«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#134, 2006-07-19 | #135, 2006-07-20 | #136, 2006-07-21


ԼԵՌՆԱՅԻՆ ԳՅՈՒՂԻ ՉՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ

Արտավանը զբոսաշրջային ու առողջարանային անզուգական հնարավորություններ ունի

«Մեր գյուղում մարդիկ հիվանդանում են գարնանն ու աշնանը, երբ ճանապարհները բաց են», ասում է համայնքապետ Մանվել Գեւորգյանը: Գյուղի ամենամեծ խնդիրը հենց համայնքային եւ միջհամայնքային ճանապարհներն են, որ վաղուց հիմնական նորոգումների կարիք ունեն: Եղել են ձմեռներ, որ շաբաթներով կտրվել են դրսի աշխարհից: Ձմռանը արտավանցին իր առողջության հանդեպ ծայրահեղ զգույշ է, եւ գուցե դրանից է, որ հիվանդության խնդիրներ այդ ամիսներին իսկապես չեն լինում:

Դեպի գյուղ տանող ճանապարհը երկար է: Արտավանը մայրուղուց կտրված հեռավոր լեռան լանջին է, մոտ 40 րոպե ճանապարհ անցնելուց հետո ոչ մի կենդանի շունչ, ոչ էլ որեւէ մեքենա չհանդիպեց ճանապարհին: Աշխարհի լավ ու վատից, քաղաքական ու արտաքաղաքական ժամանակակից տեղեկատվության դրականից ու բացասականից կտրված գյուղի բնակիչները փոխարենն իրենց մշտապես հովեկներ են զգում:

Կանաչն առողջ է ու հուռթի այստեղ, կենարար ու լույսով հագեցած, պտղատու ծառերը հակված գյուղական նեղ փողոցների եզրերին:

Մերձակա ձորերը ձգվող հորիզոնի լայնությունը թափանցում է նաեւ քաղաքային հոգսերից նեղսրտած մարդու հոգին ու նրան ստիպում խոր շունչ քաշել: Շոգ կեսօրին գյուղական ամայի փողոցների կենդանի շունչը մտահոգ դես ու դեն շարժվող հնդուհավերն են: Ձորի պռնկին նիհար ու քնձռոտ մի ձի վտանգը չհասկանալով համառորեն խոտ է պոկում դեպի անդունդը հակված ժայռի վրայից: Գյուղական հովվերգության արժեքը գնահատող մարդու համար այս գյուղն իսկական հայտնություն է: Բացի այն, որ Արտավանը հնության սիրահար մարդուն ամեն պահ նաեւ անակնկալներ կարող է մատուցել: Գյուղը պատմական տարածքում է, այստեղ պահպանվում են 14-րդ դարի կամուրջը, 17-րդ դարի եկեղեցական համալիրը, գյուղի վերեւի մասում խաչքարերի ինքնատիպ համալիրով Պռոշյան եւ Օրբելյան տոհմի իշխանական գերեզմանատունն է:

Մաքուր օդ, երկնային խաղաղություն, քաղաքակրթությունից չաղարտված բնության մեջ մարդիկ ապրում են բնության տվածով ու իրենց աշխատասիրությամբ: Ապրում են համարյա Ռոբինզոնի կենցաղով, գյուղապետից մինչեւ ամենափոքր արտավանցին: Արտավանի համայնքապետը մեզ դիմավորում է ցեխաջրից աղտոտված ոտքերով, կարտոֆիլ էր ջրում: Արփայի վտակներից մեկն անցնում է հենց տան կողքով, զովացնելով, ծաղկացնելով շուրջբոլորն ու գյուղապետի համեստ տունը դրախտի անկյուն դարձնելով:

