«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#136, 2006-07-21 | #137, 2006-07-22 | #138, 2006-07-25


ԵՐԵՎԱՆԸ ԼԱՅՆԱՑՆՈՒՄ Է ՏԵՍԱԴԱՇՏԸ

Ֆրանսիացի դիզայներին հիացրել են Երեւանի սրճարանները

Պարզվում է, որ մեր սրճարանները բավական տպավորիչ են Հայաստան եկած օտարերկրացու համար: Երեկ քաղաքապետարանում անցկացված հերթական ճեպազրույցի ժամանակ արտաքին կապերի եւ տեղեկատվության վարչության պետ Դավիթ Գեւորգյանը պատմեց, որ Երեւան այցելած ֆրանսիացի մի դիզայներ անակնկալի է եկել մեր ռեստորանների, սրճարանների գեղարվեստական ձեւավորումների մակարդակից: Ի դեպ, նրան Երեւան են հրավիրել քաղաքապետարանի դիմացի կանաչ հատվածը եվրոպական ձեւավորմամբ գազոն դարձնելու ծրագիրն իրականացնելու համար: Նույնպիսի հիացմունք են արտահայտել նաեւ Աջարիայի կառավարության ներկայացուցիչները, որոնք երկար շրջել են քաղաքում, լուսանկարել: Աջարիան հայտնի է զբոսաշրջության զարգացմամբ, եւ այս երկրի ներկայացուցիչների ուշադրությունը եւս հիշատակելի է: Դավիթ Գեւորգյանը կարծում է, որ մեր քաղաքի կյանքում այս նոր իրողությունները նաեւ դրսի աշխարհի, մեծ ու փոքր քաղաքների հետ տեսական ու գործնական կապերի հետեւանք են:

«Երեւանն այսօր անդամակցում է 6 միջազգային կազմակերպությունների («ԱՊՀ երկրների մայրաքաղաքների եւ խոշոր քաղաքների», «Սեւծովյան քաղաքների համագործակցություն», «Պատմական ժառանգություն հանդիսացող քաղաքների» ասոցիացիաներ. վերջինիս 4 ամիս առաջ ենք անդամակցել, նաեւ «Խոշոր քաղաքների եւ համայնքների լուսավորման ասոցիացիա», կենտրոնը` Լիոն), իսկ երկկողմ համագործակցության կամ քույր քաղաքների դաշտում Երեւանն ընդհանուր առմամբ 30 գործընկեր քաղաք ունի:

Ներկայացնելով միջազգային առնչությունների այսպիսի պատկեր, Գեւորգ Դավթյանը փորձում էր հավատացնել, որ այդ կապերը այցելություններով ու տոն օրերին միմյանց բարեմաղթանքի հեռագրեր ուղարկելով չեն սահմանափակվում:

Հուլիսի 15-18-ը Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը քույր քաղաք Դոնի Ռոստով այցելության ընթացքում կոնկրետացրեց առեւտրատնտեսական, կրթության ու մշակույթի բնագավառներում (աշակերտների եւ մեթոդական գրականության փոխանակում, ցուցահանդեսներ) միջոցառումների ցանկն ու նախագծերը, իսկ տրանսպորտի ասպարեզում` փորձի փոխանակման հնարավորությունները:

Հուլիսի 10-ին երեւանյան արտաքին կապերը նշանավորվեցին Հունգարիայի Շոպրոն քաղաքում հայ-հունգարական բարեկամության արձանի վերաբացմամբ, որը արվարձանից տեղափոխվեց Շոպրոնի Երեւան թաղամաս: Ուշագրավ է, որ այս քաղաքում հայ համայնք գրեթե չկա: Մինչ այդ Բուդապեշտում մեր համայնքային գործիչները մանրամասն ուսումնասիրեցին նաեւ «մեկ պատուհանի» բուդապեշտյան փորձը: Սակայն, ինչպես երեւում է, բավական անարդյունավետ կամ էլ օտար բույսը մեր հողում ծաղիկ չտվեց: Հարցումների համաձայն, երեւանցիների 56,1 տոկոսը «մեկ պատուհանի» ներդրումից հետո էլ կարծում է, որ «մեկ պատուհանի» սկզբունքը ոչինչ չի փոխել քաղաքապետարանի գործունեության մեջ: Իրենք շարունակում են նույն անվստահությամբ վերաբերվել պաշտոնյաներին` քաղաքապետարանի հետ կապված իրենց գործերի հաջողությունը կապելով միայն միջնորդների հետ:

Առավել գործնական է Լիոնի քաղաքապետարանի հետ գարնանը ձեռք բերված պայմանավորվածությունը Երեւանում Լիոնի այգի հիմնելու վերաբերյալ: Նախնական պլաններով այդ այգին կհիմնվի Էրեբունի համայնքի Վարդավառի այգու` 5000 քմ առանձնացված տարածքի վրա:

Այս բոլոր բարեկամություններից Երեւանի ու երեւանցիների օգուտը նաեւ քույր քաղաքների միջոցով ավտոբուսների ներկրումն է, սանմաքրման տեխնիկայի, տրոլեյբուսների ներկրման հավանականությունները:

Մոսկվայի հետ համագործակցությունն առայժմ մշակութային շեշտադրումներ ունի: Այս տարին հռչակված է «Հայաստանի տարի Ռուսաստանում»: Հուլիսի 8-10-ը Մոսկվայում կայացավ «Ծիրանի փառատոն», իսկ սեպտեմբերի 11-17-ը կկայանան «Երեւանի օրեր», որոնց ընթացքում Մոսկվայի կենտրոնում կբացվի Արամ Խաչատրյանի արձանը: Իսկ Կրեմլի հարեւանությամբ, թատերական հրապարակում կբացվի «Ոսկե նուռ» փառատոնը` հայ բանահյուսության ու ազգագրական մտքի ներկայացմամբ: Երեւանի օրերին կմասնակցի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակությունը: Առջեւում անկախության 15-ամյակն է, որով պայմանավորված «Երեւանի օր» տոնակատարությունը սովորականից ավելի շքեղ ու բազմամարդ կլինի:

Անդրօվկիանոսյան առնչությունների մեջ հիշատակելին Բուենոս Այրեսի եւ Մոնրեալի հետ բարեկամության փորձերն են, որի շրջանակներում այս 2 քաղաքների քաղաքապետներին եւս Երեւան այցելության հրավերներ են հղվել:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4