«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#136, 2006-07-21 | #137, 2006-07-22 | #138, 2006-07-25


ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԸ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԵՎԵՌԸ ՍՏԵՂԾԵՑ, ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՍՏԱՆՁՆԵԼՈՒ «ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԻ» ԴԵՐԸ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Հեղափոխություն չի լինի», անցած շաբաթ այսպես էր պատասխանել ԱԺ հանրապետական խոսնակ Տիգրան Թորոսյանը` Սերժ Սարգսյանի ՀՀԿ մուտքով պայմանավորված կուսակցական ներքին հիերարխիայի հնարավոր փոփոխության մասին մեր հարցին: ՀՀԿ արտահերթ համագումարում նա ավելի հստակեցրեց միտքը. «Ովքեր փորձում են կուսակցության մեջ ինչ-որ թեւեր, պոչեր եւ կուսակցությունների համար անհարիր այլ մասեր հայտնաբերել, չարաչար սխալվում են, նման բան կուսակցության մեջ չի եղել, չկա եւ չի էլ լինելու»: Լավ: ՀՀԿ ղեկավարության լիազորությունների վերաբաշխմանը վերաբերող նույն բնույթի մեր հարցերին պատասխանեցին ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանն ու անցած շաբաթ օրվանից ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը: Առաջինը վստահ է, որ խորհրդի նախագահի պաշտոնի ստեղծումը չի նեղացնում իր լիազորությունները. «Եթե կանոնադրությանը ծանոթ լինեք` հստակ են կուսակցության նախագահի եւ խորհրդի նախագահի պարտավորությունները, երկրորդը խորհրդի աշխատանքներն է համակարգում եւ կուսակցության նախագահի տեղակալն է»: Երկրորդը (Ս. Սարգսյանը) կարծում է. «Հանրապետական կուսակցությունը բավականին բաց եւ դեմոկրատական սկզբունքներ ունի, եւ կարծում եմ, որ իմ բնավորությունն ամբողջովին կհամապատասխանի կուսակցությունում ընդունված գործելաոճին, որեւէ մտավախություն այդ առումով չունեմ»: Շատ կարճ ժամանակ հարկավոր կլինի ճշգրտելու այս խոսքերի կենսունակությունը:

Հաջորդ հարցը, որ հետաքրքրում էր լրագրողներին, ծագել էր համագումարից մեկ օր առաջ Սերժ Սարգսյանի հարցազրույցի այն արտահայտության արդյունքում, որով ասում էր, թե երկրի նախագահն իր խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի միջոցով կարձագանքի ՀՀԿ մտնելու իր որոշմանը: Արդյոք այս խոսքով Ս. Սարգսյանը խախտե՞լ էր սուբորդինացիան. «Իմ գործունեության 16, ներողություն` 18 տարիների ընթացքում որեւէ անգամ սուբորդինացիա չեմ խախտել, որովհետեւ շատ պարզ ճշմարտություն կա` եթե ուզում ես քեզ ենթարկվեն, դու պարտավոր ես ենթարկվել»: Այս էլ փակեցինք, թեեւ հենց տեղում էլ մեր հարցին պատասխանելով` նա կրկին ենթադրել էր, որ կարճատեւ հանգստից հետո երկրի նախագահը գուցեեւ արձագանքի այնպիսի ոչ շարքային քաղաքական իրադարձությանը, ինչպիսին առաջիկա նախընտրական ժամանակի համար շատ բան կանխորոշող ՀՀԿ համագումարն ու դրա շուրջ տեղի ունեցող գործընթացներն են:

Նկատենք, որ ՀՀԿ խորհրդի նախագահ ընտրվելուց հետո Սերժ Սարգսյանի ելույթը հեռուստաընկերությունները ներկայացնում էին կադրերի այնպիսի ռակուրսով, որոնցում վիզուալ երեւում էր ՀՀԿ-ի ողջ հարստությունը` օրենսդիր եւ գործադիր մարմինների ղեկավարները համադրված էին ամենակարող պաշտպանության նախարարի հետ: Այս կադրերն ինքնին, եթե հեռուստատեսային լեզվով ասած «համր» էլ լինեին, անխոս շատ բան էին ասում շաբաթ օրվա համագումարով տնտեսական, ֆինանսական եւ վարչական ռեսուրների մեկտեղմամբ իսկապես քաղաքական դաշտի մի հզոր բեւեռը դարձած ՀՀԿ-ի մասին: Բացառությունը «Հայլուրն» էր, որը եւ խոսքով էր ժլատ, եւ կադրերով: Ինչո՞ւ էր շտապում ՀՀԿ-ն, ումի՞ց էր ուզում առաջ ընկնել` ամառվա շոգին իրեն չխնայելով եւ կազմակերպչական խնդիրներ լուծելով, ու՞մ էր ուզում ինչ- որ բան ապացուցել Մարգարյան-Սարգսյան զույգը` այժմ, կարելի է ասել, գաղտնիք չկա. առաջ ընկնել նախընտրական երկրորդ բեւեռի ձեւավորումից, որը, կարելի է արդեն համարձակ պնդել, այլեւս նշանակություն չունիՙ իշխանական կլինի՞, կիսաիշխանական, թե՞ ընդդիմության հետ խառը: ՀՀԿ-ի գործելակերպը մեծ ընտրության հնարավորություն չի թողնում քաղաքական դաշտի մյուս միավորներին. այսպիսի լծակավոր բեւեռին պետք է հակադրել համարժեք բեւեռ, այլապես վտանգի տակ կլինի ընտրություններ հասկացությունն ինքնին, քանզի ընտրություն բառը նշանակում է մի քանիսից կամ գոնե երկուսից տարբեր դրդապատճառներով մեկին նախընտրելը: Այն մարդիկ, ովքեր թեկուզ մի փոքր անգամ հակված էին դեպի ձեւավորման փուլում գտնվող «Բարգավաճ Հայաստան», ստիպված եղան ՀՀԿ-ին իրենց աջակցության մասին հայտարարել, քանի որ կամ պիտի մի տարի առանց լծակների մնային` վստահ չլինելով մի տարի հետո դրանք հետ ստանալուն, կամ մնային Մարգարյան-Սարգսյան զույգի բարեհաճության սահմաններում: Իսկ այս դեպքում նրանց համար հազիվ թե «Բարգավաճ Հայաստանի» դռները բացվեն, եթե անգամ նրանք մեղայականով հանդես գան:

