«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#135, 2006-07-20 | #136, 2006-07-21 | #137, 2006-07-22


ԵՐԿՆԻՇ ԱՃ, ՈՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԱՌԱՋԱՑՆՈՒՄ

Հայաստանի տնտեսությունը լուրջ մարտահրավերների առջեւ է կանգնած

Հայաստանի տնտեսությունն այս տարվա առաջին կիսամյակում, ըստ ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների, արձանագրել է 11,8 տոկոս աճ: Չնայած երկնիշ թվով արտահայտվող տնտեսական աճին, ժամանակն է ընդունելու, որ դա այլեւս բավարար չէ մեր երկրի հետագա զարգացման եւ ռազմավարական խնդիրների լուծման համար: Ինչո՞ւ: Դառնանք ըստ ոլորտների եւ արտաքին առեւտրի ցուցանիշներին:

Անշուշտ, 11,8 տոկոս աճի մեջ առյուծի բաժինն ունի շինարարությունը: Այս ճյուղն ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին աճել է 31,8 տոկոսով, իսկ շահագործման հանձնված բնակմակերեսըՙ 58,4 տոկոսով: Շինարարության տեմպերի նման աճն անշուշտ տպավորիչ է, բայց հիասթափեցնողը արդյունաբերական արտադրանքի ծավալների անփոփոխ մնալն ու անգամ որոշ դեպքերում չնչին անկումն է: Այսպեսՙ արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալը նվազել է 1 տոկոսով, արդյունաբերական արտադրանքն առանց էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրության դարձյալ նվազել էՙ 0,4 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքն առանց ադամանդի արտադրանքի արձանագրել է փոքր աճՙ 2,3 տոկոսով: Գյուղատնտեսության համախառն արտադրանքն ավելացել է 7,2 տոկոսով, ինչը, բնականաբար, պայմանավորված է սեզոնային գործոնով: Այդ մասին է վկայում նաեւ հունիս ամսվա աճը 68,4 տոկոսով մայիս ամսվա նկատմամբ: Հետեւաբար, գյուղատնտեսական արտադրանքի աճն ամենեւին պետք չէ մեծ նվաճում համարել: Մանրածախ առեւտուրն աճել է 12,1 տոկոսով, ծառայություններըՙ 20,6 տոկոսով: Այս ճյուղերում արձանագրած աճը տնտեսական հեռանկարի առումով ընդհանրապես որոշիչ չէ:

Արտաքին առեւտրի ծավալներն այս տարվա առաջին կիսամյակում ավելացել են 12,7 տոկոսով, այդ թվումՙ արտահանմանը նվազել 0,6 տոկոսով, ներմուծմանը աճել 20 տոկոսով: Արտահանվել են 433 մլն դոլարի, ներմուծվելՙ 951 մլն դոլարի ապրանքներ: Հրապարակվել են նաեւ արտաքին առեւտրի ցուցանիշներն առանց արտահանման մեջ հիմնական դեր ունեցող ադամանդի: Ըստ այդմ, առանց ադամանդի արտահանումը Հայաստանից աճել է 7,6 տոկոսով, ներմուծումըՙ 30,6 տոկոսով: Չնայած արտաքին առեւտրաշրջանառության ոչ այնքան հաճելի իրավիճակին, փոքր-ինչ հուսադրող են հունիս ամսվա ցուցանիշները մայիսի նկատմամբ: Ըստ այդ ցուցանիշների, հունիսին արտահանումը մայիսի նկատմամբ ավելացել է 16 տոկոսով, իսկ ներմուծումը ոչ միայն չի ավելացել, այլեւ նվազել է 0,3 տոկոսով: Ի դեպ, ամսեամիս բարելավվող պատկեր ունենք ինչպես տնտեսական աճի ընդհանուր, այնպես էլ ըստ ոլորտների ցուցանիշների մեջ:

