«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2006-07-25 | #139, 2006-07-26 | #140, 2006-07-27


ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ ՉԻՐԱԿԱՆԱՑԱՆ

Հայաստանի տնտեսությունն այլ զարգացում ունեցավ, քան ենթադրում էր նախկին նախագահը

«Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը ԱԽ նիստում» (1998 թ.-ի հունվարի 8-ին): Այս վերնագրով «Հայկական ժամանակ» օրաթերթը վերջերս հրապարակեց Հայաստանի առաջին նախագահի մոտեցումներն ու տեսակետները, որոնք նա արտահայտել էր 1998 թ.-ին, երբ Հայաստանի այն ժամանակվա իշխանությունները կանգնած էին ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային հանրության առաջարկած տարբերակն ընդունել-չընդունելու երկընտրանքի առաջ: Ինչ խոսք, իշխանափոխության պատճառ դարձած այդ օրերի իրադարձությունները մեծ հետաքրքրություն են ներկայացնում, առավել եւս նախագահի ելույթն անվտանգության խորհրդի նիստում: Սակայն առավել հետաքրքրական է այդ ելույթն այն առումով, որ հասարակությունն, ի վերջո, ինքը կարող է համոզվել, թե որքանո՞վ իրականություն դարձան Լեւոն Տեր-Պետրոսյանի հոռետեսական կանխատեսումները եւ ի՞նչ զարգացումներ ունեցան գործընթացները Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:

1998 թ.-ին Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե չէր առաջարկվում

Այսպիսով, Հայաստանի առաջին նախագահը փորձում էր հիմնավորել ղարաբաղյան հակամարտության կարգավորման այն տարբերակի ընդունումը, ըստ որի հայկական զինված ուժերը դուրս էին գալիս Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքներից, որից հետո միայն քննարկվում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Վերստին ընդգծենք, որ խոսքն ընդամենը հակամարտող կողմերի միջեւ քննարկումների արդյունքում կարգավիճակի որոշման մասին է, այլ ոչ թե հանրաքվեի միջոցով որոշելու, ինչն առաջարկվում է այժմ: Սա թերեւս ամենաառարկայական տարբերությունն է, որը նախկին իշխանության մաս կազմող շրջանակներն իրենց այսօրվա ելույթներում եւ վերլուծություններում ձգտում են չնկատելու տալ: Մինչդեռ սա թերեւս ամենամեծ ձեռքբերումն է հայկական կողմի համար, որին հասել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ տեղի ունեցող բանակցությունների ընթացքում: Որքան էլ քննադատենք գործող իշխանություններին այլ մեղքերի համար, որքան էլ ասենք, որ նրանք ընտրակեղծիքներով անցան իշխանության գլուխ, միեւնույնն է, դա չի նշանակում, որ իրականությունը պետք է խեղաթյուրել: Ի վերջո, չմոռանանք, որ ընտրությունների կեղծմամբ իշխանություն պահպանելու հիմքերը դրել են հենց նույն առաջին նախագահը եւ նրա հենարան ՀՀՇ-ն 1995 թ. եւ 1996 թ. ընտրությունների ժամանակ, ինչն էլ հետագայում ընդօրինակեցին երկրորդ նախագահն ու Հանրապետական կուսակցությունը:

Ներդրումներն ու արտահանման ծավալներն այդուհանդերձ էապես ավելացան

Ի՞նչ էր ասում Լեւոն Տեր-Պետրոսյանը, հիմնավորելով առաջարկվող տարբերակի ընդունումը: Նրա համոզմամբ, Հայաստանի վերջին տարիների մակրոտնտեսական ցուցանիշներից ելնելով, «Հայաստանը իր տնտեսական զարգացման մեջ արդեն բախվում է ֆիզիկական լիմիտների, որոնք կախված չեն կառավարության գործունեության արդյունավետությունից կամ այլ սուբյեկտիվ գործոններից»: Ընդունելով, որ ռեզերվներ կան կառավարության աշխատանքի բարելավման համար, նա նշում է, որ դա, այնուամենայնիվ, չի կարող էապես ազդել Հայաստանի տնտեսական զարգացման վրա: Դրա պատճառն, ըստ առաջին նախագահի, ղարաբաղյան չլուծված հակամարտությունն է, Հայաստանի շրջափակումն ու արտասահմանյան ներդրումների բացակայությունը, որի պատճառով արտաքին առեւտուրը թանկանում է 30 տոկոսով, իսկ արտահանման ենթակա ապրանքներըՙ մնում Հայաստանում:

