Լիբանանում որպես կամավոր աշխատող կիպրոսցի բժիշկներն ստիպված են ապաստան գտնել ածխափոսերում, հաղորդում է Նիկոսիայում «Ազգի» հատուկ թղթակից Ջորջ Տեր-Բարթողը:
Աջակողմյան «Ժողովրդավարական միավորում» կուսակցության շարքերից խորհրդարանի անդամ եւ Կիպրոս-Հայաստան բարեկամության ասոցիացիայի նախագահ Էլենի Թեոխարուսը, որը ներկայումս ղեկավարում է Լիբանանում գտնվող կիպրոսցի բժիշկների կամավորական խումբը, ուժգին ցնցվել է, երբ ռմբակոծվել է այն հիվանդանոցը, որտեղ աշխատել է: «Այս տարածքում ոչ ոք ապահով չէ», ասել է նա: Բայց նա նաեւ վճռականություն է հայտնել, որ ինքն ու իր գործընկերները մնալու են այնտեղ եւ շարունակելու են իրենց մարդասիրական աշխատանքները հակառակ ամեն տեսակի վտանգների եւ դժվարությունների:
Հունաստանի երկու համալսարաններում դասավանդող դոկտ. Էլենին, որը նաեւ Կիպրոսի խորհրդարանի առողջապահության հանձնախմբի նախագահն է, վտանգներից եւ մարտահրավերներից չի վախենում: Նա հրաշքով է փրկվել ադրբեջանցիների կրակահերթերից Ստեփանակերտում, որտեղ դարձյալ որպես կամավոր գնացել էր ղարաբաղյան պատերազմի թեժ օրերին: Վերհիշելով այդ դեպքերը` նա Ջորջ Տեր-Բարթողին հեռախոսով հաղորդել է, որ իրադրությունը շատ նման է ղարաբաղյան ճգնաժամին, որտեղ մահացածների թիվը մեծ էր, իսկ դեղորայքի քանակը` քիչ:
Նրա ղեկավարած «Աշխարհի բժիշկները» կամավորական խմբից մեկ ուրիշ կիպրոսցիՙ մանկաբույժ Ջորջ Դիմետրիուն նշել է, որ տեղացի շատ բժիշկներ հեռանում են երկրից փրկվելու համար: