Կրասնոտուրինսկում մեկնարկել է շախմատի «Հյուսիսային Ուրալի գավաթ» կանանց մրցաշարը, որը մասնակիցների վարկանիշով համարվում է ուժեղագույնն աշխարհում: Մրցաշարի 10 մասնակիցների թվում է Լիլիթ Մկրտչյանը (2459): Նրա մրցակցուհիներն են մրցաշարի ամենաբարձր վարկանիշն ունեցող Անտոանետա Ստեֆանովան (2520)` 2004 թ. աշխարհի չեմպիոնուհին, Մայա Չիբուրդանիձեն (2504), մրցաշարի ամենակրտսեր մասնակից` 12-ամյա Յուֆան Հոուն (2488), Տատյանա Կոսինցեւան (2479), Վիկտորյա Չմիլիտեն (2476), Չեն Ժուն (2476), Նադեժդա Կոսինցեւան (2472), Սվետլանա Մատվեեւան (2454), Եկատերինա Լագնոն (2449):
Վիճակահանությամբ Լիլիթ Մկրտչյանը հանդես է գալիս 2-րդ համարի տակ: Առաջին տուրում Լիլիթը հանդիպեց միջազգային գրոսմայստեր, աշխարհի հնգակի չեմպիոնուհի Մայա Չիբուրդանիձեի հետ: Հավասար պայքարում ընթացած պարտիան կարճատեւ պայքարից հետո ավարտվեց ոչ-ոքի:
Մեծ հետաքրքրություն էր ներկայացնում 12-ամյա Յուֆան Հոուի եւ օլիմպիական չեմպիոնուհի, 16-ամյա ուկրաինացի Կատերինա Լագնոյի մրցավեճը: Չին շախմատիստուհին վերջին շրջանում մի քանի սենսացիոն հաղթանակներ է տոնել ուժեղագույնների նկատմամբ: Թեեւ Լագնոն որոշակի առավելություն էր ստացել, սակայն չկարողացավ այն իրացնել: Գրանցվեց ոչ-ոքի:
Աշխարհի նախկին չեմպիոնուհի Անտոանետա Ստեֆանովան մեկնարկեց հաղթանակով: Նա պարտության մատնեց Տատյանա Կոսինցեւային: Վերջինիս քույրը` Նադեժդան հաջողության հասավ Սվետլանա Մատվեեւայի հետ պարտիայում: Արդյունավետ էր նաեւ Չեն Ժու-Վիկտորյա Չմիլիտե պարտիան, որում հաղթեց չին շախմատիստուհին: