Սանդրո Սարդարյանի «Հայաստանը քաղաքակրթության օրրան» ծավալուն աշխատությունը լիովին վերականգնել է Հայաստանի նախնադարյան հասարակության քարի ու պղնձի դարերի պատմության զարգացման առաջընթացը եւ որոշել նրա ժամանակագրությունը: Հեղինակի համար ուսումնասիրության աղբյուր է եղել միայն հնագիտական հուշարձաններից հայտնաբերված նյութական մշակույթը, որը հնարավորություն է տվել բացահայտելու առանձին մշակույթների փոխադարձ կապերը, ցույց տալու Հայաստանի ցեղերի գրաված տեղը Առաջավոր Ասիայի ժողովուրդների վաղ շրջանի պատմության մեջ:
«Հայաստանի հեռավոր անցյալի պատմությանը նվիրված այս աշխատությունն ամփոփում է ավելի քան 40 տարվա ընթացքում մեր հայտնաբերած նոր հուշարձանների ու դրանց պեղածո նյութերի հետազոտությունների արդյունքները: Օգտագործվել են նաեւ սակավաթիվ այն նյութերը, որոնք հայտնի էին նախքան մեր հետազոտությունները, ինչպես եւ վերջերս Արեւմտյան Հայաստանում եվրոպացի հնագետների հայտնաբերած նոր նյութերը: Ներկայումս ավելացել է քարի ու պղնձի դարերի հուշարձանների թիվը, ինչի շնորհիվ էլ աննախընթաց վերելք է ապրում նրա ուսումնասիրման գործը: Հայաստանի տարածքում Ք.ծ.ա. V-III հազարամյակներն ընդգրկող պղնձաքարային դարաշրջանի բնակատեղիների ուսումնասիրությունը բացահայտեց նրա ծագման ու զարգացման 3 աստիճաններըՙ վաղ, միջին ու ուշ պղնձի դարը», աշխատության նախաբանում գրել է Սանդրո Սարդարյանը:
Նա նկատել է, որ քարի ու պղնձի դարերի գոյության հարյուր հազարավոր տարիների ընթացքում մարդկությունն անշարժ կանգնած չի եղել մի աստիճանի վրա, Հայաստանի հնագույն բնակիչները եւս քարի ու պղնձի դարերի ընթացքում անցել են մեծ ու դժվարին պատմական ուղի, մաքառել են, կերտել իրենց պատմությունը, թեւակոխել հասարակական կյանքի նորանոր առաջադիմական փուլեր:
Հայաստանի նոր քարի ու պղնձի դարերի մասին հավաքած մեծ քանակությամբ փաստական նյութը նրան հիմք է տվել ապացուցված համարելու նստակյաց կյանքի անցած մարդու գոյությունն ու նրա անընդհատ զարգացումըՙ նոր քարի դարից մինչեւ պղնձի եւ բրոնզի դարերը: Այդ ժամանակաշրջանի ճիշտ լուսաբանումը պատմագիտության մեծ կարեւորություն ունեցող խնդիրներից է:
Նախաբանում նա նաեւ նշել է, որ մինչեւ վերջին քառասնամյակը լիովին բացակայել է Հայաստանի քարի դարի ժամանակաշրջանի նյութական մշակույթի մնացորդների մասնագիտական ուսումնասիրությունը, անհայտ են եղել քարեդարյան կայաններն ու բնակավայրերը: Այդ իսկ պատճառով նման կայաններից ու բնակավայրերից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդների ուսումնասիրությունը գիտական տեսակետից մեծ արժեք է ներկայացնում: Պեղումներով հայտնաբերված երկրաբանական, հնագիտական, մարդաբանական հարուստ եւ արժեքավոր նյութերը հաստատում են Հին Արեւելքի ավանդություններում պահպանված տեղեկությունները Հայաստանի մասին, վերստին ցույց տալով, որ Հայաստանի եւ հարակից երկրների աշխարհագրական դիրքը, բնությունը բարենպաստ պայմաններ են ստեղծել, որպեսզի Հայաստանը դառնա մարդու ծագման եւ անընդհատ բնակեցման նախահայրենիքը:
Հեղինակի մահից 9 տարի անց աշխատությունը հրատարակվել է Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության հովանավորությամբ:
Ռ. Պ.