«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#139, 2006-07-26 | #140, 2006-07-27 | #141, 2006-07-28


ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ` ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

Արցախյան պատերազմի վետերաններ, «Արցախ» գնդի հրամանատար Միքայել Ապրեսյանը եւ արցախյան պատերազմի վետերանների «Երկրապահ» միության նախագահ Արկադի Կարապետյանը երեկ «Փաստարկ» ակումբում տեսակետ են հայտնել ղարաբաղյան կարգավորման գործընթացի ներկա փուլի վերաբերյալ:

Հայտարարությամբ նրանք դիմում են հանրությանը, բոլոր դեսպաններին, իսկ մինչեւ բուն տեքստը ներկայացնելը, բովանդակությունը ձեւակերպեցին այսպես. «Հայրենիքի ազատագրված տարածքների մասին բազմիցս հայտարարել ենք` մենք հայրենիք չենք զիջելու»:

Հայտարարության մեջ ձեւակերպումներ կան, որ Մեթյու Բրայզայի բացահայտող հայտարարությունը եւ արտգործնախարար Վ. Օսկանյանի եւ այլ պաշտոնյաների այդ առթիվ արած հայտարարությունները ցույց են տալիս, թե ի՞նչ ուղղությամբ են գնում գաղտնիության պարագայում վերջին մի քանի տարում վարվող բանակցությունները: Խոսելով Սեւրի պայմանագրի շրջանակներում հարցի լուծմանը նպաստելու անհրաժեշտության մասին` հայտարարության հեղինակները եզրակացնում են, որ ներկայիս իշխանության կարծիքը ղարաբաղյան հարցի շուրջը չի համապատասխանում հայ ժողովրդի կարծիքին:

Ընթերցվեց նաեւ մի պահանջագիր, որը հեղինակները 10 օր առաջ ուղղել են նախագահ Ռոբերտ Քոչարյանին` նրանից պահանջելով արցախյան ազատամարտի վետերանների կարգավիճակի ճշտում եւ նրանց սոցիալական ծանր վիճակի բարելավում: Նախագահի աշխատակազմից առայժմ որեւէ արձագանք չի եղել: Պահանջագրում պատմվում է, որ ազատամարտի մասնակիցները մոռացության են մատնված, նրանց ընտանիքների ճնշող մեծամասնությունը աղքատության ճիրաններում է եւ պետական հոգածության նշույլն անգամ չի զգում: Պահանջագրի 9 կետերից բանախոսները առավել կարեւորեցին արցախյան ազատամարտի մասնակցի կարգավիճակի ընդունումը. «Գոյություն ունի Հայրենական պատերազմի մասնակցի, արտասահմանյան լեգեոնի վետերանների կարգավիճակ, Եթովպիայի քաղաքացիական պատերազմի վետերանի կարգավիճակ եւս կա, մենք Թաիթի՞ ենք, ի՞նչ է: Ղարաբաղի անկախությունը չեն ընդունում, ուր մնաց ընդունեն, որ պատերազմ եղել է», այսպես էր հայտնում իր դժգոհությունը Միքայել Ապրեսյանը, իսկ Արկադի Կարապետյանն ավելի պատկերավոր արտահայտվեց. «Շատ տարօրինակ է` ազգը պատերազմել է, բայց պատերազմողը չկա, անհեթեթություն է»: Մինչդեռ հիմա շքանշան տալիս են նաեւ նրանց, ովքեր չեն մասնակցել պատերազմին:

Միքայել Ապրեսյանը բերեց «Ազատագրում» հնչեղ անունով մի գրքի հեղինակի` Հացիկ գյուղի ջոկատում աման լվացող Մարտին Բաղդասարյանի օրինակը, որը դիրքերում չլինելով գրել է կռիվների մասին. սա որպես օրինակ` արցախյան ազատամարտի իսկական դերակատարներին մոռացության մատնելու, իրողությունները խեղաթյուրելու եւ այլ անհեթեթությունների շարքում:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4