Այն, որ Հայաստանը շատ ավելի մեծ տեմպերով, քան 1994-1997 թթ.-ին, զարգացավ հատկապես վերջին 4-5 տարիներին, անվիճարկելի փաստ է, ինչը հաստատում են նույն Համաշխարհային բանկն ու մյուս միջազգային տնտեսական կառույցները: Ընդ որում, զարգացավ նույն շրջափակման եւ ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելու պայմաններում եւ զարգացավ նաեւ շնորհիվ արտաքին ներդրումների: Համախառն ներքին արդյունքը 2000 թ.-ից արձանագրում է երկնիշ աճ, արտահանումը Հայաստանից 2005 թ.-ին կազմեց 950 մլն դոլար, օտարերկրյա ներդրումներըՙ շուրջ 400 մլն դոլար: Այսինքն, Լեռնային Ղարաբաղի պատճառով արտասահմանյան ներդնողները Հայաստանը չդիտարկեցին որպես ռիսկի գոտի, ինչի մասին իր ելույթում նախազգուշացնում էր նախկին նախագահը: Այլ բան է, որ այս ցուցանիշները կարող էին ավելի տպավորիչ լինել դարձյալ նույն հակամարտության կարգավորված չլինելու եւ շրջափակման պայմաններում, եթե ներկայումս գործող իշխանություններն ավելի արդյունավետ գործեին, մասնավորապես ձեռնպահ մնալով արհեստական մենաշնորհների եւ անհավասար մրցակցային դաշտի պահպանումից:

Ինչ մնում է 1994-1997 թթ. ներդրումներին կամ արտահանման ծավալներին, ապա օտարերկրյա ներդրումներ Հայաստանում այդ տարիներին գրեթե չէին կատարվում, իսկ տարեկան արտահանման ցուցանիշը չէր գերազանցում 250 մլն դոլարը: Ընդ որում, արտահանում էինք հիմնականում ոչ թանկարժեք մետաղՙ արդյունաբերական ձեռնարկությունների մեքենասարքավորումները որպես մետաղի ջարդոն: Հետեւաբար, կարող ենք փաստել, որ հակառակ Լեւոն Տեր-Պետրոսյանի մռայլ կանխատեսումների, Հայաստանի տնտեսությունը կարողացավ էապես զարգանալ, ինչը, ճիշտ է, չի կարելի բավարար համարել, բայց փաստ է, որ դրան Հայաստանը կարողացավ հասնել չնայած շրջափակման շարունակման եւ ղարաբաղյան հակամարտության լուծված չլինելուն:

Վատ քաղաքական գործի՞չ, թե՞ պարտականությունները պատշաճ չկատարող նախագահ

«Աշխատավարձերը, թոշակները, նպաստները մնալու են նույն խղճուկ մակարդակին, աղետի գոտու վերականգնումը ձգձգվելու է տասնյակ տարիներ, խորանալու է գործազրկությունը: Բյուջետային աշխատողների աշխատավարձն այսօր կազմում է շուրջ 20 դոլար: Եթե հաջողվի անգամ ապահովել տարեկան 20-30 տոկոս աճ, ապա պատկերացրեք ինչ աշխատավարձ ենք մենք վճարելու հինգ տարի հետո: 40-50 դոլա՞ր: Նկատի ունենալով դրամի արժեզրկումը եւ անխուսափելի սղաճը, դժվար չէ կռահել, որ հինգ տարի հետո այդ նույն 40-50 դոլարը կունենա նույն արժեքը, ինչ այսօրվա 20 դոլարը, այսինքնՙ բնակչության կենսամակարդակի որեւէ բարելավում տեղի չի ունենա, եթե Աստված, իհարկե, մեզ փրկի վատթարացումից»: Սա Լեւոն Տեր-Պետրոսյանի հաջորդ, առավել մռայլ կանխագուշակումն էրՙ արված 1998 թ.-ին: Բարեբախտաբար, այս չարագուշակ հեռանկարները ոչ միայն չիրականացան եւ ոչ միայն վատթարացում չեղավ, այլեւ, ընդհակառակը, սոցիալական պայմանները բարելավվեցին: Վերստին ընդգծենք, որ առնվազն մեկ միլիոն մարդու (բնակչության մեկ երրորդը) աղքատ լինելը մնում է լրջագույն խնդիր Հայաստանի համար, սակայն դա նույնը չէ, ինչ բնակչության 80-90 տոկոսի աղքատ լինելը, ինչն առկա էր 90-ականներին: Սակայն ըստ էության անդրադառնանք առաջին նախագահի վերոնշյալ ասածներին:

