Նորաստեղծ «Դրամատիկական արվեստների հայկական միությունը» (ԴԱՀՄ) գործում է Քեմբրիջում (Մասաչուսեթս, ԱՄՆ): Ունի մասնաճյուղեր Փարիզում, Լոս Անջելեսում, Բոստոնում, Նյու Յորքում եւ այլուր: Նպատակն է դրամատիկական արվեստի միջոցով հայության ձայնը լսելի դարձնել աշխարհի բեմերում եւ կինոդահլիճներում: Այդ առնչությամբ միությունը նախաձեռնել է ստեղծել «Ֆրենսիս Պոլ Լայընզի եւ Ալմաս Պոլի» անվան ֆիլմերի եւ պիեսների սցենարների տարեկան մրցանակաբաշխություն: Սցենարները պետք է շոշափեն հայկական թեմաներ, բայց մասնակից-սցենարիստները կարող են լինել նաեւ օտարազգիներ:
Այս մասին տեղեկացնող հաղորդագրությունը նյութերի հանձնման վերջնաժամկետ է նշում 2007 թվի մայիսի 15-ը: Արդյունքները պետք է ամփոփվեն 2007-ի աշնանը, լավագույն աշխատանքը արժանանալու է մրցանակի` 10 հազար դոլարի չափով:
Միությունը արդեն իսկ սկսել է լուրջ ստեղծագործական կապեր հաստատել Մ. Նահանգների առաջավոր թատրոնների, թատերական խմբերի եւ կինոգործիչների հետ, եւ խոստանում է բազմակողմանի օժանդակություն ցուցաբերել սցենարիստներին:
Միության գործունեությամբ հետաքրքրվողները կարող են հավելյալ տեղեկություն ստանալ այցելելով www.armeniandrama.org կայքէջը, կամ հավաքելով 617-871-6764 հեռախոսային համարը: Իսկ մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է այցելեն www.armeniandrama.org/contest.php կայքէջը:
Մրցանակաբաշխությունը հնարավոր է եղել ստեղծել Հյուսիսային Ամերիկայի Հայկական առաքելական եկեղեցու արեւմտյան թեմում «Պոլ» գերդաստանի ունեցած ընտանեկան հիմնադրամի միջոցներով:
Հ. Ծ.