«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#134, 2006-07-19 | #135, 2006-07-20 | #136, 2006-07-21


ՌՈՒՍԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՀԱՆԴԵՍՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՀԱՅ ՈՍԿԵՐԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ

Ընդգծելով Գագիկ Աբրահամյանիՙ այդ կազմակերպության նախագահ ընտրվելը

Ռուսական հեղինակավոր «Ювелирноеобозрение» հանդեսն այս տարվա մայիսի համարում «ПритяжениеBaselWorld» հրապարակմամբ անդրադարձել է ապրիլի 1-ին Բազելում տեղի ունեցած Հայ ոսկերիչների համաշխարհային կազմակերպության (AJA) համագումարին: Հոդվածագիրները, նշելով, որ այդ կազմակերպությունը միավորում է ծագումով «այդ փոքրիկ երկրից» (Հայաստանից-Ա. Մ.) դուրս եկած եւ Եվրոպայում, Ամերիկայում ու Ավստրալիայում ապրող հայերին, ընդգծում է, որ կազմակերպության նախագահ է ընտրվել հայաստանցի գործարար, ոսկերչական եւ ադամանդագործական խոշոր ընկերությունների (DCA եւ JCA) ղեկավար Գագիկ Աբրահամյանը: «Դա Հայաստանի Հանրապետության գործարարության եւ նրա լավագույն ներկայացուցիչների հանդեպ վստահության ցուցանիշ է», նշվում է հրապարակման մեջ, ավելացնելով, որ AJA-ի փոխնախագահ եւ ռուսաստանյան կառույցի ղեկավար է ընտրվել մոսկովյան «Էսթետ» ընկերության նախագահ Գագիկ Գեւորգյանը:

«Եվրոպա» հյուրանոցում AJA-ի հանդիսավոր երեկոյին հրավիրված «Ювелирноеобозрение»-ի գլխավոր խմբագիրն ականատես է եղել, թե Հայաստանի, իրենց բիզնեսի հաջողությունների մասին ինչ հպարտությամբ էին արտահայտվում տարբեր երկրները ներկայացնող հայ ոսկերիչներն ու ադամանդագործները: Վերադառնալով Հայ ոսկերիչների համաշխարհային կազմակերպության գործունեությանը, հրապարակման հեղինակները նշում են, որ չնայած ազգային պատկանելության գործոնը գերակշռում է, բայց կազմակերպությունը ձեւավորվում է փոխադարձ գործարար հետաքրքրությունների հիման վրա:

Ի դեպ, տեղեկացնենք, որ այսօր «Արմենիա Մարիոտ» հյուրանոցում տեղի կունենա աշխարհահռչակ «Սմոլենսկի բրիլիանտ» երեւանյան ադամանդատան շնորհանդեսը, որը Գագիկ Աբրահամյանի գործարար հաջողությունների եւս մեկ ապացույց է: Ակնկալվում է, որ շնորհանդեսին ներկա կլինեն Հայաստանի կառավարության, օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, արվեստի հայ եւ ռուս գործիչներ:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4