Այսպեսՙ տնտեսական աճի ցուցանիշը հունիսին մայիսի նկատմամբ կազմել է 40,7 տոկոս: Արդյունաբերական արտադրանքի աճը նույն դեպքում կազմել է 2,5 տոկոս, շինարարությանըՙ 25,6 տոկոս, գյուղատնտեսությանը, ինչպես արդեն նշվեց, 68,4 տոկոս: Այսինքն, հունիս ամսին մայիսի նկատմամբ ընդհանուր տնտեսական ավելի մեծ աճը պայմանավորված է հիմնականում գյուղատնտեսության, ապա նաեւ շինարարության աճով:

Բնակչությանը հետաքրքրող սպառողական գների ինդեքսն այսպիսի փոփոխություն է կրելՙ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գները նվազել են 0,2 տոկոսով, իսկ հունիս ամսին նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբՙ աճել 4,3 տոկոսով: Միջին աշխատավարձը Հայաստանում կազմել է մոտ 59600 դրամ, բյուջետային հատվածում գրեթե 42 հազար դրամ, իսկ մասնավորումՙ 73 հազար դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածում աշխատավարձերն ավելացել են մոտ 20-21 տոկոսով:

Այսպիսով, ինչ կարելի է եզրակացնել այս տարվա առաջին կիսամյակի տվյալներից: Ակնհայտ է, որ տնտեսական երկնիշ աճը շարունակվում է հիմնականում շինարարության եւ սեզոնային կտրվածքովՙ գյուղատնտեսության շնորհիվ: Տնտեսության հիմնական քաշող ուժըՙ արդյունաբերությունը, եթե չասենք այլեւս չի աճում, համենայն դեպս տեղապտույտ է տալիս: Դա ինչ-որ առումով գուցե ժամանակավոր երեւույթ էՙ պայմանավորված մեր արդյունաբերական արտադրանքի, ինչպես նաեւ արտահանման մեջ որոշիչ դեր ունեցող ադամանդագործության ծավալների անկմամբ: Ինչպես հայտնի է, դա էլ իր հերթին պայմանավորված է միջազգային շուկայում ստեղծված իրավիճակով, որտեղ այս արտադրանքի պահանջարկի նվազում է նկատվում: Գուցե որոշ ժամանակ անց իրավիճակն այստեղ շտկվի եւ ադամանդագործական արտադրանքի թողարկման ու արտահանման ծավալները կտրուկ ավելանան, ազդելով տնտեսական ընդհանուր ցուցանիշների վրա: Սակայն ակնհայտ է, որ անգամ այս դեպքում չի կարելի էյֆորիայի մեջ ընկնել, այնպես ինչպես չի կարելի էյֆորիայի մեջ ընկնել 11,8 տոկոս տնտեսական աճի ցուցանիշով:

Հայաստանը ներկայումս կանգնած է տնտեսական բարձր աճի տեմպերը պահպանելու խնդրի առջեւ: Վերջին 4-5 տարիներին արձանագրված նման աճի տեմպերը բավարար չեղան երկրի զարգացման որակական նոր աստիճանի հասնելու եւ բնակչության ընդհանուր կենսամակարդակի էական բարձրացման համար: Նավթային գործոնով պայմանավորված Ադրբեջանի տնտեսական կտրուկ աճը եւս Հայաստանի համար լուրջ մարտահրավերներ է ստեղծում: Վերոնշյալ ռազմավարական խնդիրների լուծման համար մեզ նոր մոտեցումներ են անհրաժեշտ: Այս առումով, բացի գործարար միջավայրի բարելավումից, անհավասար մրցակցության եւ արհեստական մենաշնորհների վերացումից, ստվերային տնտեսության դեմ արդյունավետ պայքարից, որպես Հայաստանի համար հեռանկարային ելք է դիտարկվում գիտելիքի վրա հիմնված (գիտելիքահանենք) տնտեսության ստեղծումը: Այս ուղղությամբ համատեղ ջանքեր պետք է ներդնեն կառավարությունն ու կայացած բիզնեսը: Սա Հայաստանի տնտեսության օրվա հրամայականն է, որը կերաշխավորի մեր երկրի հետագա զարգացումն ու մեր հարեւանների հետ ուժերի հավասարակշռության պահպանումը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4