«Կապուտակ Սեւան» շախմատի մրցաշարի 7-րդ տուրն ի հայտ բերեց նոր առաջատարի: Աղյուսակը գլխավորեց մասնակիցներից ամենաբարձր վարկանիշն (2555) ունեցող Նիկիտա Վիտյուգովը: Նա սպիտակ խաղաքարերով 44-րդ քայլին պարտության մատնեց իրանցի Ամիր Մալահին: Այդ հաղթանակի շնորհիվ Վիտյուգովը վաստակեց 5 միավոր:
Իսկ նախկին առաջատար Տիգրան Քոթանջյանը կրկին անհաջող հանդես եկավ` կրելով 2-րդ անընդմեջ պարտությունը: Այս անգամ Տիգրանը սպիտակներով զիջեց վրաց շախմատիստ Լաշա Ջանջգավային: Արդյունավետ ելք ունեցան նաեւ մյուս պարտիաները: Հրանտ Մելքումյանը պարտության մատնեց Զավեն Անդրեասյանին, Արման Փաշիկյանն առավելության հասավ Գեւորգ Հարությունյանի նկատմամբ, իսկ Լեւոն Բաբուջյանը հաղթեց Միխայիլ Կեկելիձեին:
7 տուրից հետո 5 միավորով աղյուսակը գլխավորող Վիտյուգովին հետապնդում են Քոթանջյանն ու Մելքումյանը (4,5-ական միավոր): Նրանցից կես միավորով հետ են մնում Փաշիկյանն ու Ջանջգավան: Հաջորդ տեղերում են Բաբուջյանը (3,5), Անդրեասյանն ու Մալահին (3-ական), Հարությունյանը (2) եւ Կեկելիձեն (1,5):