«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#136, 2006-07-21 | #137, 2006-07-22 | #138, 2006-07-25


ՎԱՎԵՐԱԳՐԵՐԻ ՆՈՐ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Հայ եկեղեցու պատմության ուսումնասիրմանը ծանրակշիռ նպաստ է բերում Հայաստանի ազգային արխիվի կողմից հրապարակվող «Վավերագրեր հայ եկեղեցու պատմության» մատենաշարը, որի հերթականՙ 14-րդ հատորը (Գիրք ԺԴ) լույս է տեսել օրերս: «Տ.Տ.Մակար Ա Թեղուտեցի Տեր-Պետրոսյան Կաթողիկոս Ամենայն Հայոց (1884-1891թթ)» փաստաթղթերի եւ նյութերի ժողովածուն կազմել է լուսահոգի Սանդրո Բեհբուդյանը (ի դեպ նա է հեղինակել նաեւ նախորդ 13 հատորները), իսկ մատենաշարի անփոփոխ խմբագիրն է Արշակ Մադոյանը:

1885թ. հուլիսի 18-ին «ընտրութեամբ ազգի եւ հաստատութեամբ թագավոր Կայսերն Ռուսիոյ» Ամենայն Հայոց Հայրապետական գահ բարձրացավ Մակար Ա. Թեղուտեցին: Իր շուրջ վեց տարվա գահակալության ընթացքում, նա մշտապես եղավ հայ ժողովրդի, հայոց դպրոցի, հայ եկեղեցու կենսական շահերի արտահայտողն ու դրանց կյանք տվողը: Նրա անբասիր գործունեության մասին, հայ ականավոր պատմաբան եւ բանասեր Նիկողայոս Ադոնցը գրել է. «... Իրեն վիճակված դատը վարեց եկեղեցու պետին վայել մեղմութեամբ: Խուսափեց բողոքավոր աղաղակներից, բայց եւ չիջավ լալկան աղերսողի նկունութեան: Վարեց իր սրբազան պաշտօնը ամենայն արժանապատվութեամբ եւ թողեց բարի անուն եւ յիշատակ»:

Ասվածի վկայությունն են ժողովածուի մեջ ընդգրկված 271 բազմաբնույթ փաստաթղթերը, որոնք լուսաբանում են Մակար Ա կաթողիկոսի վարդապետական, առաջնորդական, կաթողիկոսական տեղապահական, կաթողիկոսական ընտրության եւ գահակալության պատմությունները: Դրանք կոնդակներ են, հայտարարություններ, Էջմիածնի Սինոդի արձանագրություններ, օրհնության գրեր, նամակներ, տեղեկագրեր, պարգեւատրումների հրովարտակներ, խնդրագրեր, դիմումներ, հրամաններ, որոնք հիմք են հանդիսանում կաթողիկոսի անվան շուրջ եղած հակասական, հաճախ ծայրահեղ հակադիր կարծիքները եւ նրան գնահատելու փորձերը ճիշտ ուղղորդելու, անաչառ եզրահանգումներ անելու:

Ժողովածուն ունի փաստաթղթերի եւ նյութերի, անձնանունների, օգտագործված ֆոնդերի ցանկեր, բաղկացած է 498 էջից, հրատարակվել է «Մուղնի» հրատարակչության կողմից, Գալուստ Գյուլբեկյան հիմնադրամի օժանդակությամբ:

Ավելացնենք նաեւ, որ տպագրության է պատրաստվում «Վավերագրեր հայ եկեղեցու պատմության» մատենաշարի հաջորդՙ 15-րդ հատորը, որը նվիրված է Մաղաքիա արք. Օրմանյանի կյանքին եւ գործունեությանը:

ՎԱՐԴԻԹԵՐ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ, Հայաստանի ազգային արխիվի մամլո քարտուղար


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4