Հավատացած է Կալիֆոռնիայի պետական համալսարանի քաղաքագիտության դասախոս Ասադ Աբուխալիլը, որը հեղինակ է «Բեն Լադենը, իսլամը եւ Ամերիկայի նոր պատերազմը ընդդեմ ահաբեկչության» եւ «Սաուդյան Արաբիայի պայքարը: Թագավորություն, ֆունդամենտալիզմ եւ գլոբալ ուժեր» գրքերի, եւ որը հարցազրույց է տվել «Ալջազիրա.նետ» կայքէջի թղթակից Ֆիրաս էլ Ատրաքչիին: Ստորեւ այդ հարցազրույցի թարգմանությունը չնչին հապավումներով:
- Իսրայելը պնդում է, որ Լիբանանի դեմ հարձակումները ինքնապաշտպանական բնույթ են կրում, այն բանից հետո, երբ «Հզբոլլահի» կատյուշաները տեղացին իրենց գլխին եւ պատանդ վերցվեցին երկու զինվորներ: «Հզբոլլահը» հավատացած է, որ Լիբանանը երկար ժամանակ հակամարտության տարածք է, քանի որ Իսրայելը գրավյալ է պահում լիբանանյան տարածքները: Ինչպե՞ս իրավիճակն այսքան արագ եւ այսքան կատաղիորեն վատթարացավ:
- Այս հակամարտությունը մասնավորապես եւ Լիբանանի դեմ Իսրայելի ագրեսիան ընդհանրապես վակուումի, դատարկության մեջ չստեղծվեցին եւ Իսրայելի գործողություններն էլ հանպատրաստից չէին: «Հզբոլլահի» կողմից պատանդ վերցնելը զարմանալի չէր Իսրայելի համար: «Հզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահը քանիցս զգուշացրել էր, որ եթե Իսրայելը բաց չթողնի լիբանանցի բանտարկյալներին, ստիպված կլինի իսրայելցի զինվորներին պատանդ վերցնել: Իսրայելն իր հերթին դատարկ չէր նստում: 2000 թվին Լիբանանից մասնակի դուրս գալուց հետո ոչ միայն շարունակել է օկուպացնել Հարավային Լիբանանը, այլեւ կանոնավորապես խախտել Լիբանանի օդային, ջրային եւ ցամաքային տարածքները: Իսրայելը նաեւ առեւանգում էր լիբանանցի անմեղ քաղաքացիների` հովիվների եւ ձկնորսների: Մեկ ձկնորս անհետ կորած է համարվում, իսկ մեկ հովիվ էլ սպանված է: Ավելին, Իսրայելը համառորեն մերժում է տրամադրել լիբանանյան իշխանություններին ավելի քան 400 հազար ականների քարտեզը, որոնք տեղադրված են իր դուրս եկած տարածքում` Հարավային Լիբանանում, եւ որոնք շարունակում են սպանել տարածաշրջանի երեխաներին: Ներկա ճգնաժամը, ինչպես իրավացիորեն նշում էր Ռոբին Ռայթը «Վաշինգտոն փոստում», միջազգային դավադրության հետեւանք է, որը հետամուտ է, որ գործադրվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի N1559 որոշումը: Ագրեսիան ծայր առավ, երբ Ռաֆիկ Հարիրին (2004 թվին սպանված Լիբանանի վարչապետը) սկսեց Մ. Նահանգների եւ Ֆրանսիայի հետ աշխատակցել այդ բանաձեւը Անվտանգության խորհրդում անցկացնելու համար:
Ծրագիրը վայելում է Իսրայելի, ինչպես նաեւ Քուվեյթի, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի եւ Եգիպտոսի հավանությունը: Բայց չի հաջողվելու, որովհետեւ «Հզբոլլահը» ցած չի դնելու զենքը: Եթե լիբանանյան կառավարությունը (Հարիրիի կողմնակիցները) կարծում է, թե կկարողանա համոզել «Հզբոլլահին» ցած դնել զենքը, ապա չարաչար սխալվում է:
- Որո՞նք են Իսրայելի եւ «Հզբոլլահի» նպատակները:
- Իսրայելն, իմ կարծիքով, միշտ վրեժխնդրությամբ է գործում: Սիոնիստական շարժումը միշտ էլ եղել է վրեժխնդիր կազմակերպություն: Նա ոչ միայն ցանկանում է վերոհիշյալ N1559 բանաձեւը գործադրել եւ զինաթափել «Հզբոլլահին», այլեւ ցանկանում է, ինչպես 1982 թվին, ճանապարհ հարթել Լիբանանում իշխանության գլուխ բերելու ամերիկամետ «խամաճիկների»:
«Հզբոլլահի» նպատակն էր բանտարկյալների փոխանակում: Բայց առայժմ հիմնականում ցանկանում է պահպանել իր զենքը: Դրանում նրան պաշտպանում են Լիբանանի շիաները:
- Տասնյակներ են սպանվել երկու կողմում, բայց կարծես միջազգային հասարակությունը տեղքայլ է անում: Կարելի՞ է ասել, որ միջնորդական ջանքերը ապարդյուն են լինելու:
- Սառը պատերազմի ավարտից ի վեր Մ. Նահանգների վերահսկողության տակ գտնվող այսպես կոչված միջազգային հասարակության լռությունը խիստ ցավալի է: Մեզ հավատացնում էին, որ Լիբանանը թանկ է իրենց համար: Բայց այժմ գիտենք, որ արաբների կյանքը միշտ էլ թերագնահատվել է գաղութարարների կողմից:
