«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#139, 2006-07-26 | #140, 2006-07-27 | #141, 2006-07-28


ՆԱՏՕ-Ի, ԹԵ՞ ՄԱԿ-Ի ՈՒԺԵՐ

Լիբանանում անմիջական հրադադար հաստատելու եւ ընդհանրապես ռազմական հակամարտությունը կարգավորելու առաջադրանքով 2 օր առաջ Հռոմում կայացած խորհրդաժողովը, ինչպես գրել էինք, գրեթե արդյունք չտվեց, եթե չհաշվենք մարդասիրական օգնություն ցույց տալու ընդհանուր պատրաստակամությունը, որը դրսեւորվեց բոլոր մասնակիցների մոտ: (Կարիքավորին օգնելը միշտ ավելի հեշտ է, քան կարիքի պատճառը վերացնելը ): Փոխարենը հսկայական նյութ տվեց միջազգային վերլուծաբաններին առավել խորը դիտարկելու խնդրի էությունը եւ շահագրգիռ կողմերի իրական մտադրությունները:

Ժողովից հետո ավելի բացահայտ դարձավ, որ Մ. Նահանգները անվերապահ քաջալերում եւ աջակցում է Իսրայելին նաեւ այս հարցում: Իսրայելը փաստորեն իրականացնում է Իրաքի եւ Աֆղանստանի ճահճուտներում ու ձորերում խրված Վաշինգտոնի` «Մեծ Մերձավոր Արեւելք» ուշացող ծրագիրը: Իրագործում է իր իմացած ձեւով` վայրագությամբ, դաժանությամբ: Մերժելով անմիջական հրադադարի Լիբանանի պահանջը եւ իր մերժումը պատճառաբանելով «տեւական հրադադարի» նպատակահարմարությամբ, Մ. Նահանգների պետքարտուղարը փաստորեն իսրայելական բանակին տվեց այնքան ժամանակ, որքան վերջինիս պետք է նպատակին հասնելու համար:

«Տեւական հրադադարը» Կոնդոլիզա Ռայսի մտքում ենթադրում է երկարատեւ, դժվարին շփումներ դոնոր երկրների ու միջազգային կազմակերպությունների միջեւ, որոնք հավելյալ ժամանակը կտան իսրայելական բանակին` Ցահալին, Լիբանանում հողը նախապատրաստելու «մեծ հունձքի» համար:

Մինչդեռ Հռոմում, ինչպես 3 տարի առաջ իրաքյան ներխուժման նախօրեին, կրկին երեւան եկավ տեսակետների միջեւ խոր անջրպետը եվրոպացիների եւ ամերիկացիների միջեւ: Եվրոպական երկրների ու կառույցների ներկայացուցիչները, գլխավորությամբ ՆԱՏՕ-ի ռազմական բլոկին մաս չկազմող Ֆրանսիայի, ուժգնորեն մերժեցին ամերիկյան` վաղուց նախապատրաստված ծրագիրը ՆԱՏՕ-ի գլխավորությամբ միջազգային ուժերին Հարավային Լիբանան ուղարկելու: Փոխարենը առաջարկվեց հիշյալ տարածքներում տեղակայել ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերին, որոնց քանակն ու ազգային բաղադրությունը պետք է որոշվի Անվտանգության խորհրդում, բոլոր կողմերի` այդ թվում նաեւ Դամասկոսի ու Թեհրանի հետ խորհրդակցելուց հետո: Սա արդեն չափազանց անընդունելի գաղափար էր Իսրայելի համար` ի դեմս Մ. Նահանգների:

Վերջինիս քարոզչական մեքենան թշնամությունների վերսկսումից անմիջապես հետո, արդեն 2 շաբաթ շարունակ տարփողում էր այն տեսակետը, թե Հարավային Լիբանանում ՄԱԿ-ի դիտորդական առաքելությունը (UNIFIL) անուժ է եւ ոչ ազդեցիկ, փորձելով մոռացնել տալ, որ մոտավորապես 50 տարուց ի վեր Լիբանան-Իսրայել սահմանին տեղակայված այդ ուժերի առաքելությունը ընդամենը դիտորդական է, մոնիտորինգային, եւ ոչ խաղաղարար կամ խաղաղապահական:

Ամենայն հավանականությամբ իսրայելցիք նախօրոք տեղյակ էին եվրոպացիների այդ տրամադրություններին: Եվ Հռոմի հանդիպման ճիշտ նախօրեին, նրանք ՄԱԿ-ի դիտորդական առաքելության կայաններից մեկի վրա հաջորդական 8 արկ ուղարկեցին, որոնցից 2-ը խլեց 4 դիտորդի կյանք: (Ճիշտ 10 տարի առաջ, գրեթե նույն հանգամանքներում, սակայն շատ ավելի ողբերգական հետեւանքներով, իսրայելական թնդանոթները ռմբակոծեցին Հարավային Լիբանանի Ղանա բնակավայրում տեղակայված ՄԱԿ-ի կենտրոնակայանը, որտեղ ապաստան էին գտել շուրջ 5000 կանայք ու երեխաներ: Սպանվեց 102, վիրավորվեց 120 մարդ, որոնց մեջ` ՄԱԿ-ի զինվորներ Ֆիջիից): Ճիշտ է, Էհուդ Օլմերտի կառավարությունը դեպքից հետո ներողություն խնդրեց ՄԱԿ-ից կատարվածի համար եւ վստահեցրեց, որ հարվածը դիտավորյալ չէր, սակայն պատգամը հստակ էր` ՄԱԿ-ի առաքելությունները աշխարհի այդ մասում դատապարտված են ձախողության...

Երեկ հետմիջօրեին վերը շարադրվածի մասին լրացուցիչ տեղեկություն ստացվեց Նյու Յորքից, ՄԱԿ-ի կենտրոնակայանից: Անվտանգության խորհրդի անդամները համաձայնվել են ՄԱԿ-ի դիտորդներին սպանելու համար Իսրայելին դատապարտող հայտարարության շուրջ, բացի Մ. Նահանգների ներկայացուցչից: Վերջինս հայտարարության տեքստը համարել է «շատ խիստ ու չափազանցված» եւ խոչընդոտել է դրա ընդունումը:

Այժմ պատրաստվում է հայտարարության նոր տեքստ, շատ ավելի «մեղմ» եւ, կարելի է ենթադրել, «հավասարակշռված»: Ուստի, սպասենք դիվանագիտական այս նոր ճակատամարտի ելքին` ՆԱՏՕ, թե՞ ՄԱԿ: Մինչդեռ Լիբանանը չի կարող սպասել:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4