«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#136, 2006-07-21 | #137, 2006-07-22 | #138, 2006-07-25


ԹՈՒՐՔ ՍԿԱՆԴԱԼԻՍՏՆԵՐԻՆ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՌՆՈՒՄ

Պլովդիվի դատախազությունը քրեական գործ է հարուցել թուրք բռնցքամարտիկ Սելջուկ Այդինի եւ նրա մարզիչ Էսալետին Պելտոգանի նկատմամբ եւ պատրաստ է գործին առնչվող փաստաթղթերը հանձնել դատարան: Նրանք մեղադրվում են խուլիգանության, մարմնական վնասվածքներ հասցնելու եւ ուրիշի գույքը կոտրելու մեջ:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել Եվրոպայի առաջնության ժամանակ: Անգլիացի Ֆրանկլին Գեւինի հետ մենամարտում խաղի կանոնները խախտելու համար թուրք բռնցքամարտիկը մրցավարի կողմից զգուշացվել էր մի քանի անգամ եւ որակազրկվել: Այդ որոշումից դժգոհ թուրք մարզիկը սկսել էր հայհոյել մրցավարին, նրա վրա նետել իր ձեռնոցները, ոտքերով հարվածել ու կոտրել էր գովազդային վահանակները: Իսկ երբ մրցավարը հեռացել էր ռինգից, հանդերձարանի ճանապարհին նրան էր մոտեցել Աթենքի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Ատագյուն Յալչիկայան, շիշը նետել էր նրա վրա եւ թքել երեսին: Մրցավարին հարվածել էր նաեւ բռնցքամարտիկի մարզիչը: Հանդերձարանում եւս թուրք բռնցքամարտիկը չէր հանգստացել եւ կոտրել էր գույքը:

Ինչպես տեղեկացրել ենք, Սելջուկը որակազրկվել է 5 տարով, իսկ նրա մարզիչը` ցմահ: Այժմ նրանց սպառնում է բանտարկություն: Որակազրկման կարող է ենթարկվել նաեւ թուրք բռնցքամարտիկ Յալչիկայան: Որոշումը կկայացվի գործկոմի հաջորդ նիստում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4