Ծխախոտամոլությունը մոլորակի բնակչությանը սպառնացող լուրջ չարիք է, որի դեմ պայքարին միացել է նաեւ մեր հանրապետությունը: Ողջունելի իրողություն է այս գործում մասնավորապես տեղական հասարակական կառույցների ներգրավումը: Գյումրու «Համայնքային զարգացման եւ սոցիալական աջակցության կենտրոն» ՀԿ-ն մշակել է «Առողջ սերունդ, առողջ հասարակություն» ծրագիր, որը հավանության է արժանացել եւ նրա կողմից Շիրակի մարզկենտրոնում իրականացվում է պետբյուջեից հատկացված միջոցներով, «Հասարակական երկխոսության եւ զարգացումների կենտրոն» կազմակերպության աջակցությամբ:
Ծրագրի նպատակն է նպաստել ՀՀ հակածխախոտային քաղաքականության մեջ հասարակության լայն զանգվածների ընդգրկվածությանը եւ հասարակության առողջ ապրելակերպին: Նախատեսված են այսպես կոչված ծխելիության մակարդակի եւ հակածխախոտային օրենքներին մարդկանց իրազեկության մակարդակի հետազոտմանն ուղղված միջոցառումներ, հանրային քննարկումներ, ռադիոհաղորդաշարեր, բնակչության իրազեկմանն ուղղված տարբեր ձեռնարկներ: Իրականացվող աշխատանքում կարեւոր տեղ է տրվում անչափահասների շրջանում ծխելու հետ կապված խնդիրների ուսումնասիրությանը, կանխարգելիչ բնույթի նախաձեռնությունների խթանմանը:
Գ. Մ.