13 երիտասարդ մասնագետներ համալրեցին Հայաստանի գոբելենի վարպետների շարքերը. նրանք Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետիՙ Անուշ Եղիազարյանի արվեստանոցի սաներն են, որոնք «Նարեկացի» արվեստի միությունում ցուցադրեցին իրենց ավարտական աշխատանքները:
Գոբելենի բաժնի շրջանավարտներին ներկայացրեց «Նարեկացի» միության տնօրեն Լեւոն Իվանյանը, որը օրինակ բերելով ցուցահանդեսի մասնակիցներին, ասաց, որ իր ղեկավարած կենտրոնի առաջնահերթ նպատակը երիտասարդ ստեղծագործողներին լայն խավերին ներկայացնելն է:
Արվեստանոցի ղեկավար, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Անուշ Եղիազարյանը, որը իր սաների դիպլոմային աշխատանքների հետ ներկայացրել է նաեւ իր գործերից մեկը, շնորհակալության խոսք ուղղեց կենտրոնի հասցեինՙ սրահը տրամադրելու համար:
Նա մասնավորապես ասաց, որ շրջանավարտների մի մասն ընդհանրապես ցուցադրվում է առաջին անգամ, եւ դա երկար կմնա իր այդ սաների հիշողության մեջ:
Ցուցահանդեսի բացումը ողջունեց Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, մասնավորապես խոսելով հայկական գոբելենի դպրոցի հիմնադիր, վերջերս վախճանված վաստակավոր նկարիչ Կարապետ Եղիազարյանի ավանդների շարունակության մասին. Անուշը նրա դուստրն է: Պրն Աղամյանը շրջանավարտներին մաղթեց այնպիսի հաջողություններ, որ հետագայում նրանց առաջ բաց լինեն նաեւ Հայաստանի նկարչի տան «խստապահանջ» ցուցասրահները:
Գոբելենի երիտասարդ վարպետներին ողջունեցին արվեստագիտության դոկտոր Հրավարդ Հակոբյանը, նկարիչ Սարգիս Թերզյանը, արվեստաբան Վարդիթեր Գամաղելյանը եւ ուրիշներ:
ՎԱՆԻԿ ՍԱՆԹՐՅԱՆ, Արմենպրեսի թղթ. «ԱԶԳ»-ի համար