Էմզար Կվիցիանին չի հայտնաբերվել
Երեկ մշուշով պատված Կոդորի կիրճում իրադարձությունների զարգացումը հանգեց ռազմական գործողությունների, որոնց մասին ինչպես եւ նախօրեին տեղեկությունները շատ չեն: Երեկ առավոտյան վերսկսված գործողությունների արդյունքում վրացական ոստիկանությունը հարակից բնակավայրերը խուզարկել ու մեծ քանակությամբ զենք է բռնագրավել: Էմզար Կվիցիանին իր շուրջ 50 զինակիցների հետ առավոտյան թաքստոցից ուղեւորվել է դեպի Աբխազիայի սահման: «ՌԻԱ Նովոստիի» հաղորդման համաձայն, Վրաստանը Էմզար Կվիցիանիի գտնվելու վայրի մասին տեղեկության համար խոստացել է 58 հազար դոլարՙ 100 հազար լարի: Միաժամանակ վրացական իշխանությունները երեկ ոստիկանական գործողության հիմնական մասն ավարտված են հայտարարել ու տեղեկացրել, որ կիրճի բոլոր բնակավայրերը Վրաստանի ՆԳՆ վերահսկողության ներքո են: Երկրի նախագահի աշխատակազմի ղեկավարի հավաստմամբ նախօրեին Կվիցիանիի կողմնակիցները վնասել են վրացական երկու ուղղաթիռ, մյուս ուղղաթիռներից կրակն ուղղվել է Կվիցիանիի տան վրա, որտեղ, վրացական կողմի պնդմամբ, թաքնված է եղել նա: Ի դեպ աբխազական տեղեկությունների համաձայն, ինչպես հաղորդում է «Վեստին», Կվիցիանին չի եղել փոխհրաձգության գոտում: Ռուսական խաղաղապահների վկայությամբ էլ, որ տվել են «ՆՏՎ» հեռուստաընկերությանը, Կոդորի կիրճից երեկ դուրս են բերվել վիրավորներ եւ զոհվածներ: Նույն աղբյուրը Վրաստանի գործողությունները կիրճում լարվածությունը խթանող է գնահատել:
Ն. Պ.