Դիլիջանը եւս մեկ անգամ հյուրընկալում է իր գրկում ծնունդ առած ու մեծացած արվեստագետներին: «Վերադարձ հայրենի Դիլիջան» անունն էր կրում Հայաստանի այդ գողտրիկ անկյունի արվեստի պետական քոլեջում կայացած համերգը, որը մեծ սիրով դռներն էր բացել իր նախկին սաների առաջ, որոնք այժմ սովորում են Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում: Միջոցառման նպատակն էր կոմպոզիտորների միության քաղաքից սերած արդեն հայտնի արվեստագետներին հավաքել իրենց օջախում, որ վերջիններս կրկին ու կրկին զգան հայրենի եզերքի ջերմությունը, Դիլիջանյան օդն ու կանաչը:
Երաժշտանոցում, այդպես են անվանում իրենց նախկին կրթօջախն այսօր արդեն ճանաչում գտած երաժիշտները, հնչում են նույն մարդկանց կատարումները, որոնք բազմիցս ելույթ են ունեցել այդ պատերի ներսում, բայց այս անգամ այդ ելույթները նման չեն նախկիններին, այս անգամ դրանք կայացած երաժիշտների կատարումներ են:
Եվ արեւմտյան, եւ՛ արեւելյան կոմպոզիտորների ժամանակակից ու դասական ստեղծագործություններ` Սանդովալ` «Sin tu amor», Լիստ` «Պետրարկայի սոնետ», Կոմիտաս` «Հաբրբան», «Երկինքն ամպել ա»` Աննա Պողոսյանի (սոպրանո) կատարմամբ եւ այլ գործեր ու այս ամենի կողքին երիտասարդ ստեղծագործողներ` Դավիթ Բալասանյան` «Մոնոլոգ-ֆանտազիա», Տաթեւ Ամիրյան` «Վարիացիաներ դաշնամուրի համար» եւ «Մանկության արահետներ», որը կատարեցին դիլիջանցիները` ֆլեյտահար Մարիա Մելյանի նվագակցությամբ:
Համերգի կազմակերպիչներն էին Նոնա եւ Մերի Փայտյան դիլիջանցի քույրերը, որոնք երեւանյան ուսումնառությունից հետո վերադառնալով հայրենի օջախ, նպաստում են իրենց քաղաքի մշակութային կյանքի զարգացմանը: Հուրախություն կազմակերպիչների` Դիլիջանի քաղաքապետարանը, ի դեմս քաղաքապետ Ա. Սանթրոսյանի, մեծ սիրով աջակցեց գաղափարի իրագործմանը:
Համերգին հրավիրված Հայաստանի ժողովրդական արտիստ, պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան դիլիջանցի Արմեն Սանթրոսյանը ափսոսանքով նշեց, որ ստիպված է ապրել իր հարազատ քաղաքից հեռուՙ փայփայելով այն ներքին ցանկություն-երազանքը, որ մի օր Դիլիջանը կդառնա Հայաստանի մայրաքաղաք, ու իրենք ստիպված չեն լինի ապրել հեռու իրենց գողտրիկ անկյունից: Համերգին ներկա հյուրերի թվում գտնվող քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանի կարծիքով երիտասարդների հետեւողականության դեպքում նմանատիպ միջոցառումները ավանդական բնույթ կկրեն, քանի որ կյանքն առջեւում է, իսկ որակ ապահովող դիլիջանցիներ մեր կողքին կան:
ԷԼԻԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