Այսպիսով` ՀՀԿ-ի արտահերթ համագումարը շատերի համար սովորական դարձած սորուն գործելակերպի դիմաց փակեց դռները, մրցակից ուժերից խլեց համախմբվելու նախաձեռնությունը, շախմատային լեզվով ասած` խաղն սկսեց սպիտակներով, որով հաղթելու հավանականությունը մեծ է: Մյուս կողմից, այդ քայլն իր թույլ կողմերն էլ ունի` մրցակցին ժամանակ է տալիս ավելի մտածված մարտավարություն ընտրելու` իմանալով դիմացինի հնարավորության սահմաններն ու խաղացողներին: Բացի այդ էլ, միշտ չէ, որ սպիտակներով սկսողը հաղթում է: Այժմ արդեն Հայաստանի քաղաքական դաշտի մյուս հատվածներին մնում է հետ վերցնել ընտրություններին մենակ գնալու նախօրոք հնչած մի քանի հայտարարությունները, դեն նետել ամբիցիաները, անգամ մի կողմ դնել գաղափարական բլոկ կազմելու բոլոր հույսերը եւ ամենաուշը երկու- երեք ամսից ստեղծել մի ընդարձակ միավոր, որը կփորձի դառնալ երկրորդ բեւեռը Հայաստանի քաղաքական դաշտում եւ կորդեգրի մարդկանց կյանքը փոխելու կարգախոս: Մնացած տարբերակները մեզ մոտ չեն գործել, դրա ականատեսն ենք արդեն շատ տարիներ: Իսկ թե ովքեր կստանձնեն, պայմանական ասած, դեմոկրատներին համախմբելու դերը` «Դաշինքը», «Օրինաց երկիրը», «Բարգավաճ Հայաստանը», թե՞ ընդդիմության միավորները, պարզ կլինի արդեն սեպտեմբերին: ՀՅԴ-ն եւս առայժմ հայեցողական դեր է ստանձնել:

Վերադառնալով ՀՀԿ արտահերթ համագումարին` մեր ընթերցողների համար այնուամենայնիվ հիշեցնենք էլեկտրոնային լրատվամիջոցներով արդեն հնչածը. կուսակցության խորհրդի կազմն ընդլայնվեց` ներառելով մայրաքաղաքի տարածքային կազմակերպությունների եւ ստորաբաժանումների ղեկավարներին, ինչպես նաեւ կուսակցության 15 նոր գործիչներին. վերջիններիս մեծ մասի անուններն արդեն մամուլում շրջանառվում էին: Համալրված խորհրդի առաջին 5 րոպեանոց նիստը խորհրդի նախագահ ընտրեց Սերժ Սարգսյանին: Ավելորդ չէ հիշեցնել այն մարդկանց անունները, ում համար նեղ արեց-տեղ արեց ՀՀԿ խորհուրդը .Ալեքսանյան Լեռնիկ, Բեգլարյան Գագիկ, Զախարյան Երվանդ, Խաչատրյան Վարդան, Կարապետյան Կարեն, Կիրակոսյան Կարինե, Հակոբյան Հակոբ Ռաֆիկի, Հայրապետյան Ռուբեն, Հարությունյան Համլետ, Մխիթարյան Արմեն, Միքայելյան Սասուն, Սարգսյան Լեւոն, Սեդրակյան Մհեր, Փամբուկյան Հարություն: Դուք ինքներդ որոշեք, թե նրանցից հատկապես ովքեր են տապակվում նժդեհյան գաղափարների իրագործումն անմիջապես սկսելու համար:

ՀՀԿ խորհրդի որոշմամբ նաեւ ստեղծվել են տնտեսագիտական եւ գործարար աջակցության հանձնաժողովներ. առաջինը կգլխավորի ԱԺ «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար, ՀՀԿ խորհրդի անդամ Կարեն Կարապետյանը, երկրորդըՙ գործարար Հարություն Փամբուկյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4