ռազմական ուժերի շփման գիծն է, որտեղ ադրբեջանական պրոպագանդիստական մտքի հնարքով մեծ տարածությունների հրկիզում է կազմակերպում իբր հայկական կողմը, եւ որտեղ Կասպրչիկը եղել եւ մոնիտորինգ է իրականացրել հուլիսի 3-5-ը:

Այս տեղեկացմանը զուգընթաց «DAY.az» գործակալությունը շարունակում է հավատալ ու հավատացնել, որ հայկական կողմը որեւէ կերպ չի հրաժարվում հրկիզումներ կազմակերպելուց: Ավելին, գտնվել է ԵԱՀԿ ներկայացուցիչների ազնվությունը կասկածի տակ առնող ադրբեջանցի «մտավորական», որին կոչում են Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի առաջնորդ. «Հարկավոր է ճնշում գործադրել միայն Հայաստանի իշխանությունների հանդեպ: Բոլոր հանցագործություններն իրականացնում է ագրեսոր Հայաստանը: Ցավոք, այդ հարցում միջազգային կազմակերպությունները երկակի ստանդարտներով են առաջնորդվում», համոզմունք է հայտնել առաջնորդ կոչվածը: Վերջինս ավելի հեռուն էլ է գնացելՙ «Trend»-ի տեղեկացմամբ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովից պահանջելով Հայաստանին ճանաչել ագրեսոր պետություն:

Թերեւս սա էլ ադրբեջանական մտքի հնարք է:

Պաշտոնական Ադրբեջանը, ի դեմս արտաքին գործերի նախարարության, երեկ երեկոյան համապատասխան հայտարարություն տարածեց ԵԱՀԿ գործող նախագահ Կառլ դե Գուխտի զեկույցի առնչությամբ. «Անհրաժեշտ է նշել, որ հրդեհների փաստը նշված զեկույցում հաստատվել է: Մենք հիմնական հանգամանք ենք համարում հրդեհների դեմ պայքարի միջոցների երկու կողմից էլ անբավարար լինելու եւ հրդեհների վերացման համար միջազգային օգնության անհրաժեշտության մասին թեզը: Այսինքն խոսքը հակահրդեհային սարքավորումների ջրի անբավարարության շտկման մասին է: Ադրբեջանը պատրաստակամ է եւ մտադիր է շարունակել համագործակցությունը ԵԱՀԿ եւ այլ միջազգային կազմակերպությունների, առանձին երկրների հետ նշված ուղղությամբ: Ադրբեջանը գիտակցում է էկոլոգիական աղետը, այն էկոլոգիական հարվածը տարածաշրջանին, որը հասցվում է ստեղծված իրավիճակով: ԱԳՆ ղեկավարությունը շարունակում է մշտական վերահսկողության տակ պահել խնդիրը ու ծրագրում է կապվել ԵԱՀԿ եւ այլ միջազգային կազմակերպությունների հետ նշված ոլորտում ակտիվ քայլեր ձեռնարկելու համար»:

Փաստորեն պաշտոնական Ադրբեջանը, այնուամենայնիվ, գիտակցում է իր անհեթեթ պնդումների ծիծաղելիությունը:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4