«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#135, 2006-07-20 | #136, 2006-07-21 | #137, 2006-07-22


ՉՈՐՍ ԲԱՑԱԿԱ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎՈՒՄ

Պատճառները տարբեր են

Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները չեն հանդիպի: Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցում երեկ մեկնարկած ԱՊՀ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական երկօրյա գագաթաժողովին: Նախագահը հիվանդ է շնչուղիների սուր վարակիչ հիվանդությամբ: Սա հաստատվել է բժշկական ախտորոշմամբ եւ հրապարակվել նախագահի մամլո ծառայության միջոցով:

Վրաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումն էլ չի կայանալու: Այս մասին հայտարարել է վրաց փոխարտգործնախարար Մերաբ Անտաձեն ռուս գործընկերոջ հետ հանդիպման ավարտին, որը կայացել է ճշտելու Պուտինի եւ Սաակաշվիլու հանդիպման արարողակարգը: Պարզվել է դրա կարիքը չկա: Անտաձեն էլ այլՙ հակամարտությունների կարգավորման նախարարի պաշտոնում է աշխատելու, քանի որ, ինչպես հաղորդում է «Վեստի.ռուն», Վրաստանում նոր կառավարության ձեւավորման ընթացք է, որ բացատրվում է երկրի օրենսդրությամբ: Գործող կառավարության կազմի մեկ երրորդի փոփոխման դեպքում ողջի նոր ձեւավորում է անհրաժեշտ: Իսկ 2004-ից մինչ օրս նշված չափով է եղել փոփոխությունը:

ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովին կմասնակցեն նաեւ Յուշչենկոն եւ Թուրքմենբաշին: Թուրքմենստանի նախագահ Սափարմուրադ Նիյազովը նախապես հայտնել էր, որ մտադիր չէ արձակուրդն ընդհատել, իսկ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն իր չմասնակցելը բացատրում է երկրի քաղաքական իրավիճակով:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4