Ասում է ՀՀՇ-ն
«Երեկ Հայոց համազգային շարժումը հայտարարություն է հրապարակել ղարաբաղյան կարգավորման հարցի կապակցությամբ իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ: Ամբողջ իմաստն այն է, որ ղարաբաղյան հիմնախնդրում միակ ճշմարիտ դիրքորոշումը եղել է Հայոց համազգային շարժմանը:
«Մինսկի խմբի համանախագահների կողմից ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակային փաստաթղթի գաղտնազերծումը արձանագրեց Ալիեւներ-Քոչարյան 8 տարի շարունակվող եւ սեփական ժողովուրդներին մոլորության մատնող գործունեության ավարտը: Գաղտնազերծումը վերջնականապես ապացուցեց, որ դեռեւս 1997 թվականին առաջարկված փուլային տարբերակն այլընտրանք չունի», այսպիսի տողերով է սկսվում հայտարարությունը: Ըստ հայտարարության հեղինակների ղարաբաղյան հարցում իշխանությունների խուսափողական, ոչ հստակ դիրքորոշումն է պատճառը, որ Հայաստանը դուրս է մնացել տարածաշրջանային տնտեսական ու քաղաքական ծրագրերից, իզուր վատնվել են անցած 8 տարիները:
«Հաշվի առնելով տարածաշրջանում ընթացող թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական գործընթացները եւ հեռանկարներըՙ Հայոց համազգային շարժումը գտնում է, որ ե՛ւ Հայաստանը ե՛ւ Լեռնային Ղարաբաղը պարտավոր են ընդառաջ գնալ եռանախագահության առաջարկներին, քանի որ այս հարցի արժանապատիվ եւ ժամանակին լուծումը միայն կարող է հանդիսանալ Արցախի ժողովրդի անվտանգության եւ սեփական ապագան ինքնուրույն տնօրինելու երաշխիք»ՙ հայտարարության ավարտը:
Կ. Դ.