Նախՙ աղետի գոտու վերակառուցումը չձգձգվեց տասնյակ տարիներ, որքան էլ դա համարվի մեր մեծ հայրենակից Քըրք Քըրքորյանի ավանդը: Այդ նույն մարդուն կարող էր չարագուշակ կանխատեսումներ անելու փոխարեն աղետի գոտու վերականգնման ծրագրերում ընդգրկել նաեւ Լեւոն տեր-Պետրոսյանը, բայց չարեց:

Հաջորդը աշխատավարձերն են: Ներկայումս, Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից 8 տարի հետո, Հայաստանում բյուջետային միջին աշխատավարձը կազմում է ոչ թե 20 դոլար, այլ մոտ 42 հազար դրամ, կամ 100 դոլար: Ավելին, հայկական դրամն էլ ոչ միայն չի արժեզրկվել, այլեւ արժեւորվել է: Դարձյալ վերապահում անենք, ասելով, որ ներկայիս իշխանությունների հպարտանալու առիթ չէ 100 դոլար միջին աշխատավարձը, բայց դա 5 անգամ ավելի է, քան ապագայի համար կանխատեսում էր նախկին նախագահը:

Գործազրկությունն էլ ոչ թե ավելի է խորացել, այլ ընդհակառակը, նվազել է, եւ չնայած դեռեւս մնում է սոցիալական լուրջ խնդիր, բայց այսօր արդեն մի շարք մասնագիտությունների գծով թափուր աշխատատեղերի կարիք ունենք: Ի դեպ, դրանք որոշակի մասնագիտությունների գծով թափուր տեղերն են, որպիսիք ունեցողները հենց Լեւոն տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին հեռացան Հայաստանից:

Խիստ վերապահումներով պետք է մոտենալ նաեւ այն պնդմանը, թե ստվերային տնտեսության դեմ պայքարելով եւ հարկային կարգապահությունը բարձրացնելով «խիստ կասկածելի է թվում» բյուջեն զգալիորեն ավելացնելը: Ներկայումս ստվերային տնտեսությունը, փորձագիտական գնահատականներով, 45-50 տոկոսի սահմաններում է: Դա նշանակում է, որ պետական բյուջեն առնվազն կարելի է կրկնակի ավելացնել եւ մեկ մլրդ դոլար հարկային մուտքերի փոխարեն ունենալ երկու միլիարդ դոլար: Լեւոն Տեր-Պետրոսյանի այս վերապահումը հավանաբար մեր հարկայինների եւ մաքսայինների սրտով է, բայց ոչ երբեք իրատեսական, քանզի բյուջեի մուտքերի կրկնակի ավելացումը միանգամայն կարելի է համարել զգալի ավելացում:

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի բոլոր մանրամասներին հնարավոր չէ անդրադառնալ, բայց վստահաբար կարելի է պնդել, որ նրա կողմից Հայաստանի տնտեսական զարգացման անհնարինությունը Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությամբ պայմանավորելը զուրկ էր իրատեսությունից: Հայաստանի տնտեսական զարգացման մռայլ կանխատեսումները, որոնք նաեւ շնորհիվ նրա հրաժարականի չիրականացան, ցույց են տալիս, որ առաջին նախագահը կա՛մ բարձրակարգ քաղաքական գործիչ չէր եւ կամ, որն ավելի հավանական է, այդ բոլոր պնդումներն առաջ էր քաշում հռետորական, հակաճառության նպատակներով: Կամ էլ նա որպես երկրի նախագահ պատշաճ չէր կատարում իր պարտականությունները Հայաստանը տնտեսական ծանր վիճակից դուրս բերելու համար եւ փորձում էր դրա համար այլ արդարացումներ գտնել ու զոհել Լեռնային Ղարաբաղը: Բարեբախտաբար, դա նույնպես տեղի չունեցավ:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4