«Նրանք պետք է ստիպեն Սիրիային, որ դադարեցնի «Հզբոլլահի» կեղտոտ գործը», ասաց նախագահ Բուշը նախանցյալ կիրակի օրը, «Մեծ ութնյակի» երկրների պետերբուրգյան գագաթաժողովի նախավերջին օրը: Բայց դա այնքան հեշտ չէ: Ամեն մի հակամարտության մեջ երկու կողմ գոյություն ունի, եւ Իսրայելն էլ իր հերթին է «կեղտոտ գործեր» կատարում:
Ճիշտ է, «Հզբոլլահը» սկսեց կռիվը` սահմանն անցնելով եւ երկու զինվորի պատանդ վերցնելով, սակայն ճիշտ չէ պնդելը, որ այդ գործողությունը կատարվեց Սիրիայի կամ Իրանի նախաձեռնությամբ: Շեյխ Հասան Նասրալլահը որպես «Հզբոլլահի» առաջնորդ կարող էր նման որոշում ընդունել:
Եթե Իսրայելի վրա տեղացած հրթիռները իրանական են, ապա Լիբանանի վրա հարձակումներն իրականացվում են ամերիկյան «F-16»-երի եւ «Ապաչի» ռազմանետի կողմից: Սա չի նշանակում, թե Վաշինգտոնն է պատվիրել այդ հարձակումները:
Նասրալլահը գիտեր, որ պատանդ վերցնելու դիմաց անմեղ Լիբանանն է տուժելու, որովհետեւ առավել հեշտ թիրախ է, քան իր պարտիզանական ջոկատները: Բայց նա մտածում է, որ անգամ եթե Իսրայելի հետ այս մարտը «ոչ-ոքի ավարտի», դարձյալ հաղթանակած է դուրս գալու եւ դառնալու է Նասերից հետո ամենաժողովրդական առաջնորդը:
Իսրայելի կառավարության աշխատակազմի ղեկավար գնդապետ Դան Հալուցն էլ իր հերթին էր ցանկանում «կռվի մեջ մտնել», վերականգնելու համար «դիմադրել-կարողանալու իր իմիջը», որը վերջին շրջանում զգալիորեն վատթարացել էր: «Բար իլան» համալսարանի դասախոս Ջերալդ Սթայնբերգի նման Իսրայելի պաշտպանության հարցերի վերլուծաբանները հավատացած են, որ Լիբանանին հարվածելու ծրագիրը վաղուց էր մշակված եւ սպասում էր պարզապես մի փոքրիկ «պատրվակի»: Բայց ի՞նչ է նշանակում «դիմադրել կարողանալու ուժ»:
Եթե հասկանանք դա, կհասկանանք նաեւ Լիբանանի վրա կատարված հարձակումների սաստկության կամ դաժանության պատճառը: Իհարկե, դրանք «անհամաչափ ուժեր են», ինչպես նախագահ Ժակ Շիրակը բնորոշեց: Եվ ամբողջ խնդիրն էլ հենց դա է: «Դիմադրել կարողանալու ուժի» ցուցադրումը Իսրայելի համար նշանակում է ցույց տալ սպանելու եւ կործանելու այնպիսի հսկայական մասշտաբներ, որ ոչ մի հարձակվող չի կարող կանխագուշակել: Թշնամիները պետք է իմանան, որ մեկ իսրայելցու դիմաց մեկ տասնյակ կամ նույնիսկ հարյուրավոր արաբներ կսպանվեն:
Սա եղել եւ մնում է մարտավարությունը այդ երկրի` հիմնադրման օրից ի վեր, բոլոր պատերազմներում Իսրայելը հավատարիմ է մնացել այս սկզբունքին: Երբ էլ առիթը ներկայանում է, Իսրայելի պաշտպանության ուժերը ցույց են տալիս, թե ինչպիսին կլինի իրենց «հակահարվածը»:
Եթե պաղեստինցի մարտիկները քիչ զենք ունեն դիմակայելու իսրայելցիների հարձակումներին եւ եթե այդ ճակատում սպանվածների թիվը 20 պաղեստինցի է 1 իսրայելցու դիմաց, ապա «Հզբոլլահի» դեպքում հարաբերությունը 6:1-ի սահմաններում է, քանի որ «Հզբոլլահը» շատ ավելի լուրջ հակառակորդ է: Ռմբակոծումներից մեկ շաբաթ անց այդ կազմակերպությունը հավանաբար դեռ պահեստներում ունի իր զենքերի երեք-չորրորդը: Եվ Եթե նույնիսկ «Հզբոլլահի» մարտիկները իսրայելցիների ճշգրտությամբ չեն կարողանում հարվածել, եւ Իսրայելը դեռեւս կմնա անհաղթելի, միեւնույնն է, էժան եւ հեշտ հաղթանակների ժամանակներն Իսրայելի համար ընդմիշտ անցել են եւ նրան չի հաջողվի վերականգնել իր իմիջը:
ԳՈՒԻՆ ԴԱՅԵՐ, Անգլիաբնակ անկախ լրագրող