«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2006-07-25 | #139, 2006-07-26 | #140, 2006-07-27


ՀՌՈՄՈՒՄ ԿԱՏԱՐԵԼԱՊԵՍ ՁԱԽՈՂՎԵՑ ԼԻԲԱՆԱՆԻ ՃԳՆԱԺԱՄԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ

Դրա հիմքում իսրայելական ագրեսիան խրախուսելու ԱՄՆ-ի նկրտումներն են

Երեկ Հռոմում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Կոֆի Անանի եւ 15 երկրների արտգործնախարարների մասնակցությամբ գումարվել է Լիբանանի ճգնաժամին նվիրված միջազգային կոնֆերանսը: Դրա գումարման առաջարկը ԱՄՆ-ի աջակցությամբ արել է Իտալիան: Թերեւս պատահական չէ, որ կոնֆերանսի աշխատանքները ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հետ համատեղ ղեկավարել է Իտալիայի արտգործնախարար Մասսիմո դ՛Ալեման, իսկ բացումը կատարել է վարչապետ Ռոմանո Պրոդին:

Հատկանշական է, որ կոնֆերանսին մասնակցել են Կանադան, Ռուսաստանը, Եվրոմիության եւ տարածաշրջանի երկրները Լիբանանի գլխավորությամբ, իսկ պատերազմող կողմերը` ի դեմս Իսրայելի եւ «Հզբոլլահի»` ոչ: Հռոմ չեն հրավիրվել նաեւ լիբանանյան պատերազմի տարածման անմիջական սպառնալիքի տակ գտնվող Սիրիան ու Իրանը: Կոնֆերանսի շրջանակներում նախատեսվում էր Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլի հանդիպումը Ռայսի հետ, ըստ երեւույթին, կապված Լիբանանի հարավում ՆԱՏՕ-ի հրամանատարության ներքո թուրքական եւ եգիպտական զորամիավորումներ տեղաբաշխելու նախաձեռնության հետ:

ԱՄՆ պետքարտուղարի անունով «Ռայսի ծրագիր» կոչվող այս նախաձեռնությանը թուրքական կողմի մոտեցումը միանշանակ չէ: Անկարան պահանջում է, որ խաղաղապահ ուժերի տեղաբաշխումը կատարվի Լիբանանում զինադադարի հաստատումից հետո: Մինչդեռ Ռայսը, ելնելով «տեւական խաղաղության» ծրագրից, պնդում է, որ քանի դեռ ավարտին չեն հասել «Հզբոլլահի» դեմ Իսրայելի ռազմական գործողությունները, չպետք է զինադադար հաստատվի:

Ակնհայտ է, որ առանց զինադադարի հարավային Լիբանանում տեղակայված զորքերի գլխավոր առաջադրանքը կլինի «Հզբոլլահի» չեզոքացումը: Դա կհանգեցնի անխուսափելի բախումների: Այդ դեպքում Թուրքիան, բախվելով «Հզբոլլահի» հետ, անուղղակիորեն կբախվի իր անմիջական հարեւանների` Սիրիայի եւ Իրանի հետ: Նա դրանով ոչ միայն կդառնա տարածաշրջանում Իսրայելի շուրջը Վաշինգտոնի օրհնությամբ ձեւավորվող արաբաիսլամական կոալիցիայի ամենաակտիվ անդամը, այլեւ ստեղծելով նախադրյալներ ԱՄՆ-ի ու Իսրայելի համատեղ ծրագրի համար, ակամա կկանխորոշի Լիբանանի քաղաքական ճակատագիրը:

Համատեղ այս ծրագիրը Լիբանանի մասնատում է ենթադրում, թե՞ Իսրայելի վերահսկողությունը երկրում` դժվար է կանխորոշել: Բայց որ դրա իրագործումից հետո Լիբանանն այլեւս կդադարի արաբական աշխարհի մաս կազմել, ինչպես Իրաքն է դադարել, ակնհայտ է: Դա կխորացնի տարածաշրջանի երկրների մասնատվածությունը, Սիրիան ու Իրանը իսպառ կորցնելով իրենց ազդեցությունը Լիբանանում, արաբաիսրայելական վերոհիշյալ կոալիցիայի հակազդեցությամբ վերջնականապես կմեկուսանան տարածաշրջանում:

Այս ամենի հիմքում, ըստ երեւույթին, «Նոր Միջին Արեւելքի» ձեւավորման նախաձեռնությունն է, ինչի մասին Երուսաղեմում արտահայտվել էր ԱՄՆ-ի պետքարտուղարը: Դա իր հերթին պայմանավորվում է «Մեծ Մերձավոր Արեւելքի» ամերիկյան ծրագրով: Այլ կերպ` «Նոր Միջին Արեւելքի» ստեղծումը ենթադրում է իսրայելական ագրեսիայի հետագա ծավալումը Լիբանանում: Այդ իսկ պատճառով Իսրայելի եւ ԱՄՆ-ի շահախնդիր շահագրգռությունները ձախողում են Լիբանանում զինադադարի հաստատման միջազգային բոլոր ջանքերը:

Ձախողման առումով բացառություն չի կազմելու նաեւ Հռոմում Լիբանանի ճգնաժամի առնչությամբ գումարված միջազգային կոնֆերանսը: Օգտվելով առիթից նշենք, որ կոնֆերանսի օրակարգում բացի զինադադարից, եղել են նաեւ լիբանանցիներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու եւ երկրի հարավում խաղաղարար ուժեր տեղակայելու հարցերը:

Չնայած զինադադարի անհապաղ հաստատման Իտալիայի վարչապետի առաջարկն արժանացել է կոնֆերանսի այնպիսի մասնակիցների հավանությանը, ինչպիսիք են Եգիպտոսը, Հորդանանը եւ Սաուդյան Արաբիան, դա պաշտպանել է նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, սակայն ԱՄՆ-ի պետքարտուղարը, հակադրելով առաջարկին «տեւական խաղաղության» ծրագիրը, փաստորեն դրա մերժման պատճառ է դարձել:

Ի պատասխան դրան, կոնֆերանսի մասնակիցները նպաստել են, որ մերժվի Լիբանանի հարավում ՆԱՏՕ-ի հրամանատարության ներքո խաղաղարար ուժեր տեղակայելու ամերիկյան առաջարկը, փոխարենը առաջադրելով ՄԱԿ-ի ուժերը: Փաստորեն կոնֆերանսը ընդհանուր հայտարարի գալով օրակարգի երեք հարցերից միայն Լիբանանին մարդասիրական օգնություն տրամադրելու հարցում, մատնվել է կատարյալ ձախողման:

Հարկ է սակայն նշել, որ զինադադարի պարագայում կարեւորը կոնֆերանսը չէ: Եթե դա չձախողվեր եւ մասնակիցները հանգեին զինադադարի հաստատման ընդհանուր որոշմանը, Լիբանանում Իսրայելի ագրեսիան միեւնույն է, ծավալվելու էր: ՄԱԿ-ի որոշումներն ամենայն ամբարտավանությամբ ոտնահարող այս պետության վրա, որին անմարդկային բոլոր նկրտումներում անվերապահորեն աջակցում է պաշտոնական Վաշինգտոնը, հազիվ թե ազդեր որեւէ կոնֆերանսի որոշում:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4