«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#135, 2006-07-20 | #136, 2006-07-21 | #137, 2006-07-22


ԳՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԳՐՈՂՆԵՐԻ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Սփյուռքահայ ուսուցիչները հայրենիքում մեկամսյա դասընթացների են մասնակցում

Մինչ օգոստոսի 17-ը սփյուռքի 13 գաղթօջախների 71 մանկավարժներ Գեւորգյան ճեմարանում վերապատրաստման դասընթացներ են անցնում ժամանակակից հայոց լեզու, հայ գրականություն, հայ ժողովրդի պատմություն, աշխարհագրություն, մանկավարժություն եւ հոգեբանություն, հայ եկեղեցու պատմություն, նախադպրոցական մանկավարժություն եւ հոգեբանություն, կերպարվեստ, երաժշտական դաստիարակություն առարկաներից: 5-րդ տարին կազմակերպվող այս մեկամսյա ծրագրի մասնակիցների կեցության եւ մի շարք այլ խնդիրների լուծումն արդեն երկրորդ անգամ ստանձնել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը:

Երեկ ծրագրի մասնակիցները հանդիպեցին Հայաստանի գրողների միության անդամներին: ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը ողջունեց ուսուցիչներին եւ կարեւորեց նրանց դերը հայապահպանման գործում:

«Ուսուցիչները գրականության դեսպաններն են, նրանք են առաջինը գրականությունը հրամցնում այն աշակերտներին, ում վիճակված է վաղը կրելու գրականության խաչը, ասաց «Սփյուռք» գիտակրթական միության նախագահ Սուրեն Դանիելյանը: Դուք մեր գրողների տեսադաշտում եք, մեր գրողներն ավելի լավ դեսպաններ չունեն»:

Դամասկոսից ժամանած մանկավարժ Հայկանուշ Աղճյանը, որ հայկական մանկապարտեզում դաստիարակ է, հանդիպմանը խոսեց մանկական գրականության պակասի մասին: «Դեռ 2003թ.-ին Հայաստանում հանդիպեցի մանկագիր Յուրի Սահակյանին, որը ինձ խորհուրդ տվեց անհրաժեշտության դեպքում արեւմտահայերենի վերածել բանաստեղծությունները եւ սովորեցնել մանուկներին: Այժմ հաճախ ստիպված եմ լինում ինքս ստեղծագործել կամ նոր հեղինակների ստեղծագործությունները թարգմանել»:

Պերճ Զեյթունցյանը համոզված է, որ «որտեղ 3 հայ, այնտեղ 4 կուսակցություն եւ 5 դպրոց» բանաձեւը մեզ համար այլընտրանք չունի, քանզի «սա իմաստուն խենթություն է, որն ապրելու ճանապարհ է ցույց տալիս մեր ազգին»:

Ուսուցիչներին հուզում է հայոց լեզվի եւ հայ գրականության տարանջատումը, ինչից տուժում է գրականության դասը: Պերճ Զեյթունցյանը համոզված է, որ լեզուն հարկավոր է սովորեցնել գրականության միջոցով:

Թ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4