Բացի խաղողից ամեն ինչ աճում է այստեղ, բայց ոչ հողագործությունից, ոչ անասնապահությունից օգուտ չի ստանում արտավանցին: Արգավանդ արոտավայրերը սահմանամերձ են, չնայած պաշտոնապես գյուղը սահմանամերձ չի համարվում, բնակչությունը դրանցից չի կարողանում օգտվել: Իշխում է բնատնտեսությունը. գյուղացիներն իրենց պանիրը, կաթը, ձուն, խնձորն ու ընկույզը փոխանակում են քաղաքացիների մակարոնեղենի, աղի ու լուցկու, սուրճի հետ: Կամ էլ արտադրած մթերքը ջրի գնով տալիս են, տանջվում ու սոված մնում:

Պետության հիշողությունն այս գյուղի վերաբերյալ տարեկան 1,5 մլն դրամ դոտացիան է, որ գնում է աշխատավարձերին ու սոցիալական վճարներին: 2001 թ.-ից աշխատավարձի 8,5 մլն դրամի պարտք ունեն:

Սահմանամերձ գյուղը գտնվում է ծովի մակերեւույթից 1720 մ բարձրության վրա: Բայց ոչ սահմանամերձի, ոչ բարձր լեռնային գոտու բնակավայրի արտոնություններ ու վճարներ նկատի չեն առնվում, ոչ էլ դոտացիայի մեջ են արտահայտվում:

Համայնքապետը հարկերը չի կարողանում հավաքել, մինչեւ 500 դոլար հողի հարկի պարտք ունեցող կա գյուղում: Ոչինչ չի կարող անել նրանց հետ. դատարան տալն անիմաստ է, որովհետեւ անվճարունակ են: Հողի հարկի 40-50 տոկոսն է կարողանում հավաքել: Գույքահարկի մի մասն էլ մեռածների անուններով են: Հարկի վճարման ծանուցագրերը գալիս են հին անուններով: Գյուղի կտրվածության, միջոցների բացակայության, քաշքշուկներից վախենալու պատճառով գյուղացիները չեն փոխում ժառանգած սեփականության հասցեատերերին:

Երիտասարդները քիչ են, գյուղում հիմնականում ծերեր են ապրում: Մինչդեռ գյուղի զբոսաշրջային հնարավորությունները կարող են լիովին փոխել նրա կյանքը:

«Այս ջրային ռեսուրսի, այսպիսի հող ու ջրի պայմաններում միթե՞ չկա մի հիմնադրամ, որ մտածի այստեղ ամառանոցային գոտի ստեղծելու մասին», ասում է համայնքապետի եղբայրը, որ գյուղական դպրոցի համեստ ուսուցիչ է: Դպրոցն օտար լեզվի, ռուսերենի մասնագետներ չունի: «Վճարման համակարգ պիտի լինի, որ դրսի մանկավարժը գա այստեղ աշխատելու: Նույնիսկ մարզկենտրոնից այստեղ եկող ուսուցչի տրանսպորտի վճարը չեն տալիս»:

Գյուղը տուրիստական հրաշալի հնարավորություններ ունի նաեւ ձմռան համար: Նոյեմբերից ձյունը գալիս է, ապրիլին` հեռանում: Նաեւ ձմռանը կարելի է այժմ անտառածածկ բլուրների վրա լեռնադահուկային սպորտ զարգացնել: Հետաքրքրական մի փաստի էլ հաղորդակցվեցի Արտավանում: Այստեղ հանդիպեցի Երեւանի փողոցներից բերված փողոցային, թափառաշրջիկ երեխաների: Պարզապես այդ երեխաներից մեկի հեռավոր հարազատը մտածել է մի այսպիսի աստվածահաճո գործ անել, իսկ հետո բերել է եւս 2 երեխայի: Մաքուր բնության ու աշխատանքի մեջ երեխաները մոռացել են անցյալի մղձավանջները, թողել ծխելն ու ծանր կյանքից ծնված վատ սովորույթները: Իսկապես հայտնություն ժամանակակից մանկավարժության գունագեղ փորձարարությունների, բարեփոխումների ու գիտափորձերի մեծ մասամբ անպտուղ խայտաբղետության մեջ:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4