Շվեդիայի Լանդսկրոնա քաղաքում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են 3 մարզուհիներ եւ 5 պատանիներ:
Մեր պատվիրակներից առաջինը մրցահարթակ դուրս եկավ մինչեւ 44 կգ քաշային Քրիստինե Պետրոսյանը: 14-ամյա մարզուհին վստահ հանդես եկավ: Երկամարտի 118 կգ (53+65) արդյունքով Քրիստինեն 7 մասնակիցների մեջ գրավեց 2-րդ տեղն ու արժանացավ արծաթե մեդալի: Ընդ որում պոկում վարժությունում Քրիստինեի արդյունքը լավագույնն էր: Հայ ծանրորդուհին երկամարտում ընդամենը 4 կգ զիջեց չեմպիոնուհու կոչումը նվաճած ռուսաստանցի Եկատերինա Մատվեեւային: Բրոնզե մրցանակակիր դարձավ լատվիացի Եկատերինա Զերկալովան` 115 կգ (50+65):
Հաջող էր նաեւ մինչեւ 56 կգ քաշային կարգում Ռուբիկ Մամոյանի ելույթը: Նա եւս արժանացավ արծաթե մեդալի` երկամարտում ցույց տալով 219 կգ (100+119) արդյունք: Նշենք, որ նա անցյալ տարվա Եվրոպայի առաջնությունում բրոնզե մրցանակակիր էր դարձել մինչեւ 50 կգ քաշային կարգում: Իսկ մինչեւ 56 կգ քաշային կարգում չեմպիոնի տիտղոսին արժանացավ ռումինացի Անտոնիու Բուչին` 254 կգ (113+141): Երրորդ տեղը 209 կգ (90+119) արդյունքով զբաղեցրեց լեհ ծանրորդ Միխայ Մարզակը: Հունաստանը ներկայացնող Արմեն Առաքելյանը 202 կգ (90+112) արդյունքով 17 մասնակիցների մեջ 7-րդն էր:
Վերը նշված հայ ծանրորդների հաջող մրցելույթների ֆոնի վրա չափազանց անհաջող էր Զորիկ Պողոսյանի ելույթը: Մինչեւ 50 կգ քաշային կարգում նա պոկում վարժությունում իրեն ենթարկելով 95 կգ-անոց ծանրաձողը, հրումում չկարողացավ բարձրացնել պատվիրած նախնական քաշը եւ զրո ստանալով, դուրս մնաց մեդալների համար մղվող պայքարից: Իսկ չեմպիոնի կոչման համար մրցավեճը ծավալվեց մակեդոնացի Յուրի Դուդոգլոյի եւ ռումինացի Մարտին Ռազվանի միջեւ: Նրանք երկուսն էլ ցույց տվեցին միեւնույն արդյունքը (202 կգ): Ոսկե մեդալի բախտը վճռեց նրանց անձնական քաշը: Մակեդոնացի ծանրորդը 200 գ ավելի թեթեւ էր մրցակցից, որն էլ հռչակվեց չեմպիոն: Բրոնզե մեդալակիր դարձավ բուլղարացի Եվգենի Կարաուլանովը` 190 կգ (83+107):