Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը ժամանակի խնդիր է, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի գնահատմամբ, իսկ ժամանակն էլ անհրաժեշտ է հայկական կողմին բացատրել-հասկացնելու տարածաշրջանում ստեղծված իրավիճակը. «Եթե Հայաստանում մտածում են, որ կարող են գրավյալ տարածքները իրենց ազդեցության ներքո պահել, ապա, կարծում եմ, դա նրանց համար հավասարազոր է ինքնասպանության»: Մամեդյարովն այս հարցում համակարծություն է վերագրում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, որոնց աշխատանքից գոհ է. «Այն հիմնադրույթները, որոնք քննարկել ենք վերջին բանակցություններում, մեզ հարմար են հիմնախնդրի փուլային լուծման համատեքստումՙ միջազգային իրավունքի եւ նորմերի հիմքով»: Ադրբեջանի արտգործնախարարի կարեւորածն այդ համատեքստում ժողովրդի ինքնորոշման իրավունքով տարածքային ամբողջականությունը չխախտելն է, իսկ հանրաքվենՙ հասարակական հարցման խնդիր. «Խոսքն ավելի շուտ հասարակական կարծիքի հարցման մասին է: Այդ պատճառով էլ առաջին հերթին անհրաժեշտ է հստակեցնել, որ կամքի հայտնումը հնարավոր կլինի միայն երկուՙ ադրբեջանական եւ հայկական համայնքների կյանքի նորմալացումից հետո հենց Ղարաբաղում, այսինքն տեղահանված ադրբեջանցիների վերադարձից հետո»:
Էլմար Մամեդյարովը, բնականաբար, խոսք չի արտաբերել խորհրդային Ադրբեջանից եւ Նախիջեւանից տեղահանված հայերի փոխհատուցման մասին: Ի դեպ վերջիններս օրեր առաջ Իլհամ Ալիեւին նամակով հայտնել են սեփական նկատառումներն ու փոխհատուցման անհրաժեշտությունն ընդգծել: ՀՀ նախագահին էլ նույն կերպ տեղեկացրել, որ մասնակի փոխհատուցման եղանակն իրենք տեսնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիության եւ նույն տարածքում սեփականության իրավունքի առկայությամբ:
Ադրբեջանի արտգործնախարարը, սակայն, խնդիրն այլ լույսով է տեսնում եւ համոզված է, որ հանրաքվեիՙ իր կարծիքով հասարակական հարցման ներառելիք հարցերը դեռ քննարկման առարկա են. «Եթե առաջարկվի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ առնող որեւէ հարց, ապա այն կլուծվի միայն Ադրբեջանի սահմանադրության հիման վրա»:Սրանից կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանը շարունակում է «հասարակական հարցման» անցկացումը հնարավոր համարել իր երկրի եւ ոչ Լեռնային Ղարաբաղի բնակչության շրջանում:
Էլմար Մամեդյարովը Day.AZ-ին տված հարցազրույցում հայտարարում է նաեւ. «Անհրաժեշտ է անցնել ատելության այն սահմանը, որ գոյություն ունի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ որոշ հարցերում: Եվ հետո, հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անքակտելի մասն է, խնդիր չեմ տեսնում երկրի ներկայացուցիչների այցերում այդ տարածաշջան»: Սա էլ նախարարի վերաբերմունքն է վերջերս ադրբեջանցի լրագրողների Երեւան այցի առնչությամբ: Ի դեպ, այս հայտարարությունն արդեն իսկ բացատրում է Երեւանում ադրբեջանցի լրագրողների համարձակորեն հնչեցրած վստահեցումները, թե հարազատ իշխանություններից որեւէ ճնշում ակնկալել չեն կարողՙ նախադեպ չի եղել: Ատելության հաղթահարման անհրաժեշտությունից լիովին դուրս են, եթե ոչ հակառակ ռազմական ուղիով ղարաբաղյան խնդրի լուծման Ադրբեջանի կողմից շարունակաբար հնչող կարծիք-կոչերը, որոնցից հերթականը երեկ, «Թրենդ» գործակալության տեղեկացմամբ, հեղինակել է կառավարող «Ենի Ազարբայջան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, պատգամավոր, քաղաքագետ Այդին Միրզազադեն:
«Լսելով նախարարինՙ այնպիսի տպավորություն ես ստանում, թե մարդը խոսում է մի գործընթացի մասին, որը ոչ մի առնչություն չունի իր հետ: Կարծում եմՙ ադրբեջանական կողմը դեռեւս տառապում է իր իսկ ստեղծած միֆերից, որոնց բացի իրենից ոչ ոք ոչ միայն չի հավատում, այլեւ լուրջ չի վերաբերվում: Որքան շուտ նրանք ձերբազատվեն նման պատրանքներից, այնքան ավելի շուտ հնարավոր կլինի տարածաշրջանում հաստատել կայունություն եւ փոխվստահության մթնոլորտ», այսպիսին է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի անդրադարձը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հարցազրույցին:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