- Ներկա ճգնաժամի համար լիբանանցիները «Հզբոլլահի՞ն» են մեղադրում, թե՞ Իսրայելին:
- Կարծում եմ, բոլոր լիբանանցիներն էլ մեղադրում են Իսրայելին: Բայց Լիբանանում գտնվող Սաուդյան Արաբիայի բնակիչները չարաշահելով իրադարձությունները, փորձում են ատելություն սերմանել «Հզբոլլահի» նկատմամբ: Լիբանանում որեւէ նյութի շուրջը միակարծություն չեք գտնի: Աղանդավորական բաժանվածությունը նպաստում է դրան: Կան մարդիկ, որոնք չպաշտպանելով հանդերձ «Հզբոլլահի» գաղափարախոսությունը, հավատացած են, որ «Հզբոլլահը» միակ ուժն է, որ պաշտպանում է Լիբանանին իսրայելական ագրեսիայից:
- ՄԱԿ-ի ամերիկյան դեսպան Ջոն Բոլտոնը հասկացնում էր, որ Իրանն ու Սիրիան էլ են մասամբ մեղավոր «Հզբոլլահին» պաշտպանելու համար:
- Ջոն Բոլտոնին մի քանի ամիս առաջ պատվում էին Լիբանանի հարիրամետ կոալիցիոն կառավարությունում: Այո, Իրանն ու Սիրիան աջակցում են «Հզբոլլահին», ճիշտ այնպես, ինչպես Մ. Նահանգները, Ֆրանսիան, Սաուդյան Արաբիան, Հորդանանը եւ, ինչու չէ, նաեւ անուղղակիորեն Իսրայելը աջակցում են Լիբանանի կոալիցիոն կառավարությանը:
- Իսրայելը կհարձակվի՞ Սիրիայի կամ Իրանի վրա: Ճգնաժամը կարո՞ղ է տարածաշրջանային պատերազմի փոխվել եւ ընդգրկել նաեւ Մ. Նահանգներին:
- Ներկա փուլում կարծես թե Իսրայելը չի հարձակվի Սիրիայի կամ Իրանի վրա: Պաղեստինի հետ շարունակվող պատերազմի պայմաններում նման պատերազմի կարիքը նրանք չեն զգում: Այդ երկու երկրների հետ կզբաղվեն Իսրայելի անունից` Մ. Նահանգները, Եվրոմիությունը եւ ՄԱԿ-ը: Հավանաբար ճնշումներ եւ պատժամիջոցներ ձեռնարկեն: Իրանն անուղղակիորեն դյուրացրել է Մ. Նահանգների կողմից Աֆղանստանի եւ Իրաքի զավթումը: Իսկ Սիրիան վերջերս համագործակցել է Իրաքում Մ. Նահանգների հետ: Այնպես որ, եթե այդ երկրների վրա հարձակումներ ձեռնարկվեն, նրանք կդժվարացնեն Մ. Նահանգների գոյությունը այդ տարածքում:
- Լիբանանյան այս ճգնաժամը ինչպե՞ս է ազդելու տարածաշրջանի վրա, եթե հաշվի առնենք, որ Իրաքն էլ քաղաքացիական պատերազմի եզրին է:
- Պայմանավորված է, թե ինչ տեղի կունենա: Եթե Իսրայելին թույլատրվի շարունակել ագրեսիան, Սիրիան եւ Իրանը կարող են վտանգված զգալ իրենց եւ դա կմղի նրանց, որ Իրաքում կռվեն ամերիկացիների դեմ: Դա կդժվարացնի ամերիկացիների վիճակը տարածաշրջանում: Բայց նաեւ ամբողջ Միջին Արեւելքը կտուժի դրանից: Հիշենք Լիբանանի դեմ 1982-ի իսրայելական ագրեսիան, որը սեյսմիկ փոփոխություններ եւ շարժումներ առաջացրեց տարածաշրջանում, ներառյալ «Համասի» եւ «Հզբոլլահի» նման կազմակերպությունների առաջ գալը:
Արաբա-իսրայելական հակամարտության պատմության մեջ ներկա ագրեսիան իր ազդեցությունն է ունենալու հատկապես այն կառավարությունների վրա, որոնց կայունության համար Մ. Նահանգները այնքան փող ու ջանք է թափում:
- Ի՞նչ դեր կարող է Մ. Նահանգները խաղալ բռնություններին վերջ տալու համար:
- Հիմար կամ տգետ պետք է լինել նման բան ակնկալելու համար: Մ. Նահանգները հավանություն է տվել, որ Իսրայելը գրավի Լիբանանը եւ Պաղեստինը: Մ. Նահանգները Իսրայելին է թողնելու ոչ միայն արաբներին սպանելու ձեւը, այլեւ քանակը:
- Շիա-սուննի հակամարտությունն ավելի՞ կխորանա:
- Այո: Եվ դա Իսրայելի եւ Մ. Նահանգների հավանությանը կարժանանա: Դա, ինչ խոսք, խախտելու է կայունությունը արաբական որոշ երկրներում, այդ թվումՙ Սաուդյան Արաբիայում:
- Ինչքա՞ն հավանական է, որ լիբանանյան կառավարությունը դիմանա ներկա ճգնաժամին:
- Կոալիցիոն կառավարությունը զգալիորեն թուլացած է, որ կարողանա դուրս գալ ճգնաժամից: Նրան համարելու են կամ անկարող, կամ ամերիկա-իսրայելա-սաուդյան ծրագրի գաղտնի գործընկեր:
Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