«Հրեաները հայերին շատ լավ են վերաբերվում»
Սա իսրայելա-լիբանանյան ռազմական գործողությունների ընթացքից ի վեր պատերազմից տուժածների առաջին խումբն է, որ նախորդ գիշեր ժամանեց Երեւան:
ՀՀ արտգործնախարարության հասարակության հետ կապերի բաժնի պետ Վլադիմիր Կարապետյանից տեղեկացանք, որ նախապես Հայաստանից «Արմավիան» հատուկ չվերթ էր իրականացրել Թել Ավիվ: Արտգործնախարարության հյուպատոսական վարչության պետ Տիրան Սեյրանյանը մեկնել էր հատուկ առաքելությամբ` հեշտացնելու իսրայելահայերի փաստաթղթային ձեւակերպումները: Իսրայելի բոլոր քաղաքացիներն անվճար վիզա են ստացել: Մեծամասնությունը տեղավորվել է բարեկամների ու ծանոթների մոտ, արտգործնախարարությանը եւ միգրացիայի վարչությանը ոչ ոք չի դիմել բնակատեղու խնդրով: Առայժմ պետական աջակցությունը որեւէ կերպ չի արտահայտվում ժամանածների հանդեպ, բայց ինչպես ասաց Վլադիմիր Կարապետյանը, «համապատասխան դիմումի դեպքում այդ կառույցները կարձագանքեն»:
Իսրայելից Երեւան եկած 49 հայ քաղաքացիների մեծ մասը բնակվում է այս երկրի հյուսիսային շրջաններում, որոնք ռմբահարվում են Լիբանանի տարածքից: Հենց այս հատվածի հայ բնակիչներն են Հայաստան տեղափոխվելու ցանկություն հայտնել:
Իսրայելից Երեւան եկածների մեջ են նաեւ Ռոբերտ Սաֆարյանի 4 թոռները, որոնց նա դիմավորում էր արցունքն աչքերին: Նրանք Իսրայելի մշտական բնակիչներ են եւ այստեղ են 1988 թվականից: «Հրեաները շատ լավ են վերաբերվում հայերին, պատերազմի վախն է, որ մարդկանց հարկադրում է տեղահանվել», ասում է Ռոբերտ Սաֆարյանը:
Կ. Դ.